1

Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունը Հայաստանի և Արցախի սրբավայրեր PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

arcakh 

2016 թվականի հոկտեմբերի 20-23-ը Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվեց Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունը Հայաստանի և Արցախի սրբավայրեր: Վրաստանի տարբեր շրջանների 20 հայ երիտասարդներ, երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ և Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում աղոթք բարձրացնելուց հետո ուղևորվեց դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝Արցախի պատմական և հոգևոր վայրերին ծանոթանալու, ինչպես նաև ընկերական կապեր հաստատելու և համատեղ ծրագրեր մշակելու նպատակով:

Ուխտագնացությունը մեկնարկեց Եղեգնաձորի Նորավանք այցելությամբ, որից հետո երիտասարդները երթևեկեցին աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղով և իրենց աղոթքն առ Աստված բարձրացրին Տաթևի վանական համալիրում:

Ուխտագնացության օրերին հայ երիտասարդները եղան Շուշիի մայր տաճար՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցիներում, գորգերի թանգարանում, Մարտունու շրջանի Ամարաս վանքային համալիրում, պատմական Տիգրանակերտում և պեղումների թանգարանում, Գորիսում, Գանձասարի վանական համալիրում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Դադիվանքում: Երիտասարդ ուխտավորները Ստեփանակերտում այցելեցին «Մենք ենք մեր սարերը» հուշակոթող և ծաղիկներ խոնարհեցին Արցախի հերոս ազատամարտիկների հուշահամալիրին:

Հեռավոր Թբիլիսիից ժամանած երիտասարդների պատվիրակությանը Ստեփանակերտում, ընդունեց ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարը ողջունելով երիտասարդներին, արժևորեց «Ճանաչողական և համագործակցության այց Հայաստան և Արցախ» ծրագիրը և նշեց գոյություն ունեցող սերտ կապերը առավել խորացնելու և ամրապնդելու անհրաժեշտության մասին:

Հանդիպման ընթացքում եղան համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ, ինչը երկուստեք ընդունվեց պատրաստակամությամբ: Մշակույթի նախարարության կողմից կազմակերպվեց ընթրիք՝ տեղի և Վրաստանից ժամանած երիտասարդներին միմյանց ծանոթացնելու նպատակով:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը և թեմի երիտասարդական բաժինը խորին շնորհակալությունն են հայտնում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությանը՝ օժանդակության և աջակցության, ինչպես նաև «Ճանաչողական և համագործակցության այց Հայաստան և Արցախ» ծրագիրը նման բարձր մակարդակով կազմակերպելու և վիրահայ երիտասարդներին Հայաստանի և Արցախի եկեղեցիներ ուխտի հնարավորություն ընձեռելու կապակցությամբ:

Արցախի ստեղծարար ժողովրդի հերոսական կամքով ոգեշնչված վիրահայ երիտասարդները վերադարձան Թբիլիսի՝ իրենց հետ բերելով նորանոր ընկերների բարեմաղթանքներն ու վերստին հանդիպելու սպասումը... 

DSC08060 DSC08134 DSC08158 DSC08204 

DSC08214 DSC08267 DSC08272 DSC08273 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)