1

Եղիա մարգարեի հիշատակության օր

Եղիա մարգարեի հիշատակության օր

 

Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիա մարգարեի անունը հիշատակում են ավետարանիչները: Թագավորաց գրքում գրված է, թե ինչպես Եղիան, իբրև Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, Տիրոջ տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջև և հայտարարում սպասվող երաշտի մասին:

Կատարվում է Եղիայի մարգարեությունը և երեք տարի անց մարգարեն կրկին ներկայանում է Աքաաբին: Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա դիմելով աստծուն, հորդառատ անձրեւ բերում: Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշարագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն եւ այլն: Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերի շարքում Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող միայն կիրակի օրը:

Նշման ամսաթիվը

18.05.2008
07.06.2009
30.05.2010
19.06.2011
03.06.2012
26.05.2013
15.06.2014
31.05.2015
22.05.2016
11.06.2017
27.05.2018
16.06.2019
07.06.2020
30.05.2021
12.06.2022
04.06.2023
26.05.2024
15.06.2025
31.05.2026
23.05.2027
11.06.2028
27.05.2029
16.06.2030

Սուրբ Խաչի երևան տոն

Սուրբ Խաչի երևան տոն

 

Այս տոնը Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երեւման հիշատակն է: 351 թվականին, ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Խաչի տոնը տոնում է Զատիկից 28 օր հետո: Սբ. Հարության տոնի շարժականության պատճառով Սբ. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը:

Նշման ամսաթիվը

20.04.2008
10.05.2009
02.05.2010
22.05.2011
06.05.2012
28.04.2013
18.05.2014
03.05.2015
24.04.2016
14.05.2017
29.04.2018
19.05.2019
10.05.2020
02.05.2021
15.05.2022
07.05.2023
28.04.2024
18.05.2025
03.05.2026
25.04.2027
14.05.2028
29.04.2029
19.05.2030

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

 

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ):  Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:  

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Մինչ օրս, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը: 

Նշման ամսաթիվը

01.05.2008
21.05.2009
13.05.2010
02.06.2011
17.05.2012
09.05.2013
29.05.2014
14.05.2015
05.05.2016
25.05.2017
10.05.2018
30.05.2019
21.05.2020
13.05.2021
26.05.2022
18.05.2023
09.05.2024
29.05.2025
14.05.2026
06.05.2027
25.05.2028
10.05.2029
30.05.2030

Երկրորդ Ծաղկազարդ

Երկրորդ Ծաղկազարդ

 

Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ եւ ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ:

Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Սբ. Գրիգորը հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք: Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչեւ Համբարձումը: 

 Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ո±վ է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, - կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):

 Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին վերստին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումը եւ մահվանից հետո երկնքում, Աստծո ներկայությամբ երանություն վայելելու հույս պարգեւում:

Նշման ամսաթիվը

04.05.2008
24.05.2009
16.05.2010
05.06.2011
20.05.2012
12.05.2013
01.06.2014
17.05.2015
08.05.2016
28.05.2017
13.05.2018
02.06.2019
24.05.2020
16.05.2021
29.05.2022
21.05.2023
12.05.2024
01.06.2025
17.05.2026
09.05.2027
28.05.2028
13.05.2029
02.06.2030

Հոգեգալուստ (Պենտեկոստե)

Հոգեգալուստ (Պենտեկոստե)

 

Առաքյալների վրա Սբ. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Սբ. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սբ. Հոգին Սբ. Երրորդության երեք անձերից մեկն է, համագո եւ հավասար Հորը եւ Որդուն: Քրիստոս Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սբ. Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սբ. Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):

Սբ. Հոգու գալուստը նկարագրված է Գործք Առաքելոցում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եւ նրանց երեւացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաեւ Միջագետքը, Հրեաստանը եւ Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը: Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը:

Հետեւաբար` այս նշանավոր իրադարձությանն ականատես են եղել նաև հայերը: Հայ Առաքելական Եկեղեցում Հոգեգալստյան շարականներից են «Առաքելոյ աղաւնոյ» (Սբ. Հոգին աղավնու տեսքով իջել է Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ) եւ «Երրորդութիւն անբաժանելի» շարականները, որոնք երգվում են առավոտյան ժամերգության ընթացքում: Իսկ երեկոյան ժամերգությունում կատարվում է անդաստանի արարողություն և ընթերցվում 12-րդ դարի Հայ եկեղեցու հայրերից Ներսես Լամբրոնացու այս առթիվ գրված աղոթքը:

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը:

Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը ևս եկեղեցական որեւէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքն սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տեւում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

Նշման ամսաթիվը

11.05.2008
31.05.2009
23.05.2010
12.06.2011
27.05.2012
19.05.2013
08.06.2014
24.05.2015
15.05.2016
04.06.2017
20.05.2018
09.06.2019
31.05.2020
23.05.2021
05.06.2022
27.05.2023
19.05.2024
08.06.2025
27.05.2026
16.05.2027
04.06.2028
20.05.2029
09.06.2030