1

fb you od

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ PDF Տպել Էլ.փոստ

vanq

             Վանքի տաճարը գտնվում է նախկին՝ Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Քուռ գետի աջ առափնյակին:

Առաջնորդանիստ Վանքի հիմնադրությունն ավանդաբար վերագրվում է Ս. Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանին, սակայն կառուցման տարեթիվ է համարվում 931 թ. :

Հայոց տաճարը ճարտարապետական իր գեղեցկությամբ ու հզորությամբ գերել է ժամանակի մեծերին: Տարբեր ժամանակներում վանք են այցելել ռուսաց կայսր Նիկոլայ Երկրորդը, ու նաև անդրադարձել՝ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը, գիտնական Անտոն Գյուլդենշտեդան, այլք...

Վանքը մի շարք կառույցների ամբողջական համալիր էր՝ երեք գմբեթ, զանգակատուն, աշտարակ, դարպաս, շրջապարիսպ, մատուռ, թանգարան, առաջնորդարան և այլն: Ուներ սակավադեպ և ուշագրավ հորինվածք. «...եռանավ (վեց սյունից), եռասեղան և եռագմբեթ վանքի տաճարը, իբրև ինդօրինակություն Սանահնի վանքի Աստվածածին եկեղեցուն 1211 թ. կցված եռանավ (վեցասյուն) գավիթ-ժամատան» (Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», Երևան, 1979, էջ 178):

Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների: 1480-ի վերանորոգումն այն աստիճան հիմնավոր է եղել, որ հետագայում այդ տարեթիվը մինչև իսկ նկատվել է որպես հիմնադրման թվական. «...շենքը կառուցված է Տփղիսի քաղաքացիների (մոքալաքների)՝ Ավսարքիսովի, Բաստամովի, Նազարբեկովի, Օզաանց և վրացի իշխան Սոլաղովի ծախքով 1480-ին» (Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, Երևան, 1955, էջ 265): Վանքն առավել պարբերական վերանորոգումների է ենթարկվել 18-րդ դարում, Ամենայն հայոց Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի (1715-1725) և վրաց Վախթանգ Զ թագավորի (1719-1724) գահակալության օրոք:

19-րդ դարի ընթացքում Վանքը ոչ միայն ենթարկվում է բազում նորոգությունների, այլև համալրվում նոր կառույցներով՝ շանգարան, դարպաս, առաջնորդարան, որի շինարարության արձանագրությունն ագուցված է զանգակատան պատի մեջ և դեռևս գոյություն ունի:

1893 թ., Միքայել Թամամշյանի նախաձեռնությամբ և բարեգործ Ավետիս Ղուկասյանի ծախսով սկսվում է կառուցվել վանքի կրոնա-պատմական Ղուկասյան թանգարանը: 1902-ին, փետրվարի 21-ին, Վարդանանց տոնի առիթով և ձեռամբ Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսի, հանդիսավոր պայմաններում կատարվում է թանգարանի բացման արարողությունը, սակայն Թբիլիսիի քաղաքային իշխանությունների որոշմամբ թանգարանի շենքը ոչնչացվում է 1939-ին:

1882 թ. վանքը լիովին վերանորոգումների կարիք ուներ: Սակայն այս անգամ նրա 400-ամյա հոբելյանի առիթով հրապարակվում է ոչ թե նորոգելու, այլ հին եկեղեցին իսպառ քանդելու և տեղում բոլորովին նոր եկեղեցի կառուցելու հրավեր («Արձագանք», 1882, N 10): 1884-ի մարտի 4-ին Վանքի ապագա վերաշինության հարցերը քննելու նպատակով հրավիրվում է մասնաժողով, մասնակցությամբ՝ Հովհաննես Չիթախյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Իսահակ Ծովիանյանցի, Հարություն Շամխարյանցի, Գաբրիել Սունդուկյանի և Ալեքսանդր Սունդուկյանցի («Արձագանք», 1884, N 10, էջ 142): Վերաշինությունն ավարտին է հասցվում 1901-ին: Վերաօծման արտոնությունը տրվում է թեմակալ առաջնորդ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցին («Մասիս», 1901, N 52, (29 դեկտ.), էջ 832):

Միջնադարյան Հայաստանի բազմաթիվ այլ վանքերի օրինակով՝ Տփղիսի Վանքն ուներ նաև կալվածքներ: 1816 թ., օրինակ, վանքապատկան էին թվով 23 վարձատու բնակելի շենքեր:

...1920-30-ական թթ. Վանքն անխնամ, բայց շարունակում էր գոյատևել: 1938 թ. Թբիլիսիի քաղաքային խորհրդի որոշմամբ վճռվում է քանդել նաև հայոց նվիրական Վանքը: Ժամանակի մամուլի պնդմամբ՝ դա կատարվում է իբր մինչև իսկ հայերի խնդրանքով. (Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը: Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար» («Խորհրդային Վրաստան» (1938, N 85, 23 սեպտեմբեր):

1937-38 թթ. Վանքի տեղում կառուցվեց այսօր գործող թիվ 104 հայկական դպրոցը: Իսկ վանքն իսպառ վերացավ՝ բացառությամբ զանգակատան՝ որպես լուռ վկա փառավոր ու հզոր Հայոց Վանքի... և մասամբ՝ առաջնորդարանի, որն այսօր պարզապես բնակելի շինություն է:

Առաջնորդանիստ Վանքը հայտնի էր նաև ազգային իր զերեզմանոցով: Այն գոյություն ուներ առնվազն միջնադարից, բայց պատմական ու նվիրական հուշարձանը պահպանելու և այն խնամելու նպատակով բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկվել: Այդ է պատճառը, որ գերեզմանատանը գտնված ու մինչև 1939 թ. պահպանված մեզ հայտնի տապանաքարերը պատկանում են 19-20-րդ դարերին: Վանքի գերեզմանատանն ամփոփված էին հայ նշանավոր մարդկանց աճյունները, այդ թվում՝ թեմակալ առաջնորդներ՝ Տ. Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյան (1812-1880 թթ.), Տ. Խորեն եպիսկոպոս Ստեփանյան (1840-1900 թթ.), Տ. Եսայի արքեպիսկոպոս Աստվածատուրյան, Տ. Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյան (1852-1910 թթ.), գեներալներ Կոմս Լոռու Մելիքյան (1824-1888 թթ., այժմ աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակ), Բահբութ Շելկովնիկյանց (1837-1878 թթ., այժմ աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակ), Թբիլիսիի քաղաքապետներ՝ Ալեքսանդր Մատինյանց (1843-1909 22.), Պողոս Իզմայիլյան (1852-1895 թթ.), պետական խորհրդական Դավիթ Ղորղանյանց (1831-1900 թթ.), դրամատուրգ Գաբրիել Սունդուկյան (1825-1912 թթ., այժմ աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Պանթեոն), «Արձագանք» պարբերականի գլխավոր խմբագիր Աբգար Հովհաննիսյան (1849-1904 թթ.), «Մեղու Հայաստանի» պարբերականի գլխավոր խմբագիր Պետրոս Սիմոնյան (1830-1911 թթ.), մեծահարուստներ՝ Ալեքսանդր Մանթաշյանց (1849-1911 թթ., հուշաքարը տեղակայված է Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցու բակում), Հովսեփ Էյֆենդյանց (1806-1862 թթ.) և այլ երախտավորներ...

 

Նյութը պատրաստված է Ս. Կարապետյանի

«Հայկական եկեղեցիները Վրաստանում»

Անտիպ աշխատության հիման վրա

Նորաշեն 2007/1 (7), էջ 7-8