1

Սուրբ Զատիկը Նինոծմինդայի շրջանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Սուրբ Զատիկը  քրիստոնեական աշխարհի սպասված և սիրված տոներից մեկն է: Հավատացյալները այն տոնում են  կրոնական ծիսակատարություններով և ժողովրդական ավանդույթներով:
Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային կենտրոնի սաները ուսուցիչների գլխավորությամբ անձամբ ներկեցին, նկարազարդեցին զատկական հավկիթները, պատրաստվեցին Սուրբ Հարության տոնը առանձնահատուկ նշելուն:  
2018 թվականի ապրիլի 1-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեղական իշխանության ղեկավարների մասնակցությամբ, կենտրոնի սաների և ուսուցիչների ներկայությամբ և  հավատացյալների հոծ բազմությամբ տեղի ունեցավ Սրբալույս Պատարագ, որը մատուցեց շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ  Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:1 1
Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան ընթերցեց Հայոց հովվապետի զատկական պատգամը, այնուհետև հավուր պատշաճի քարոզ խոսեց  Տեր Հիսուս Քրիստոսի  հրաշափառ հարության տոնի  մասին, շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ և օրհնեց կարմիր ներկած ու նախշազարդ հավկիթները, որոնք  Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաները բաժանեցին ներկաներին:
 Եկեղեցում ծովացած մարդկանց դեմքերին Փրկչի Հարության խանդավառ Լույսն էր, որ ճառագում էր՝ չարի նկատմամբ բարու, մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի բերկրանքից:
Հավատացյալները ողջունում էին  իրար Հարության անմահ Ավետիսով. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի հուզառատ երգեցողությունը թափանցում էր մարդկանց հոգիները՝ որպես առհավատչյա քրիստոնեական հավատքի հավերժության և անմահության գեղեցիկ վկայություն:
1 2Այնուհետև եկեղեցու խաչի քավորի կողմից ժողովրդին բաժանվեց օրհնված մատաղ:
Զատկական տոնի ժողովրդականության  դրսևորում դարձավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի նախաձեռնությամբ Սաթխա գյուղում կազմակերպված տոնախմբությունը, որին մասնակցեցին Թբիլիսիից ժամանած պաշտոնյաներ, տարածաշրջանի տարբեր շրջանների ղեկավար դեմքեր և հարյուրավոր հավատացյալներ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ տեղի Ներսես Մեծ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությունից հետո Թեմակալ առաջնորդը օրհնեց  տոնական սեղանը և ներկաներին շնորհավորեց  Զատկական տոնի  կապակցությամբ: Տոնահանդեսը  շարունակվեց մինչև ուշ երեկո: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)