1

fb you od

Վիրահայոց Թեմ

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը անբաժան մասն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, որի կենտրոնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Թեմը ղեկավարվում է Աստվածաշնչի, Հայ Եկեղեցու կանոններով և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինություններով: Թեմի առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ:

Վիրահայոց թեմը ընդգրկում է Վրաստանի տարածքը։ Թեմի առաջնորդանիստը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին է: Վիրահայոց Թեմը համախմբում և գլխավորում է Վրաստանի տարածքում գործող եկեղեցիները, առաջնորդում հայ քրիստոնյա համայնքը, ներկայանում է մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Եկեղեցու ենթակայության ներքո: Վիրահայոց թեմի կազմի մեջ մտնում են Թբիլիսիի, Ջավախքի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գտնվող համայնքները, գործող և չգործող եկեղեցիները: 2013թ. դրությամբ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմն ունի 16 հոգևորականներ, գործող 50 եկեղեցիներ:

2011 թվականի հուլիսին Վրաստանի խորհրդարանն   ընդունեց օրենք, ըստ որի Վրաստանում գործող կրոնական համայնքները կարող են ստանալ կարգավիճակ: Այդ օրենքի հիման վրա, 2012 թվականի մարտի 12-ին, Վիրահայոց թեմը Վրաստանի Արդարադատության նախարարության Հանրային Ռեեստրում գրանցվեց որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ:

Ներկայումս Վիրահայոց թեմը վրաց իշխանություններից պահանջում է վերադարձնել մինչև խորհրդային իշխանության հաստատվելը Վրաստանի տարածքում եղած 442 հայոց եկեղեցիները, որոնք այսօր ավերվել ու փլատակների են վերածվել, որոնց տարածքի վրա այլ օբյեկտներ են կառուցվել, որոնք վրացականացվել են և գործում են որպես Վրաց Ուղղափառ Եկեղեցու տաճարներ: Վիրահայոց թեմը պահանջում է վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Երևանցոց Սուրբ Մինաս, Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցիները, Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցին։ Վրաց իշխանությունները դեռևս չեն ընդառաջել այդ պահանջին, թերևս Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին եկեղեցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Վիրահայոց թեմի ձևավորման պատմական ժամանակաշրջանը

Պատմական աղբյուրների համաձայն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` Վրաստանում որպես առանձին եկեղեցական միավոր, գործել է V դարից: Այս մասին է վկայում X դարի պատմիչ Ուխտանեսը իր «Պատմություն հայոց» պատմագրքի «Հայերից վրացիների բաժանվելու պատմությունը» գլխում, նշելով, որ արդեն V դարում Ցուրտավիում նստում էր հայ եպիսկոպոս: Ուշագրավ է, որ Ցուրտավին թեպետ և Վրաց Եկեղեցուն պատկանող, սակայն հայալեզու թեմ էր, որտեղ V դարից սկսած, Սուրբ Շուշանիկի կարգադրությամբ, եկեղեցական պաշտամունքը կատարվում էր հայերեն:

Հարկ է նշել, որ XI դարի պատմիչ Մատթեոս Ուռհայեցու պատմության համաձայն, վրաց նշանավոր թագավոր Դավիթ Շինարարի (1089-1125թթ.) կողմից Վրաստանում Հայոց Եկեղեցու ներկայացուցչությանը տրվում է այն ժամանակների բարձրագույն կարգավիճակ` վարչական կենտրոն ունենալով Թբիլիսին: Նախքան թեմի հիմնվելը, դեռևս VII դ. վիրահայ համայնքը ղեկավարել են հայ եպիսկոպոսներն ու քահանաները, հայերն ունեցել են իրենց եկեղեցիներն ու մատուռները։ Ենթադրվում է, որ Վիրահայոց թեմը հիմնվել է XII դարում։ Վիրահայոց թեմի Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին (XIII դարից)։