1

fb you od

Մամզարայում օծվեց նորակառույց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ
Կիրակի, 17 Նոյեմբեր 2013 17:44

1

Նոյեմբերի 16-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Մամզարա գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին, մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանի, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Օծման կարգից անմիջապես հետո մատուցվեց Սբ և Անմահ Պատարագ: Պատարագիչը՝ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր:

Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով:

Սբ. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցին կառուցվել և շրջակա տարածքը բարեկարգվել է բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Հակոբ Խաչատրյանի:

Եկեղեցու բարերարը մանկուց ցանկացել է, որ հայրենի Մամզարա գյուղը գործող ու բարեկարգ Եկեղեցի ունենա: Եվ ահա այսօր իրականություն դարձավ նրա վաղեմի երազանքը:

Ջավախքի ընդհանուր փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանը բարձր գնահատեց բարերարին, փոխանցելով նրան օրհնության գիր և Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը»:

«Մամզարեցիներն իրենց մեջ ունենալով Հակոբ Խաչատրյան բարերարը` հիմքը դրեցին այս գեղեցիկ եկեղեցուն : Օրվա խորհուրդը շատ մեծ է, գիտենք ժողովուրդն ինչքան դժվար է ապրում, բայց այս ամեն դժվարությունների մեջ մտածում են նաև հոգևոր կյանքի մասին: Թող այս հոյակերտ Եկեղեցին օրհնաբեր լինի»,- իր խոսքում նշեց Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղը բազմամարդ էր: Սուրբ արարողությանը ներկա էին տեղական իշխանության մարմինները՝ շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը,շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը, Նինոծմինդայի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Հայաստանի ու Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ:

Վիրահայոց թեմի առաջնորդին և Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդին մամզարեցիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով և ավանդական դհոլ զուռնայի հնչյունների ներքո:

Հիրավի ուրախություն էր թևածում Մամազարայում: Վերջապես Մամազարա գյուղն էլ ունեցավ Աստծո տաճար, որի մասին երազել էին մի քանի սերունդ: Նորակառույց եկեղեցում երազել էին մկրտվել գյուղացիները: Ջավախքում իսկապես հոգևոր վերազարթոնք է: Հայրենանվեր ու երախտապարտ բազում ջավախքցիների բարերարությամբ կառուցվում և վերակառուցվում են նորանոր եկեղեցիներ: Սա նաև Սամցխե-Ջավախք տարածաշրջանում հոգևոր ծառայությունը բերող քահանաների քրտնաջան ու սրտացավ աշխատանքի արդյունքն է, գլխավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանի :

Սբ.Մեսրոպ Մաշտոց Եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն և հյուրասիրություն: Նշենք, որ Սբ Մաշտոցի անունը կրող սա միակ եկեղեցին է Ջավախքում:

Հիշեցնեք, որ ամիսներ առաջ Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում հանդիասպետությամբ Վիրահայոց թեմի և Ջավախքի հոգևոր դասի կատարվել էր նոր կառուցվող Սբ. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

 3 2 4  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)