1

Վիրահայ երիտասարդները մասնակցեցին «Արի տուն» ծրագրին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

ari tun 

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախորդ տարիների նման, մեծ ակտիվությամբ մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2016 թվականի «Արի տուն» ծրագրին: Հունիսի 19-ից առ հուլիսի 30-ը Վիրահայոց թեմի 85 ակտիվ երիտասարդներ (Թբիլիսիից 60, Մառնեուլիի, Բոլնիսի շրջաններից և Բաթումիից 25) ընդգրկվեցին ծրագրի երեք փուլերին:

Ժամանակին և լավ իրականացված նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքի արդյունքում, Վիրահայոց թեմը ներկայացնող խմբերը աչքի ընկան բարձր կարգապահությամբ, ազգագրական մշակույթի, հոգևոր արժեքների իմացությամբ և օրինակելի վարքով: Հատկանշական է, որ մասնակիցների ներգրավումը ծրագրի փուլերին իրականացվում էր թեմի երիտասարդական բաժնի տնօրենի ներկայությամբ և անմիջական վերահսկողությամբ, մասնակիցների և նրանց ծնողների հետ տարած բացատրական աշխատանքով, հանդիպումներով և ժողովներով: Երիտասարդների շրջանում ընկերական մտերմություն ստեղծելու և թիմային մոտեցում առաջացնելու նպատակով մեկնող թիմերի միջև Թբիլիսիում կազմակերպվեց զվարճալի խաղերի մրցույթ:

Վիրահայ 13-18 տարեկան երիտասարդները երկշաբաթյա տևողությամբ հյուրընկալվեցին հայաստանաբնակ ընտանիքներում, այցելեցին Հայաստանի հոգևոր և մշակութային տեսարժան վայրեր, ծանոթացան բազում արժեքներին, Ծաղկաձորում մասնակցեցին ծրագրի ճամբարային փուլին, խարույկին:

«Արի տուն» ծրագրի ղեկավարության կողմից արժևորվեց Վրաստանի հայ երիտասարդների կազմակերպվածությունը և ակտիվությունը: Ի պատասխան օրինակելի կարգապահության, տուն վերադարձի ճանապարհին երիտասարդների խմբերը այցելում էին Մակարավանք և Օձունի տաճար:

Մայր հայրենիքի կողմից սփյուռքահայ երիտասարդների նկատմամբ դրսևորված սերն ու ջերմությունը, ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մերձեցումը ազգային մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, նոր ընկերներն ու հաստատված մտերմական հարաբերությունները հայրենասիրության և ազգասիրության նոր լիցք առաջացրեցին երիտասարդների հոգում:

Վիրահայ երիտասարդները «Արի տուն» ծրագրից վերադարձան իրենց հետ բերելով ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած ուրախ օրերից:

13509631 13669732 13686514 13843518 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)