1

fb you od

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների ուխտագնացությունը Լոռիի հայկական միջնադարյան մենաստաններ PDF Տպել Էլ.փոստ
Երեքշաբթի, 18 Հունիս 2013 15:12

 

 

SN

2013 թվականի հունիսի 15-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Հայաստանի Հանրապետության Լոռի մարզում գտնվող հայկական միջնադարյան մենաստաններ: Վաղ առավոտյան ուխտավորներին դիմավորեց և Սուրբ Էջմիածին եկեղեցում

նրանց հետ միասին աղոթք արեց ու օրհնության խոսք ասաց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ուխտավորներին, որոնց շրջանում էին շուրջ յոթ տասնյակ տարբեր տարիքի և ազգության մարդիկ, ուղեկցում էին «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը և «Հայարտուն» կենտրոնի տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանը:

Ուխտավորներն այցելեցին Ախթալայի X դարի կառույց «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, Հաղպատավանք (X դար) և Սանահին (X դար) տաճարները, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո, ինչպես նաև Օձուն մենաստանը (սկզբնական կառույցը պատկանում է VI դարին, ներկայիս եկեղեցին VIII դարի կառույց է):

Ախթալայի մենաստանում ուխտավորներին դիմավորեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն Գազարյանը և Ախտալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը: Հայր Վիգենը փոխանցեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարքի Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությունը, ինքը նույնպես օրհնեց ուխտավորներին և նրանց հետ միասին աղոթք բարձրացրեց առ Աստված, որից հետո պատմեց եկեղեցու պատմությունը, ինչպես նաև բացատրեց եկեղեցու պատերը զարդարող բազմաթիվ որմնանկարների նշանակությունը: Ջերմ ընդունելությունից հետո ուխտավորները պարոն Խաչիկյանի ուղեկցությամբ ուղևորվեցին Հաղպատավանք, որտեղ նրանց դիմավորեց տաճարի հոգևոր հովիվ Տեր Ասպետ աբեղա Բալյանը, ով ուխտավորների հետ աղոթք անելուց հետո ներկայացրեց տաճարի հարուստ պատմությունը և նրա որպես համաշխարհային մշակութային ժառանգության մասի նշանակությունը: Հայր Սուրբը ներկայացրեց նաև հազվագյուտ Ամենափրկիչ խաչքարը, որը պահվում է տաճարում: Հաղպատավանքի ստվերում էլ ուխտավորները վայելեցին իրենց հանգիստն ու ճաշը:

Ուխտավորներն իրենց ուխտը շարունակեցին Սանահին վանքում, որը Հաղպատավանք եկեղեցական համալիրի հետ միասին 1996 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո: Սանահինում է գտնվում մանրանկարիչների և գեղանկարիչների հայտնի դպրոցը, որն ուներ գրքերի և ձեռագրերի խոշոր պահոց:

Սանահինից հետո ուխտավորներն ուղվեցին դեպի Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այստեղ ծանոթացան տաճարի բազմադարյա պատմությանը և ճարտարապետությանը, ինչպես նաև տաճարի բակում տեղադրված խաչքարներին: Ուխտավորները ջերմ և մտերմիկ զրույց ունեցան նաև Օձուն գյուղի բնակչության հետ:

Վառ և անջնջելի տպավորություններով, հոգեպես հարստացած և հավատքով լիցքավորված ուխտավորները վերադարձան Թբիլիսի:

PENT5138 PENT5699 PENT5721

PENT5425 PENT5738