1eng

 

fb you od

Գյումրիի հայորդյաց տան սաները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմում PDF Print E-mail
News

a1 

2017 թվականի հուլիսի 30-ին եռօրյա այցով Թբիլիսիում հյուրընկալվեցին Գյումրիի Հայորդյաց տան սաները: Այցելության նպատակը հայաստանցի դեռահասներին Թբիլիսիի հայկական հետքի հետ ծանոթացումն էր, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Գյումրիի Հայորդյաց կենտրոնի սաների փոխադարձ շփումը: Ընդամենը երեք տարվա պատմություն ունեցող Գյումրիի Հայորդյաց տունը բացվել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և գործում է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ենթակայությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդի հրավերով, կենտրոնում գործող ութ ստեղծագործական խմբերից Թբիլիսի ժամանելու բախտին արժանացել էր կենտրոնի մանկա-պատանեկան երգչախումբը տնօրեն Աստղիկ Եդիգարյանի, խմբավար Սոնա Զառաֆյանի և դաշնակահարուհի Լուսինե Ղուկասյանի գլխավորությամբ: Դա երգչախմբի առաջին ուղևորությունն էր երկրից դուրս:

Այցելության առաջին իսկ օրը հյուրերը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ստացան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և Թբիլիսիում ուրախ և հագեցած օրեր անցկացնելու բարեմաղթանքը: Ծանոթանալով «Հայարտուն» կենտրոնի աշխատանքներին, Թբիլիսիի և Գյումրիի կենտրոնների ղեկավարներ Աստղիկ Եդիգարյանը և Լևոն Չիդիլյանը միմյանց իրազեկեցին կենտրոնների գործունեության նպատակներին, նախակրթարանների և գեղարվեստական խմբերի առաջընթացին, ծառացած խնդիրներին և առաջարկեցին համագործակցության եզրեր:

Թբիլիսիում հյուրընկալության օրերին Գյումրիի Հայորդյաց տան սաները և նրանց ուղեկցողները, բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին ազգի մեծերի տապանաքարերին, մոմեր վառեցին առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում և եղան Վրաց Ուղղափառ եկեղեցու Սուրբ Երրորդություն, Վրաստանի պատմական մայրաքաղաք Մցխեթայի Ջվարի և Սվետիցխովելի եկեղեցիներում, հիացան Գարի Դավթյան մշակույթի տան խամաճիկներով և տիկին Ժաննա Դավթյանի հյուրընկալությամբ, զբոսնեցին երեկոյան Թբիլիսիի գեղատեսիլ վայրերում:

Ընդամենը մեկ ու կես տարի առաջ ստեղծված, սակայն համահայկական մանկա-պատանեկան երգչախմբային փառատոնին մասնակցած 70 խմբերի շրջանում առաջինը ճանաչված կենտրոնի մանկա-պատանեկան երգչախումբը գեղեցիկ համերգով հանդես եկավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Ներկաները տպավորվեցին գյումրեցի երեխաների պատրաստվածության բարձր մակարդակից, կատարողական վարպետությունից, որը դրսևորվեց համաշխարհային դասականների ստեղծագործությունների և հոգևոր երգերի հնչեղ և զուլալ կատարումներում: Եռօրյա թբիլիսյան շրջագայության վերջին ակկորդ հանդիսացավ արդեն ընկերացած ու բարեկամացած Գյումրիի Հայորդյաց դպրոցի մանկա-պատանեկան և «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբերի միասին «Հայաստան» երգի կատարումը:

Ներկաներին իր օրհնությունը մաղթեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բարձր գնահատելով կենտրոնի երգչախմբի գեղեցիկ համերգը, Սրբազան Հայրը սաների երգեցողությունը անվանեց հարության պատկեր, քանզի նրանց զուլալ երգեցողությունը ապրելու պայքար է, արարելու կոչ: Թեմակալ առաջնորդը որպես Թբիլիսիում անցկացրած երջանիկ և ուրախ օրերի հուշ Հայորդյաց տանը նվիրեց բազմադավան Թբիլիսիի պատկերով գեղեցիկ ժամացույց: Կենտրոնի տնօրեն տիկին Աստղիկ Եդիգարյանը, ուղեկցող ուսուցիչների, ծնողների և սաների անունից խորին շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին և թեմի հոգևոր դասին ու աշխարհիկ աշխատակազմին ջերմ ընդունելության և անմոռանալի օրեր պարգևելու համար:

Հարուստ տպավորություններով, բարձր տրամադրությամբ և նոր ծանոթներից ու մտերիմ ընկերներից բաժանվելու տխրությամբ Գյումրիի Հայորդյաց տան սաները վերադարձան հայրենիք: 

1 2 3 4 

5 6 7 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)