1

fb you od

Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գեվորգ Եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ

Tbilisii mughnu  surb gevorg

             Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Ախոսպիրելի փողոցում: Սուրբ Գևորգը դասվում է այն եկեղեցիների շարքին, որոնք Վիրահայոց թեմից բռնագրավվել են դեռ Խորհրդային միության օրոք և առ այսօր չեն վերադարձվել: Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու վիճակն այսօր օրհասական է և գտնվում է փլուզման եզրին:

 Հին Տփղիսում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին հայ հոգևոր և մշակութային խոշոր օջախներից է եղել: Իր անունը նա ստացել է Աշտարակ քաղաքից քիչ հեռու գտնվող նույնանուն գյուղից, որի Հովաննավանք անունով մենաստանից Թբիլիսի էին տեղափոխել Սուրբ Գևորգի մասունքները և արծաթե սրբապատկեր: Ասում են, այդ մասունքները բերվել էին վրացական թագավորներից մեկի ժառանգին բուժելու նպատակով, թեև արքայորդին մահացել էր, երբ դրանք դեռ ճանապարհին էին: Մասունքները փոխադրվել էին նորակառույց եկեղեցի:

Այդ օրերից բուժիչ իրենց հատկությամբ երկուսն էլ մեծ հռչակ էին վայելում հայ-վրացական միջավայրում և պահվում էին երկդռնանի հատուկ տուփի մեջ՝ Մուղնու եկեղեցում: Ինչ վերաբերում է տաճարի հիմնադրման ստույգ տարեթվին, ապա վարկածները բազմաթիվ են: Հետազոտողների մի մասը հիշատակում է 1537 թ. (Պլ. Իոսելիանի), մյուսը՝ 1751 թ., հիմնվելով հետևյալ վկայության վրա. «Իշխան Բեհբութովների պալատին կից կա գմբեթավոր եկեղեցի հանուն սուրբ Գևորգի՝ կոչեցյալը, որ կանգուն է չորս սյան վրա: Բացի մեծ գմբեթից, այս եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված են երեք փոքր գմբեթներ: Այս երեք գմբեթներից մեկը զանգակների համար է, իսկ (մնացած) երկուսը՝ դատարկ են: Սա կառուցված է քաղաքացիներ (մոքալաքներ) Մանդենովի, Բաստամովի և Բաշինջաղյանի ծախքով...» (Մելիքսեթ-բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ., երևան, 1955, էջ 22): Եւ սակայն, եկեղեցու հիմնադրման վերաբերյալ կա նաև վկայություն: Փաստորեն վերոհիշյալ երեք տոհմերը հանդիսացել են 1751 թ. եկեղեցու վերաշինողները, այլ ոչ՝ հիմնադիրները, և Մուղնու Սուրբ Գևորգը կառուցվել է դեռևս 1356 թ.: Համենայն դեպս արդեն հաջորդ՝ 15-րդ դարի ձեռագրերում եկեղեցին հիշատակվում է ինչպես իր, այնպես էլ՝ Կամակատար Սուրբ Աստուածածնի և Գէորգեա զօրավարի անուններով:

1763 թ. Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին հիշատակվում է որպես. «...Հաղբատու վանիցն վիճակք» («Ջամբռ», էջ 49): 1784 թ. եկեղեցին Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի հայոց 7 եկեղեցիներից մեկն էր («Դիվան Հայոց Պատմության. Ղուկաս Կարնեցի», նոր շարք, հ. Ա. Երևան, 1984, էջ 479):

1789 թ. կառուցվում է եկեղեցու զանգակատունը (գուցե զանգակատներից մեկը): Այդ մասին հայտնի էր դարձել 1900 թ. նորոգման ժամանակ. «Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գէորգ եկեղեցու զանգակատան կաթուղիկէն քանդելիս մէջը գտնուած է մի քար հետեւյալ արձանագրութեամբ վրացերէն լեզուով. «Զանգակատունս այս շինեցի ես Տէր Շմաւոնեանց Զուրաբի աղախին և մղդսի Զուրաբի կին, մեղաւոր մղդսի Էսթեր. 1789թ.» («Բիւզանդիոն», 1900, 2 նոյեմբ., №1241, էջ 3):

1795 թ. պարսիկները թալանում են եկեղեցին, բայց շնորհիվ Տեր Գրիգոր ավագ քահանա Տեր-Շմավոնյանի հնարավոր է դառնում պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը:

1852 թ. եկեղեցին անմխիթար վիճակում էր և մոտ 4500 ռուբլի (արծաթ դրամ) էր հարկավոր այն վերականգնելու համար: Աշխատանքներին հետևում է երեցփոխ Գևորգ Մանդինյանցը: Ցավոք, շինարարական աշխատանքների ընթացքի մասին գրավոր տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է միայն, որ 1860 թ. ծրագրվում էր քանդել հյուսիսային կողմում գտնվող իշխանուհի Մարիա Բեգթաբեգյանցի, դերձակ Ցաբոյի, Գիորգի Ամիրաղյանցի, Փողինյանցի և Քալինովի տները և նոր ու առավել ընդարձակ տարածքը հատկացնել եկեղեցուն: Պարսպի շինարարությունը ենթադրում էր 1000 ռուբլու ծախս: Աշխատանքներին հետևում էին իշխան Ղահրամյան Արղությանցը, Եագոր Թամամշյանցը և Նիկոլայ Միրիմանյանցը: Արդեն 1893 թ. նոր և հիմնավոր նորգումներ սկսելու նպատակով Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու ծխականները գումարում են ընդհանուր ժողով: Ժողովին հետևած հետագա գործողությունների մասին փաստացի տեղեկություններ, ցավոք, չունենք:

Նշենք նաև, որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, հատկապես եկեղեցու հյուսիսային կողմում ամփոփված հանգուցյալների թվում են մանկավարժ-խմբագիր Նիկողայոս Խոտովյանը, բարեգործ Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, Եգոր Հովհաննիսյան-Փուրղինյանցը, ինչպես նաև եկեղեցու սպասավորներ:

Խորհրդային տարիներին, ընդհուպ 1980-ական թթ., եկեղեցու շենքը ծառայում էր որպես թանգարանային պահեստ: Ներսի պարունակությունը ու տարիների փոշին այնքան էին քայքայել այն, որ նույնիսկ պահեստի պարունակությունն այլ տեղ փոխադրելուց հետո էլ, եկեղեցու վիճակը չբարելավվեց: Ընդհակառակը՝ առավել վատթարացավ: 1980-ական թթ. որմերում հայտնվեցին վտանգավոր ճաքեր, իսկ 1990 թ.-ին նա որակավորվեց որպես վթարային: Եկեղեցու ներկան օրհասական է: Արհեստականորեն «անձեռնմխելի» դարձած և հետևաբար խնամքից զրկված Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին օրավուր քանդվում է: Խնդրո առարկայով թեմը բազմիցս դիմել է համապատասխան ատյաններ:

 

Նյութը պատրաստված է Ս. Կարապետյանի աշխատության և

Պ. Մուրադյանի «Վրաստանի հայերեն արձանագրությունները»

(1988թ., Երևան) գրքի հիման վրա

Նորաշեն 2007/6 (12), էջ 2-3