1

fb you od

Hayartun

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն

2011 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի, ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սաակովի ու վրացահայ գործարարներ Ռաֆիկ Աղաջանյանի, Սամվել Աղեկյանի, Արամ Սիմոնյանի, Նելսոն Պետրոսյանի, Կիմ Սաֆարովի, Արամ Սանոսյանի, Վիտալի Մանասյանի, Սամվել Մանուկյանի և Արկադի Մանուկյանի հովանավորությամբ, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարևանությամբ կառուցվեց հայ արվեստի տունը, որի հանդիսավոր բացումը կատարվեց նույն թվականի հունիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ հովվապետական այցով Վրաստան կատարած այցի ժամանակ: Իր Հայրապետական օրհնությունը բերելով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորեց հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որ այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ՝պահպանելով պատմական թումանյանական «Հայարտուն» կենտրոնի բարի ավանդույթները:

Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում 2010 թվականին ձեւավորված «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, ստեղծման առաջին իսկ օրերից ծավալեց ազգանվեր գործունեություն և բեղմնավոր աշխատանք, ձեռնամուխ լինելով մայրենի լեզվի պահպանմանը, պատմական եւ եկեղեցական տոների նշանավորմանը, ազգային սովորությունների եւ ավանդույթների   վերականգնմանը, հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը:

«Հայարտուն» կենտրոնը լիարժեք և լուրջ կառույց է, որտեղ համախմբված աշխատակիցները, Վիրահայոց Թեմի առաջնորդի գլխավորությամբ, նվիրվել են ազգային վեհ գաղափարները կյանքի կոչելու գործին: Հայ արվեստի տունն իր առաքելությունը տեսնում է նաեւ իր հարկի տակ հայկական տարբեր միությունները համախմբելու մեջ: «Հայարտուն» կենտրոնի և Վիրահայոց թեմի հովանու ներքո համախմբված միությունները կազմակերպում են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ,   հանդիպումներ, նշանավոր տարելիցներին նվիրված երեկոներ, նաեւ փառատոներ, հյուրընկալություններ, տոնական հանդիսություններ՝ միջոցառումներ, որոնք ամեն շաբաթ-կիրակի օրերին բազմամարդ են դարձնում կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը, ներս հրավիրելով   ինչպես հայ, այնպես էլ այլազգի հանդիսատեսին:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավարն է Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

«Հայարտուն» կենտրոնը համագործակցում և աջակցություն է ցուցաբերում Վրաստանում գործող հայկական ստեղծագործական միությունների գործունեությանը: Դրանք են.

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը–նախագահ Գևորգ Սնխչյան,

Հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը-նախագահ Անահիտ Բոստանջյան,

Վրաստանի հայ մտավորականների միությունը–նախագահ Ենոք Թադևոսյան,

Վրաստանի հայ նկարիչների միությունը–նախագահ Մերուժան Շահումյան,

«Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տունը-տնօրեն Ժաննա Դավթյան,

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը–նախագահ Սուսաննա Խաչատրյան

Վրաստանի «Հայ համայնք» կազմակերպունը – նախագահ Սամվել Մկրտչյան

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը – նախագահ Արտակ Գաբրիելյան

«Շեն» հասարակական կազմակերպությունը – նախագահ Միքայել Ավագյան

Ախալցիխեի երիտասարդական կրթա-մշակութային կենտրոն – համակարգող Էդուարդ Այվազյան

Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնը - տնօրեն Ժորա Սնխչյան

Բաթումի «Ալեքսանդր Մանթաշով» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը – տնօրեն Սոնա Հովհաննիսյան

Վրաստանի գրողների միությունը – նախագահ Մաղվալա Գոնաշվիլի

Վրաստանի նկարիչների միությունը –

Վրաստանի երաժիշտների միություն – Կախա Ցաբաձե

«Կովկասյան տուն» - Միջմշակութային հարաբերությունների կենտրոն, ղեկավար Նաիրա Գելաշվիլի

Վրաստանի ժողովրդականի պաշտպանի գրասենյակին կից գործող հանդուրժողականության դեպարտամենտ – Բեքա Մինդիաշվիլի

Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ – ղեկավար Էկա Ճիթանավա  

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնն իր գործունեությունը ծավալում է իր առաքելությանը համահունչ: Կենտրոնում համախմբվում են իրավամբ շնորհալի պատանիներ ու աղջիկներ, ում գերագույն նպատակն է սովորել և տիրապետել մայրենի լեզուն, ճանաչել հայ արվեստը, նվիրվել նրա զարգացմանը: Այդ նպատակով կենտրոնում գործում են տարբեր խմբեր, որտեղ ընդունելությունը կատարվում է իրավասու հանձնաժողովի կողմից: Ստեղծագործական խմբին անդամագրվելուց հետո պարտադիր է հայերենի իմացությունը: Չիմացողներն անցնում են երկամյա հայերենի ուսուցման դասընթաց «Հայարտուն» կենտրոնում:

Ստեղծագործական խմբակներ

Մշակութային ոլորտի նպատակին են ծառայում հիմնադրման օրվանից ստեղծված և գործող խմբերը.

«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբ. խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան

«Տարոն» ազգագրական երգի-պարի երիտասարդական համույթ. պարուսույց Սուրեն Աբրամյան ,

Դուդուկի  դասարան. ուսուցիչ՝  Իվանե  Մկրտչյան,

Դհոլի դասարան. ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե,

Վոկալ-գործիքային էստրադային համույթ. ղեկավար՝ երաժիշտ Վլադիմիր Ասատուրով,

Գեղագիտական դաստիարակության խումբ. ուսուցիչ՝ Թամարա Սուլխանիշվիլի

«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբ - Այստեղ 7-15 տարեկան դեռահասները սովորում են մեր ազգագրական, հայրենասիրական երգերը: Ներսեսշնորհալցիները կատարում են դասական, հոգևոր, ժողովրդական երգարվեստի նմուշները և ներկայանում դրանց գեղեցիկ կատարումներով: Երգչախումբը մասնակցում է Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված բազմաթիվ մրցույթներին, փառատոներին, արժանանում գալա-համերգներին ելույթ ունենալու պատվին և ամեն անգամ վերադառնում մրցանակներով և պատվոգրերով: Տարեցտարի հասունանում է երգչախումբը, նրա արդեն կայացած անհատ կատարողները համալրում են  եկեղեցական երգչախմբերը կամ վոկալ գործիքային էստրադային համույթը, իսկ պատանեկան խումբը նորացվում է նորեկներով, որոնք ընդունվում են համապատասխան կաստինգին մասնակցելուց հետո:

«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի անդամները ստանում են երաժշտական նախնական գիտելիքներ:

«Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում գործում են նաև՝   դուդուկի դասարանը –այստեղ 9 և բարձր տարիքի   պատանիները սովորում են մեր ազգային նվագարան դուդուկը նվագել, ծանոթանում   հայտնի հայ դուդուկահարների անուններին, իրազեկվում նրանց կյանքին և գործունեությանը, սովորում նրանց մշակումները:  

Դհոլի դասարանՄեծ է հետաքրքրությունը և ցանկությունն այս գործիքը նվագել ցանկացողների մոտ: Եվ' դուդուկի, և' դհոլի դասարանների սաները սովորում են գրագետ նվագել: Նրանց մատուցվում է ազգային նվագարանների ստեղծման պատմությունը, տեղեկություններ հաղորդվում նվագարանների վարպետ կատարողների մասին: Ազգային նվագարաններով «Հայարտուն» կենտրոնին ապահովել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:

Գործում է նաև վոկալ-գործիքային էստրադային երիտասարդական համույթը: 12-17- տարեկան հայ պատանիները   սովորում են տիրապետել ժամանակակից էստրադային նվագարանները՝ կիթառ, բաս-կիթառ, հարվածային և ստեղնաշարային գործիքներ: Համույթում աշխատանք է տարվում նաև մենակատար-երգիչներ պատրաստելու ուղղությամբ: «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբից ավագները փոխադրվելով էստրադային խումբ, հանդես են գալիս որպես մենակատարներ: Վոկալ-գործիքային համույթի նպատակն է ձևավորվել որպես կատարյալ էստրադային խումբ:

«Հայարտուն» կենտրոնում գործում է նաև երեխաների գեղագիտական դաստիարակության խումբը, ուսուցչուհի՝ Թամարա Սուլխանիշվիլի: Շաբաթ և կիրակի օրերին երեք տարեկանից մինչև դպրոցական հասակի երեխաները այստեղ սովորում են նկարել, պլաստելինով ծեփել, ստեղծել տարբեր կերպարվեստային աշխատանքներ: Ուշագրավ է, որ խմբակի աշխատանքները ներկայացվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում և Արցախում կազմակերպվող մանկական նկարի և աշխատանքի տարբեր ցուցահանդեսներին: «Հայարտանը» գործող գեղագիտական դաստիարակության խմբի սաների աշխատանքները մրցանակային տեղեր են գրավել քաղաք Երևանում կազմակերպված մանկական նկարի ցուցահանդեսում և պարգևատրվել են Արցախ այցելության և «Տաթևի թևեր» փառատոնին մասնակցության ուղեգրով: Այս խմբակի սաների համար արդեն ավանդույթ է դարձրել խմբակի նախաձեռնությամբ թղթից իրենց ձեռքով պատրաստած   տարբեր հագուստի և զարդերի ցուցահանդեսի, ինչպես նաև երկրորդական նյութերից արհեստական տոնածառերի ցուցահանդես- մրցույթի կազմակերպումը և այլ հասակակիցների հետ մասնակցությունը:

«Հայարտանը» գործում են Վիրահայոց թեմի կրթության բաժնի իրավասության ներքո գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը (երկու խմբակներ 60 աշակերտով), «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցը (չորս խմբակներ 105 աշակերտով) և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը (չորս խմբակներ 95 աշակերտով):

Կիրակի օրերին «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է հայ ժողովրդի պատմության դասախոսություն, որին հաջորդում է հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պաատմությանը վերաբերող ֆիլմերի ցուցադրումը, այնուհետև սկսվում է երիտասարդներին ազգագրական երգուպարի ուսուցումը:

Շաբաթվա ընթացքում 600-ից ավելի աշակերտներ և տարբեր տարիքի մարդիկ առնչվում են «Հայարտուն» կենտրոնի ամենօրյա գործունեությանը:

«Հայարտուն» կենտրոնի գործունեության ուղղություններից   մեկը հայաբնակ շրջաններում հայկական մշակութային կյանքի խթանումն է: Այդ նպատակով կազմակերպվում և իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ: Լուրջ աշխատանք է տարվում շրջաններում «Հայարտան» օրինակով կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

«Հայարտուն» կենտրոնի պատմությունը

Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Հովհաննես Թումանյանի հիմնած «Հայ գրողների կովկասյան  Ընկերությունը»  վերակազմավորվեց: Միտք հղացավ  Թիֆլիսում ստեղծել մի այնպիսի մշակութային  օջախ, որը համախմբեր  արվեստի բոլոր  մշակներին մեկ հարկի տակ: 1921 թվականի մարտի 29-ին գրականության, երաժշտության, նկարչության, թատրոնի աշխատողների խորհրդակցությունում  որոշվում է  արվեստի հայ աշխատողներին  տրամադրված շենքը անվանել «Հայարտուն» և կոչել Վահան Տերյանի անունով: Այն գործում է հայ մեծահարուստ Ավան  Յուզբաշյանի  տանը: Ընտրվում է «Հայարտան» խորհուրդ, որի  կազմի մեջ են մտնում  Հ.Սուրխաթյանը, Պ.Մակինցյանը, Ա, Բուրջալյանը, Ալ.Բաժբեուկ-Մելիքյանը և ուրիշներ, որոնց ջանքերի շնորհիվ  իրականացվեց հայ արվեստի տան հիմնադրումը: Խորհրդի անդամ ընտրվեց  նաև հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որը մի որոշ ժամանակ ղեկավարեց կառույցի աշխատանքները:
  Թիֆլիսում  հիմնադրված  Հայ արվեստի տունը՝ «Հայարտունը», 1920-ական թվականների  հայկական գրական-մշակութային, հասարակական կազմակերպություն էր Հայկական ՍՍՀ-ից դուրս հայաշատ քաղաքում: Նպատակն էր՝ կապվել  մայր հայրենիքի մշակութային կյանքին, նպաստել  Սովետական Հայաստանից  դուրս բնակվող գրողների և արվեստագետների  ստեղծագործությանը, արվեստի  մասսայականացմանը, աշխատավորական  զանգվածների գեղարվեստական դաստիարակությանը: Առաջին «Հայարտունը», որը մի տեսակ  գրական օջախ էր, Թումանյանի գլխավորությամբ  համախմբում էր  հայ գրողներին և գործիչներին՝ գրական-հասարակական շարժումը բարձրացնելով  որակական նոր աստիճանի: Գրական և արվեստի տարբեր թեմաներով կազմակերպվում էին դասախոսություններ, քննարկումներ, ցուցահանդեսներ, մեծարման երեկոներ, տրվում էին ներկայացումներ, համերգներ:
Աստիճանաբար «Հայարտան» մեջ ձուլվում են  արվեստի, գրականության աշխատողների  առանձին խմբակներ, միավորումներ, այդ թվում  նաև «Հայ գրչի մշակների միությունը», «Կոմիտաս» միությունը և  այլն:  Ստեղծվում են  մասնաճյուղեր. երաժշտության, նկարիչների, թատերական, գրականության: «Հայարտանը» կենտրոնացած էին  հայ մշակույթի  լավագույն ուժերը:
«Հայարտունը» դառնում է  հեղինակավոր կազմակերպություն: Թբիլիսիի «Հայարտան»  գրական մասնաճյուղը ղեկավարում էր  Դ.Դեմիրճյանը,  երաժշտականը՝ Ռ.Մելիքյանը, նկարչականը՝ Գ.Շարբաբչյանը, դերասանական խումբը՝ Ստեփան Քափանակյանը:
Հովհաննես Թումանյանի առաջարկով, 1922 թվականի փետրվարի 1-ին «Հայարտուն» է  ստեղծվել նաև  Կոստանդնուպոլսում, 1923 թվականին կազմակերպվել է Բաթումի «Հայարտունը», որի առաջին միջոցառումը  նվիրված էր  Հովհ. Թումանյանի հիշատակին: 1925 թվականին Բաքվում ստեղծվեց Մյասնիկյանի անվան Հայ արվեստի տունը:
 Մեծն Հովհաննես  Թումանյանի  ստեղծած «Հայ արվեստի տան» օրինակով, որի  պատերի  ներքո ստեղծվել էին նկարիչների, երաժիշտների,  մտավորականների  միություններ, տասնամյակներ անց   հասունացավ  Վրաստանում նման կառույցի գոյության  անհրաժեշտությունը: