Материалы

Բարեխոսական աղոթք Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

2024 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակի օրը, Վիրահայոց թեմում տեղի ունեցան միջոցառումներ, որոնք արտահայտվեցին ի խորոց սրտի՝  արդարության պահանջով:   
Ապրիլի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ, կատարվեց բարեխոսական կարգ, ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

 Բարեխոսական աղոթքին  ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Աշոտ Սմբատյանը, դեսպանության դիվանագետներ, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ և   գործիչներ, տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականներ:

 Թեմակալ առաջնորդը  հավուր պատշաճի խոսք ասաց  օրվա խորհրդի մասին: Անդրադարձ կատարելով հայ ժողովրդի պատմության էջերին, որ մատենագրվել են  հանուն հավատքի ու  հայրենիքի պայքարի հրով ու սրով, Սրբազան հայրը  հայցեց  Հայոց ցեղասպանության  միլիոն ու կես  սուրբ նահատակների բարեխոսությունը հայ ժողովրդի փրկության, հայրենիքն  ու նրա սահմանները պաշտպանող հայ զինվորի համար:

Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը  ընդգծեց  մայր հայրենիքի  օրհասական ներկան և հայ մարդու՝ մայր հայրենիքը պահելու, նրա պետականությունը անսասան դարձնելու, իր ճակատագրի ողբերգական էջերը հարգելու անկոտրում կամքը, հորդորեց  ներկաներին աղոթել ժողովրդի փրկության, մայր հայրենիքը դաժան և ոխերիմ թշնամու ոտնձգություններից ու հոխորտումներից զերծ պահելու  աղերսով:

Ներկաները աղոթքով ու մոմավառությամբ, հոգեհանգստով արտահայտեցին իրենց խոնարհումը  Սուրբ նահատակների հիշատակին:

Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են