1

fb you od

«Հայարտուն» կենտրոնում կայացավ «Վերնատուն» տարեգրքի 9-րդ համարի շնորհանդեսը PDF Տպել Էլ.փոստ
Հինգշաբթի, 11 Հուլիս 2013 12:55

vernatun

Հուլիսի 7-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում, կայացավ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության համանուն տարեգրքի շնորհանդեսը: Վիրահայ ստեղծագործողներին համախմբող այս կառույցը շուրջ տասը տարի առաջ ստեղծել է իր տարեգիրքը, որի շրջանակներում յուրաքանչյուր երկամյակը մեկ, հայերեն, ռուսերեն, այս տարի արդեն նաև վրացերեն, հրապարակվում են միության անդամների և ոչ միայն նրանց, գործերը և թարգմանությունները:

Տարեգրքի թվով 9-րդ համարի տպագրությունը, Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում, հովանավորել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:

Շնորհանդեսին ներկա էին ինչպես «Վերնատուն» միության Թբիլիսյան կազմակերպության, այնպես էլ Ջավախքից՝ Ախալքալաքի շրջանի Մերենիա և Նինոծմինդայի շրջանի Գանձա, Հեշտիա գյուղերից միության անդամները, ավագ, միջին և երիտասարդ սերնդի ստեղծագործողներ, մտավորականության, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Շնորհանդեսը բացեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:Անդրադարձ կատարելով միության ստեղծման ծանր տարիներին և ժամանակի խնդիրներին, նա հիշեց կազմակերպության ակունքների մոտ կանգնած և այժմ կյանքից հեռացած գրչակից ընկերներին, արժևորեց գաղափարակից գրողների մոտեցումը վիրահայոց ստեղծագործական միտքը զարգացնելու, ստեղծագործողներին համախմբելու և նրանց գործունեությունը համակարգելու, կազմակերպությունը նորանոր անդամներով համալրելու, գրականության թարգմանչական թևը զարգացնելու գործին:

Տարեգրքի հրատարակությունը շնորհավորեցին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, բանաստեղծներ Նարինե Սիրականյանը, Գևորգ Հայասան, Հովհաննես Մարիկյանը և ուրիշներ: Բանախոսները կարևորելով տարեգրքի նշանակությունը ստեղծագործողի գործերը ընթերցողներին ներկայացնելու գործում, նկատեցին, որ անհրաժեշտ է ունենալ տարեգրքի գրախոսությունը, որտեղ կտրվի ժողովածուի գնահատականը, ինչպես նաև այն, որ տարեգիրքը պետք է քննարկվի ավելի նեղ շրջանակներում, գրականության ասպարեզի գործիչների, մասնագետների կողմից:

Հավաքվածների վրա վառ տպավորություն գործեց նախկինում »Վերնատան» անդամ, ներկայումս ՀՀ գրողների միության անդամ բանաստեղծ Միքայել Ախտյանի ելույթը: Ողջունելով ներկաներին, վերջինս կոչ արեց գրել շատ, չկտրվել մայր-հայրենիքից և ծնող ժողովրդից: Իր խոսքը պարոն Ախտյանն ավարտեց սեփական բանաստեղծության ընթերցմամբ:

Իր օրհնությունը հղելով հավաքվածներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին շնորհավորեց Հայոց Եկեղեցու օրացույցով Տիրոջ Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց հայ գրողների «Վերնատուն» միության գործունեությունը և «Տարեգրքի» հրատարակությունը: Նա ոգեկոչեց բարձր պահել նախնիների ստեղծած «Վերնատուն» կազմակերպության ավանդույթները, շարունակել զարգացնել հայ գրական միտքը Վրաստանում:

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության գրական քարոզչության և մասսայական միջոցառումների բաժնի ղեկավար Ռոզա Զոհրաբյանի ջանքերով շնորհանդեսի ընթացքում տարեգրքից հատվածներ ընթերցեցին և բանաստեղծություններ արտասանեցին Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի աշակերտներ Անի Աղեկյանը, Վիկտորյա Դանիելյանը, Մերի Խլղաթյանը, Լիզա Թորոսյանը, Արամ Մելիքյանը և ուրիշներ: «Արևիկ» մանկական հիմնադրամի անունից վերնատունցիներին իր բեմադրած պարի կատարմամբ շնորհավորեց Աննա Միքայելյանը:

Միջոցառումը համեմված էր ջութակահարուհի Մարիանա Կիրակոզովայի, դաշնակահարներ Էթերի Ծկիփուրիշվիլու և Կարեն Միրզոյանի, «Վանք» պարային համույթի, (պարուսույց՝ Լիանա Կաշավանիձե), թիվ 104 դպրոցի «Փոքրիկ հայեր» երգչախմբի (խմբավար՝ Մարինա Արշակյան) գեղեցիկ կատարումներով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)