1

fb you od

Տեր Խորեն վրդ. Հովհաննիսյանի քարոզը Խաչվերացի տոնին PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

hayr khorenn

ԵԹԵ ՄԵԿԸ ԿԱՄԵՆՈՒՄ Է ԳԱԼ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ, ԹՈՂ ՈՒՐԱՆԱ ԻՐ ԱՆՁԸ, ԹՈՂ ՎԵՐՑՆԻ ԻՐ ԽԱՉԸ ԵՎ ԳԱ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ (Մարկոս 8:34):

Այսօրվա տոնը, սիրելինե՛ր, երկու իմաստ ունի: Նախ առաջին՝ պատմական իրողություն է՝ ընդունված բոլոր պատմիչների կողմից, մարդկության կողմից, առավել ևս մեր՝ քրիստոնյաներիս կողմից: Իսկ երկրորդը՝ հոգևոր՝ խաչի փրկչական և կենարար զորության խորհուրդն է:

Պարսիկ Խոսրով թագավորը (շատերդ պատմությունը գիտեք) ուզում էր գրավել Երուսաղեմը, և նրան հաջողվում է. 614 թվականին նվաճում է Սուրբ քաղաքը, կոտորում բնակչության մի ստվար հատվածը և մյուս կեսին էլ գերեվարության տանում Պարսկաստան: Պարսիկները իրենց հետ գերության են տանում նաև Տերունական Խաչը: Այս դեպքից հետո ալեկոծվում է քրիստոնյա ողջ աշխարհը: Եվ Հերակլ կայսրը, իր մեջ ուժ գտնելով, հավաքում է իր զորքը և արշավում Պարսկաստան, որպեսզի գերությունից ազատի և Սուրբ քաղաք վերադարձնի Տերունական կենսաբեր Սուրբ Խաչը: Փա՜ռք, բյուր փա՜ռք Երկնավորին: Ի պտիվ մեր հայրերի՝ Սուրբ Խաչն ազատագրելու մեկնած այդ բանակի մասն էր կազմում Մժեժ Գնունի հայ զորավարի զորագունդը: Եվ ի պատիվ մեզ՝ մեր ժողովրդի, մեր հայրերն իրենց մասն ու բաժինն ունեն աստվածահաճո այդ իրադարձության մեջ: Երբ նրանք Տերունի Խաչը ազատագրում են պարսկական լծից, վերադարձին զորքը խաչով հանդերձ անցնում է հայոց Կարին քաղաքով, որտեղ խաչը վեր են հանում՝ ի տես ժողովրդի և ի փառս Աստծո: Ապա Կոստանդնուպոլսի վրայով հասնում է Երուսաղեմ և իր հանգրվանը գտնում Սուրբ Քաղաքում:

Ի՞նչ է խաչը մեզ համար: Խաչը մեր հավատքի, քրիստոնեության կարևորագույն խորհրդանիշն է, սիմվոլը: Ի՞նչ էր խաչը մինչև Քրիստոս, և Ի՞նչ է խաչը Քրիստոսից հետո: Ձեզ հայտնի է, որ խաչը մինչև Քրիստոս հռոմեական ողջ կայսրության տարածքում համարվում էր անարգ մահվան մի գործիք: Ամենադաժան մահապատժի մի ձև էր, որին գամում էին, որի վրա մեխում էին ամենածանր, ամենադաժան հանցանք գործած հանցագործներին: Եվ ահա մեր Տերը հանուն մեր՝ իր բանավոր հոտի նկատմամբ տածած այդ մեծ սիրո, սիրահոժար եկավ, խաչին գամվեց: Բայց, ո՜վ հրաշք, Քրիստոսի խաչելությունից հետո խաչը ամբողջությամբ իմաստափոխվեց: Սա հրաշք է ու պատմական ճշմարտություն: Մինչև Քրիստոս, խաչի վրա անարգաբար մահի էին դատապարտում ամենադաժան հանցագործներին, և խաչի վրա գամվածը երբեմն անգամ մեկ շաբաթ տառապում և արյունաքամ էր լինում: Ահա այս անարգանքի և մահվան գործիքն է, որ Հիսուսով դարձավ փրկության գործիք, ահա այս անարգանքի և

մահվան գործիք խաչափայտն էր, որ Հիսուսով դարձավ բանալի, որով պիտի դրախտի դռները բացվեին:

Կենարար խաչը իր մեջ խտացնում է Տիրոջ տառապանքի, խաչելության և, վերջապես, հրաշափառ հարության պատկերը: Հիսուս ինքը մեզ ուսուցանեց, թե ինչպես պետք է ճշմարիտ քրիստոնյան կրի և զգա Սուրբ խաչը: «Եթե մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից»: Խաչը վերցնել և Քրիստոսին հետևել. զուտ խոսքեր կամ զուտ փիլիսոփայություն չէ, սիրելինե՛ր: Խաչը վերցնել և Քրիստոսին հետևել. դա ապրելաձև է, կենսակերպ է, դա առօրյա է: Քրիստոսին հետևել՝ նշանակում է սեփական եսը ուրանալ և սեփական ունեցվածքից զոհողություն անել: Առանց զոհողության, առանց զոհաբերության, առանց քեզ զրկելու և քեզ նեղություն տալու՝ չկա քրիստոնեություն: Այս մեկը, խնդրում եմ, միշտ հիշեք, առանց զոհողության և առանց զոհաբերության մեկը չի կարող քրիստոնյա անվանել իրեն: Զոհողությունն այն է, երբ հրաժարվում ես քո ունեցվածքից, քեզ համար թանկագին մի բանից, որի կարիքն ունի դիմացինը: Բայց հատկապես, երբ այդ զոհողությունը անում ես Աստծու փառքի համար: Սա է իրական զոհողությունը, սիրելինե՛ր, երբ դիպչում ես քո գրպանին, քո ունեցվածքին՝ հանուն դիմացինի և հանուն երկրավորի փառքի: Մեկ բառով ես սա սեր եմ կոչում, սեր եմ անվանում: Զոհողությունը դիտում եմ իբրև սիրո չափման միավոր: Նրանք, ովքեր շատ են սիրում, շատ էլ զոհաբերում են: Նա, ով սեր չունի, չի հասկանա՝ ինչ է զոհողությունը և զոհաբերությունը: Շատ սիրողը շատ էլ զոհաբերում է, որովհետև սիրում է իր նմանին և անում է՝ հանուն Երկնավորի փառքի: Եվ մենք տալով ոչ թե աղքատանում ենք, այլ տալով հարստանում ենք, և ինչպես ասում է արևմտահայ մեծ բանաստեղծը. «Կյանքեն ինձի ինչ մնաց, ինչ-որ տվի ուրիշին, տարօրինակ այն միայն»: Քրիստոս՝ մեր Տերը, այսպես ապրեց, բոլոր սուրբերը այսպես ապրեցին: Եվ այսօր, սիրելինե՛ր, նույնը մեզնից է ակնկալվում: Եվ այսօր մենք ենք այս աշխարհի մեջ, և Տիրոջ ցանկությունն է՝ ինչպես որ ինքն ապրեց, ինչպես որ իր երանելիներն ապրեցին, ինչպես որ առաքյալներն ապրեցին, նույն հոգով մենք էլ շարունակենք ապրել:

Խաչը սովորական զարդ չէ, սովորական սիմվոլ չէ: Խաչին պետք է մոտենալ ակնածանքով, պատկառանքով, երկյուղով, բարձրագույն հարգանքով: Քանզի մեր Տերը իմ և քո Արարիչը՝ ստեղծիչը ամենայն բարիքի, այդ խաչի վրա մահացավ և մահացավ իմ և քո մեղքերի համար: Այդ պատճառով է, որ խաչին հատուկ երկյուղածությամբ և պատկառանքով պետք է վերաբերվել և ոչ թե սովորական մի զարդի: Պողոս առաքյալը փիլիպեցիներին ուղղված իր նամակում այսպես է խոսում. «Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ:

Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (փիլիպ. 2:5-11):

Մեր Տերը՝ Հիսուս, սիրելինե՛ր, խաչ հանվեց ու մեռավ: Նա իր կյանքը իբրև փրկագին տվեց մեզ համար, իմ և քեզ համար, մինչդեռ նա մեղք չուներ: Հիսուս եկավ, որպեսզի իմ և քո մեղքը քավի և սիրահոժար հանձն առավ խաչի վրա մահանալ: Հիսուսի վարդապետության առանցքը խաչի վրա մահն է և մահով մահից հետո՝ փրկությունը, հարությունը և հավիտենականությունը: Արդյոք այսօր մենք նույն կե՞րպ ենք զգում և ընկալում կենարար Սուրբ Խաչը: Խաչի նկատմամբ իրենց պատկառանքն ու ակնածանքը մեզ ցույց տվեցին Հիսուսի երկու առաքյալները՝ Անդրեաս և Պետրոս առաքյալները, որը շատ ուսուցանելի է, և մենք պետք է օրինակ վերցնենք նրանցից: Փա՜ռք Աստծո, այսօր մեզնից ոչ ոքից չի պահանջվում խաչվել և խաչը բարձրանալ, այսօր մեզնից արյուն չի պահանջվում: Երբ ուզում էին նահատակել Պետրոս առաքյալին, նա իր վերջին փափագն ու ցանկությունը հայտնեց: Այնքան մեծ էր իր հարգանքն ու ակնածանքը Սուրբ խաչի նկատմամբ, որ իր վերջին ցանկությունն էր, որ իրեն գլխիվայր խաչեն, որպեսզի ինքը հանկարծ չհավասարվի Տիրոջը և նույն կերպը չստանա խաչի վրա: Նույնն էր պարագան սուրբ Անդրեաս առաքյալի: Խաչելությունից առաջ խնդրեց, որ իրեն X տառի նման խաչեն, որպեսզի Տիրոջ կերպը հանկարծ չստանա: Սա է ճշմարիտ մոտեցումը Սուրբ Խաչի հանդեպ, այս ակնածանքը, այս գերագույն և անմնացորդ հարգանքը մենք ևս պետք է տածենք Խաչի հանդեպ, սուրբ, կենսատու և կենդանարար Խաչի հանդեպ մեր ամենօրյա կյանքում: Տիրոջ խաչը պատվական է ու փրկարար, քանզի այն նշանն է Աստծու տառապանքի և հաղթանակի: Քրիստոս խաչի վրա մահացավ, բայց այդ մահով երբ հարություն առավ, մահացու հարված հացրեց սատանային: Չարին, որի պատճառով մահը աշխարհ եկավ, սիրելինե՛ր: Քրիստոս իր մահով ետ բերեց անմահությունը աշխարհ, խորտակեց և մահացու հարված հասցրեց չարին և մեզ առիթ տվեց՝ մեկ անգամ ևս արժանի լինելու երկնքի արքայության և հավիտենականության:

Այսօրվա մեր աշխարհում, ցավոք, կենարար խաչը շատերի մոտ կորցրել է իր փրկչական գործիք լինելու իմաստը, և դժբախտաբար մեծավ մասամբ մեծամասնության մոտ աշխարհում այն նկատվում է իբրև զարդ: Խաչը, սիրելինե՛ր, հույս է. երբեք մի՛ վախեցեք ձեր խաչը վերցնել և Հիսուսի հետևից գնալ: Սա է Տիրոջ պատգամը, և երբեք չվարանեք հետևել նրան, որովհետև այն, ինչ այսօր խաչ է ու տառապանք, վաղը կարող է երանություն լինել, այն, ինչ այսօր խաչ է ու տառապանք, վաղը հավիտենականություն կարող է լինել, այն, ինչ այսօր խաչ է ու տառապանք, վաղը հարություն կարող է լինել, սիրելինե՛ր: Հետևաբար, երբեք մի՛ վարանեք ձեր խաչը տանելու և Հիսուսին հետևելու: Իմ աղոթքն ու մաղթանքն է, որ փրկչական ու Տերունի Խաչը հովանի ու պահապան լինի ձեզ, մեր ողջ ժողովրդին և, հատկապես, Հայաստանի ու Արցախի սահմանները պահող

զինվորներին ամրության վահան թող լինի, և ձեր աղոթքների մեջ հիշե՛ք մեր զինվորներին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ Եկեղեցի

Թբիլիսի 11 սեպտեմբեր, 2016թ.

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)