1

fb you od

Երգի տոն Գուսան Հավասու ծննդավայրում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

2017 թվականի սեպտեմբերի 3-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված տեղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը: Ավանդական տոնն իրականացվեց Ծալկայի շրջանային մունիցիպալիտետի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

1991 թվականից մեկնարկած և ավանդաբար ամեն տարի սեպտեմբերին նշվող ՀՀ ժողովրդական արտիստ գուսան Հավասու երգի տոնը վաղուց դադարել է մեկ համայնքի պատկանելուց: Այն դարձել է տարածաշրջանային մասշտաբի տոնահանդես, որին իրենց մասնակցություն են բերում երկրի իշխանությունների ներկայացուցիչներ, շրջանային բարձրպաշտոնյաներ, հյուրեր Թբիլիսիից և Երևանից,Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից:

Միջոցառումը մեկնարկեց ծննդով ղզլքիլիսացի, այժմ մոսկվայաբնակ Էդգար Արամյանի բարերարությամբ Գուսան Հավասու կիսանդրու և աշուղի անունը կրող պուրակի հանդիսավոր բացմամբ: Կիսանդրու ժապավենը կտրելու պատիվն ունեցան Ծալկայի շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կախաբեր Օքրիաշվիլին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը և բարերար Էդգար Արամյանը:

Գուսան Հավասու հուշարձանի մոտ Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքները,կարևորելով Հավասու տոնի նշանակությունը տարբեր ազգերի միջև բարեկամության խորացման և տարբեր մշակույթների մերձեցման գործում: Այնուհետև Հայր Սուրբի նախագահությամբ և Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի ու Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի մասնակցությամբ կատարվեց հոգեհագտյան պաշտոն:

Ներկա հասարակությանը ողջունեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը և Ծալկայի շրջանային վարչության նախագահ Իլիա Սաբաձեն, արժևորելով այն հող ու ջրի ժողովրդին, որը երգարվեստին տվել է գուսան Հավասի մեծավարպետին և նրա մահից հետո էլ մեծարում և սերունդներին է փոխանցում նրա արվեստը, նրա նկատմամբ տածած մեծ սերն ու հպարտությունը:

«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, անդրադարձ կատարելով Ջավախքում գուսանական արվեստի զարգացման ուղուն, ի մասնավորի խոսեցին Գուսան Հավասու՝ որպես աշուղական երգի տաղանդավոր ներկայացուցչի, նրա երգերի թեմատիկայի բազմազանության և գեղարվեստական բարձր արժանիքների մասին:

Գուսան Հավասու երգարվեստը, որ հագեցած է լեռնաշխարհի բնության վեհությամբ, նազանքով և յայլա գնացող կանանց ու աղջիկների գեղեցկությամբ, դաշտերում ու լեռներում ջանասիրաբար աշխատող մարդկանց նվիրվածությամբ, ներկայացրեցին մենակատարներ Մասիս Հունանյանը, Էդուարդ Թամարյանը, Հայաստան Իսպիրյանը, Աիդա Բազոյանը, իսկ Լիզա Թորոսյանն ասմունքեց տատի՝ վաղամեռիկ Անահիտ Բոստանջյանի անմահ գուսանին նվիրած բանաստեղծությունը:

Ու տարածվեց ուրախ երգն ու պարը Այազմա գյուղի վրա: Դաշտահանդեսին մասնակցեցին Ծալկայի մունիցիպալիտետի չոնգուրահարների համույթը, Նարդևան գյուղի «Լուսաղբյուր», Ղզլքիլիսա գյուղի «Կարմրավանք»,Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթները, դհոլի և դուդուկի խմբակները:

Հավարտ տոնահանդեսի անմահ աշուղի անունը կրող նորաբաց պուրակում կայացավ հայկական «Քոչարիի» վարպետաց դաս: Ավանդական շուրջպարին ընդգրկվեցին միջոցառման մասնակիցները՝ մեծից-փոքր:

Միջոցառումն ավարտվեց Ծալկայի շրջանային մունիցիպալիտետի և բարերար Էդգար Արամյանի կազմակերպած հյուրասիրությամբ:

1 2 3 4

5 6 7

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)