1

fb you od

  • Դպրոցներ
  • կրթա-մշակութային ԵՎ Երիտասարդական կենտրոններ
Դպրոցներ

Դպրոցներ

Վիրահայոց թեմի կրթական բաժնի հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանությունը՝ հայապահպանությունն է:

Վիրահայոց թեմում գործում են հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներ, որոնք նպատակ են հետապնդում սովորեցնել հային իր մայրենի լեզուն, ծանոթացնել հայոց եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:

Կիրակնօրյա դպրոցների հիմքը Թբիլիսիում դրվել է դեռևս քսան տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կողմից:

Ներկայումս գործում են Թբիլիսիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա, «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցները, Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Քոբուլեթի «Վռամշապուհ» և Օզուրգեթիի «Սահակ Պարթև» մեկօրյա դպրոցները:   Ծրագիրը մեկօրյա դպրոցներում երկամյա է: Ուսումնական դասընթացն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է վկայագիր:

Թբիլիսիի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոց  

Այս դպրոցում հայերեն են սովորում 10 –ից 17 տարեկան   դեռահասներ, ովքեր հաճախում են օտարալեզու դպրոցներ: Այստեղ նրանք սովորում նախնիների լեզուն, ծանոթանում ազգի և երկրի պատմությանը: Այստեղ գործում է   առաջին և երկրորդ դասարան՝ մի քանի խմբերով:

Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհին է ճանաչված մանկավարժ Թամար Գաբոյանը, ով ջանք ու եռանդ չի խնայում դեռահասներին իրենց մայրենին սովորեցնելու գործում: Այս դպրոցի սաներից շատերը հաճախում են նաև «Հայարտուն» կենտրոնում գործող այլ խմբակներ:

Թբիլիսիի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոց

Այս դպրոցում հայերենից գրաճանաչություն են սովորում 17 և բարձր տարիքի հայորդիները: Տրվում են նախնական գիտելիքներ հայոց լեզվի քերականությունից, հայ գրականությունից: Վարժարանի սաները մասնակցում են նաև տարբեր միջոցառումների և իրենք էլ դառնում նախաձեռնողներ և մասնակիցներ: Ամեն դասարանում կարող է լինել 2-3 խումբ, յուրաքանչյուր խմբում` մինչև 25 սովորող:

«Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհին է վաստակաշատ մանկավարժ, հայոց լեզվի և գրականության մասնագետ Ռոզա Զոհրաբյանը: Այս վարժարանում ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվում են 2-3 հետաքրքիր և նպատակային միջոցառումներ:Վարժարանում ուսուցանվում է նաև հայ ժողովրդի և հայոց Եկեղեցու   պատմություն:

Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցը

Ք. Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան մեկօրյա դպրոցը բացվել է 2007թ, որի նպատակը հայապահպանությունն է, հային հայ ոգով կրթելն ու դաստիարակելը, հայ բազմադարյան հոգևոր, մշակույթային և պատմական արժեքներին ծանոթացնելը: Դպրոցը մեծ ոգևորություն է առաջացրել հայության շրջանում: Դպրոցում սովորում են տարբեր տարիքի աշակերտներ, որոնց թվում են ոչ միայն հայեր, այլ նաև այլազգիներ:

Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցի ուսուցչուհիներն են Դիանա Հակոբյանը և Սոնա Հովհաննիսյսնը:

Նախակրթարան - Սուրբ Մովսես Խորենացի – պատասխանատու Եվգենյա Մարկոսյան

Թբիլիսիում տասնամյակներ շարունակ չի գործել ոչ մի նախադպրոցական կրթական հաստատություն: 2011 թվականի հոկտեմբերից Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկսեց գործել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն իր 8 աշակերտով: Ներկայումս նախակրթարանում սովորում է շուրջ 60 երեխա: Գործում է երկու խումբ՝ ավագ և կրտսեր: Երեխաների դաստիարակության գործում զբաղված են երեք ուսուցիչ և մեկ դայակ: Օրն սկսվում է եկեղեցու ներսում ժամերգությանը մասնակցությամբ և քահանաների օրհնությամբ:

Նախակրթարան - Սուրբ Մովսես Խորենացի – պատասխանատու Եվգենյա Մարկոսյան: Նախակրթարանում երեխաների դաստիարակության և նրանց ուսումնառության համար նախապատրաստման գործով զբաղված են առարկայական ուսուցիչները.

Գրաճանաչություն և խոսքի զարգացում՝ Եվգենյա Մարկոսյան

Թվաբանություն, մենք և մեր շրջակա աշխարհը, պար՝ Ակսանա Շարոյան

Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու «Խրիմյան հայրիկ» նախակրթարան

Այս նախակրտարանը ստեղծվել է 2008 թվականին: Նախակրթարանում ընդգրկված են 3-6 տարեկան տարիքի երեխաները: Նախակրթարանի սաների օրն անցնում է ուրախ և հետաքրքիր: Առավոտյան աղոթքից և նախաճաշից հետո երեխաները խաղերի միջոցով ծանոթանում են հայոց այբուբենին, ստանում տարրական գիտելիքներ թվաբանությունից: Աստվածաշնչյան թեմաներով մուլտֆիլմեր դիտելուց և ճաշելուց հետո, նախակրթարանում ընթանում են պարապմունքներ երգից, պարից, նկարչությունից, կազմակերպվում են տարբեր խաղեր:

Նախակրթարանի ղեկավար ուսուցիչն է Նարինե Տեր Մկրտչյանը:

Նախակրթարանում աշխատում են նաև դայակ և խոհարար:

Նախակրթարանի հիմնական նպատակներն են պահպանել և ամրապնդել երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջությունը, հետևել երեխաների ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը: Այս ամենից բացի՝ նախակրթարանի գործունեության կարևորագույն նպատակն է՝ երեխաներին նախապատրաստել և ուղղորդել հայկական դպրոցներ:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն

2011 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի, ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սաակովի ու վրացահայ գործարարներ Ռաֆիկ Աղաջանյանի, Սամվել Աղեկյանի, Արամ Սիմոնյանի, Նելսոն Պետրոսյանի, Կիմ Սաֆարովի, Արամ Սանոսյանի, Վիտալի Մանասյանի, Սամվել Մանուկյանի և Արկադի Մանուկյանի հովանավորությամբ, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարևանությամբ կառուցվեց հայ արվեստի տունը, որի հանդիսավոր բացումը կատարվեց նույն թվականի հունիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ հովվապետական այցով Վրաստան կատարած այցի ժամանակ: Իր Հայրապետական օրհնությունը բերելով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորեց հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որ այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ՝պահպանելով պատմական թումանյանական «Հայարտուն» կենտրոնի բարի ավանդույթները:

Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում 2010 թվականին ձեւավորված «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, ստեղծման առաջին իսկ օրերից ծավալեց ազգանվեր գործունեություն և բեղմնավոր աշխատանք, ձեռնամուխ լինելով մայրենի լեզվի պահպանմանը, պատմական եւ եկեղեցական տոների նշանավորմանը, ազգային սովորությունների եւ ավանդույթների   վերականգնմանը, հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը:

«Հայարտուն» կենտրոնը լիարժեք և լուրջ կառույց է, որտեղ համախմբված աշխատակիցները, Վիրահայոց Թեմի առաջնորդի գլխավորությամբ, նվիրվել են ազգային վեհ գաղափարները կյանքի կոչելու գործին: Հայ արվեստի տունն իր առաքելությունը տեսնում է նաեւ իր հարկի տակ հայկական տարբեր միությունները համախմբելու մեջ: «Հայարտուն» կենտրոնի և Վիրահայոց թեմի հովանու ներքո համախմբված միությունները կազմակերպում են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ,   հանդիպումներ, նշանավոր տարելիցներին նվիրված երեկոներ, նաեւ փառատոներ, հյուրընկալություններ, տոնական հանդիսություններ՝ միջոցառումներ, որոնք ամեն շաբաթ-կիրակի օրերին բազմամարդ են դարձնում կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը, ներս հրավիրելով   ինչպես հայ, այնպես էլ այլազգի հանդիսատեսին:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավարն է Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

«Հայարտուն» կենտրոնը համագործակցում և աջակցություն է ցուցաբերում Վրաստանում գործող հայկական ստեղծագործական միությունների գործունեությանը: Դրանք են.

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը–նախագահ Գևորգ Սնխչյան,

Հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը-նախագահ Անահիտ Բոստանջյան,

Վրաստանի հայ մտավորականների միությունը–նախագահ Ենոք Թադևոսյան,

Վրաստանի հայ նկարիչների միությունը–նախագահ Մերուժան Շահումյան,

«Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տունը-տնօրեն Ժաննա Դավթյան,

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը–նախագահ Սուսաննա Խաչատրյան

Վրաստանի «Հայ համայնք» կազմակերպունը – նախագահ Սամվել Մկրտչյան

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը – նախագահ Արտակ Գաբրիելյան

«Շեն» հասարակական կազմակերպությունը – նախագահ Միքայել Ավագյան

Ախալցիխեի երիտասարդական կրթա-մշակութային կենտրոն – համակարգող Էդուարդ Այվազյան

Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնը - տնօրեն Ժորա Սնխչյան

Բաթումի «Ալեքսանդր Մանթաշով» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը – տնօրեն Սոնա Հովհաննիսյան

Վրաստանի գրողների միությունը – նախագահ Մաղվալա Գոնաշվիլի

Վրաստանի նկարիչների միությունը –

Վրաստանի երաժիշտների միություն – Կախա Ցաբաձե

«Կովկասյան տուն» - Միջմշակութային հարաբերությունների կենտրոն, ղեկավար Նաիրա Գելաշվիլի

Վրաստանի ժողովրդականի պաշտպանի գրասենյակին կից գործող հանդուրժողականության դեպարտամենտ – Բեքա Մինդիաշվիլի

Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ – ղեկավար Էկա Ճիթանավա  

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնն իր գործունեությունը ծավալում է իր առաքելությանը համահունչ: Կենտրոնում համախմբվում են իրավամբ շնորհալի պատանիներ ու աղջիկներ, ում գերագույն նպատակն է սովորել և տիրապետել մայրենի լեզուն, ճանաչել հայ արվեստը, նվիրվել նրա զարգացմանը: Այդ նպատակով կենտրոնում գործում են տարբեր խմբեր, որտեղ ընդունելությունը կատարվում է իրավասու հանձնաժողովի կողմից: Ստեղծագործական խմբին անդամագրվելուց հետո պարտադիր է հայերենի իմացությունը: Չիմացողներն անցնում են երկամյա հայերենի ուսուցման դասընթաց «Հայարտուն» կենտրոնում:

Ստեղծագործական խմբակներ

Մշակութային ոլորտի նպատակին են ծառայում հիմնադրման օրվանից ստեղծված և գործող խմբերը.

«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբ. խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան

«Տարոն» ազգագրական երգի-պարի երիտասարդական համույթ. պարուսույց Սուրեն Աբրամյան ,

Դուդուկի  դասարան. ուսուցիչ՝  Իվանե  Մկրտչյան,

Դհոլի դասարան. ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե,

Վոկալ-գործիքային էստրադային համույթ. ղեկավար՝ երաժիշտ Վլադիմիր Ասատուրով,

Գեղագիտական դաստիարակության խումբ. ուսուցիչ՝ Թամարա Սուլխանիշվիլի

«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբ - Այստեղ 7-15 տարեկան դեռահասները սովորում են մեր ազգագրական, հայրենասիրական երգերը: Ներսեսշնորհալցիները կատարում են դասական, հոգևոր, ժողովրդական երգարվեստի նմուշները և ներկայանում դրանց գեղեցիկ կատարումներով: Երգչախումբը մասնակցում է Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված բազմաթիվ մրցույթներին, փառատոներին, արժանանում գալա-համերգներին ելույթ ունենալու պատվին և ամեն անգամ վերադառնում մրցանակներով և պատվոգրերով: Տարեցտարի հասունանում է երգչախումբը, նրա արդեն կայացած անհատ կատարողները համալրում են  եկեղեցական երգչախմբերը կամ վոկալ գործիքային էստրադային համույթը, իսկ պատանեկան խումբը նորացվում է նորեկներով, որոնք ընդունվում են համապատասխան կաստինգին մասնակցելուց հետո:

«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի անդամները ստանում են երաժշտական նախնական գիտելիքներ:

«Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում գործում են նաև՝   դուդուկի դասարանը –այստեղ 9 և բարձր տարիքի   պատանիները սովորում են մեր ազգային նվագարան դուդուկը նվագել, ծանոթանում   հայտնի հայ դուդուկահարների անուններին, իրազեկվում նրանց կյանքին և գործունեությանը, սովորում նրանց մշակումները:  

Դհոլի դասարանՄեծ է հետաքրքրությունը և ցանկությունն այս գործիքը նվագել ցանկացողների մոտ: Եվ' դուդուկի, և' դհոլի դասարանների սաները սովորում են գրագետ նվագել: Նրանց մատուցվում է ազգային նվագարանների ստեղծման պատմությունը, տեղեկություններ հաղորդվում նվագարանների վարպետ կատարողների մասին: Ազգային նվագարաններով «Հայարտուն» կենտրոնին ապահովել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:

Գործում է նաև վոկալ-գործիքային էստրադային երիտասարդական համույթը: 12-17- տարեկան հայ պատանիները   սովորում են տիրապետել ժամանակակից էստրադային նվագարանները՝ կիթառ, բաս-կիթառ, հարվածային և ստեղնաշարային գործիքներ: Համույթում աշխատանք է տարվում նաև մենակատար-երգիչներ պատրաստելու ուղղությամբ: «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբից ավագները փոխադրվելով էստրադային խումբ, հանդես են գալիս որպես մենակատարներ: Վոկալ-գործիքային համույթի նպատակն է ձևավորվել որպես կատարյալ էստրադային խումբ:

«Հայարտուն» կենտրոնում գործում է նաև երեխաների գեղագիտական դաստիարակության խումբը, ուսուցչուհի՝ Թամարա Սուլխանիշվիլի: Շաբաթ և կիրակի օրերին երեք տարեկանից մինչև դպրոցական հասակի երեխաները այստեղ սովորում են նկարել, պլաստելինով ծեփել, ստեղծել տարբեր կերպարվեստային աշխատանքներ: Ուշագրավ է, որ խմբակի աշխատանքները ներկայացվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում և Արցախում կազմակերպվող մանկական նկարի և աշխատանքի տարբեր ցուցահանդեսներին: «Հայարտանը» գործող գեղագիտական դաստիարակության խմբի սաների աշխատանքները մրցանակային տեղեր են գրավել քաղաք Երևանում կազմակերպված մանկական նկարի ցուցահանդեսում և պարգևատրվել են Արցախ այցելության և «Տաթևի թևեր» փառատոնին մասնակցության ուղեգրով: Այս խմբակի սաների համար արդեն ավանդույթ է դարձրել խմբակի նախաձեռնությամբ թղթից իրենց ձեռքով պատրաստած   տարբեր հագուստի և զարդերի ցուցահանդեսի, ինչպես նաև երկրորդական նյութերից արհեստական տոնածառերի ցուցահանդես- մրցույթի կազմակերպումը և այլ հասակակիցների հետ մասնակցությունը:

«Հայարտանը» գործում են Վիրահայոց թեմի կրթության բաժնի իրավասության ներքո գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը (երկու խմբակներ 60 աշակերտով), «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցը (չորս խմբակներ 105 աշակերտով) և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը (չորս խմբակներ 95 աշակերտով):

Կիրակի օրերին «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է հայ ժողովրդի պատմության դասախոսություն, որին հաջորդում է հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պաատմությանը վերաբերող ֆիլմերի ցուցադրումը, այնուհետև սկսվում է երիտասարդներին ազգագրական երգուպարի ուսուցումը:

Շաբաթվա ընթացքում 600-ից ավելի աշակերտներ և տարբեր տարիքի մարդիկ առնչվում են «Հայարտուն» կենտրոնի ամենօրյա գործունեությանը:

«Հայարտուն» կենտրոնի գործունեության ուղղություններից   մեկը հայաբնակ շրջաններում հայկական մշակութային կյանքի խթանումն է: Այդ նպատակով կազմակերպվում և իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ: Լուրջ աշխատանք է տարվում շրջաններում «Հայարտան» օրինակով կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային և երիտասարդության կենտրոն

2015 թվականին Բաթումիում իր գործունեությունը սկսեց  Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության  կենտրոնը:  
Կենտրոնը գործում է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից և  Վիրահայոց թեմի սեփականությունն է: Կենտրոնի շենքը ձեռք է բերվել ՀՀ կառավարության, ի մասնավորի  Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:
Կենտրոնի գործունեությունը նպատակամղված է Բաթումիում մեսրոպատառ հայերենի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայի ինքնության  ըմբռնմանը, հայ-վրացական բարեկամության խորացմանը:
Կենտրոնի  շուրջը  համախմբած մանկավարժների աշխատանքներն ուղղորդված են  ազգապահպանությանը, հայ մանուկների հայեցի դաստիարակությանը,  երիտասարդության՝ բարեկամության շնչով և ազգային ինքնության  ոգով  տոգորված գործունեությանը:
Ալեքսանդր Մանթաշովի անունը կրող կենտրոնի տնօրենն է մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան Սոնա Հովհաննիսյանը: Այստեղ գործում են  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանը,  Մեսրոպ Մաշտոց հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցը, «Մեր ապագան» երիտասարդական միությունը, «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական խմբակները, էլեկտրոնային լրատվամիջոցը, կազմակերպվում է հոգեբանական դասընթաց և այլն:


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  նախակրթարան
Նախակրթարանը նորաստեղծ է  ընդգրկված են 3-6 տարեկան երեխաները, որոնք շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին, հաճախում են այստեղ: Նախակրթարանն  իր գործունեության մեջ ուղղորդվում է Վիրահայոց թեմի կրթության բաժնի  ծրագրով: Նախակրթարանի  ավագ  խմբի  սաներին ուսուցանվում է  Հայերեն Այբուբենը,  տարրական թվաբանություն, քրիստոնեական դաստիարակություն, երգ, պար, կերպարվեստ, վրացերեն, անգլերեն լեզուներ: Նախակրթարանի գործունեության արդյունքը  արտացոլվում է  հաճախակի  կազմակերպվող միջոցառումների և տոնահանդեսների ժամանակ:
Նախակրթարանի ուսուցիչներն են  Սոնա Հովհաննիսյանը և  Դիանա Հակոբյանը:


Մեսրոպ  Մաշտոց – կիրակնօրյա դպրոց
Դեռևս 2007 թվականից ձևավորվել և  գործում է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու  «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»  կիրակնօրյա դպրոցը, որի պարապմունքներն անց էին կացվում եկեղեցու ներսում: Ալեքսանդր Մանթաշովի անվան  կենտրոնի բացումից  հետո հայերենի  ուսուցման մեկօրյա դպրոցի  պարապմունքներն ընթանում են  նորաստեղծ կենտրոնում:
Կիրակնօրյա դպրոցի գործունեության նպատակն է  հայապահպանությունը, հային հայ ոգով  կրթելն ու  դաստիարակելը, հայ բազմադարյա հոգևոր մշակութային և  պատմական արժեքներին ծանոթացնելը:
Ուսուցիչ՝ Սաթենիկ Դանիելյան


«Աղբյուր» պատանեկան երգչախումբ
Կենտրոնում գործում է  մանկա-պատանեկան երգչախումբ, որը ակտիվորեն մասնակցում է  տարբեր փառատոների և մրցույթների ինչպես Վրաստանում,  այնպես էլ մայր հայրենիքում: Երգչախումբը մի քանի անգամ մասնակցել է Երևանում  անցկացվող «Իմ Հայաստան» և (Վարդապետ Կոմիտաս» փառատոններին, նաև հանդես է եկել   համերգներով:
Խմբավարն է եկեղեցական երգչախմբի ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանը:


«Հեղնար»  պարային խումբ ՝
 «Հեղնար»  պարային խմբի  նպատակն է երիտասարդներին սովորեցնել մեր  ազգային պարերը, այդպիսով  նպաստելով  ազգագրական մշակույթի պահպանմանը և տարածմանը:
Խմբի պարուսույցն է  Մերինե  Պողոսյանը:
Կենտրոնում գործում են նաև  ասմունքի և թատերական խմբեր: Հաճախ այս խմբակների  անդամները  հանդես են գալիս  տարբեր  ներկայացումներից  դրվագներ  ցուցադրելով:Այստեղ աշխատանք է տարվում նաև սաների գեղարվեստական  խոսքի և ասմունքի զարգացման ուղղությամբ:  
Ուսուցիչ – Սաթենիկ Դանիելյան


Գեղագիտական դաստիարակության խմբակ
Մանկական գեղագիտական դաստիարակության  ուղղությամբ  գործում է գեղագիտական դաստիարակության հատուկ  խմբակ, որտեղ  հաճախում են 5-9 տարեկան երեխաները: Ուսուցումն ընթանում է  հատուկ կազմած ծրագրով: Հիմնական նպատակը  երեխաների  երևակայության զարգացումն է, գեղագիտական ունակությունների և ճաշակի ձևավորումը:
Ուսուցիչ՝ Մարիետա Ապետյան
Կենտրոնում  ընթանում են նաև  հոգեբանական դասընթացներ, ինչպես նաև  ցուցաբերվում է  հոգեբանական ծառայություն:
Հոգեբան՝ Սոնա Հովհաննիսյան


«Մեր ապագան»  երիտասարդական կենտրոն
Կենտրոնում գործում է «Մեր ապագան» միությունը: Միության  նպատակն է Բաթումի «Սուրբ Փրկիչ« եկեղեցու շուրջը համախմբել հայ երիտասարդությանը,   համակարգել ու նպատակամղել  նրանց գործունեությունը ազգապահպանության և հայեցի դաստիարակության, քրիստոնեական  սիրո և  ժողովուրդների միջև բարեկամության  գաղափարների ոգով:
Երիտասարդական միությունը  ուղղորդում է երիտասարդների   մասնակցությունը Բաթումիում և  նրա սահմաններից դուրս անցկացվող  տարբեր սեմինարների, կոնֆերանսների, որտեղ ձեռք բերած տեսական գիտելիքները, շփումը  վրացական և մյուս ազգերի  երիտասարդական կազմակերպությունների հետ, ծանոթությունը և փորձի փոխանակումը նպաստում են կենտրոնի երիտասարդական միության  գործունեության ակտիվացմանը, հետաքրքիր   տարբեր միջոցառումների անցկացմանը:
«Մեր ապագան» երիտասարդական կազմակերպությունը  սերտորեն համագործակցում է  Վիրահայոց թեմի Երիտասարդական հարցերով բաժնի հետ: Ակտիվ շփումը, փոխադարձ այցելությունները, համատեղ միջոցառումների նախագծումը և անցկացումը վիրահայ երիտասարդական կազմակերպությունների գործունեությունը դարձնում է առավել նպատակամղված և համակարգված:
 «Մեր ապագան» երիտասարդական  բաժինը, որը գործում է Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության  և Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու,  հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի գլխավորությամբ  օրեցօր ընդարձակում է գործունեությունը տարբեր  ուղղություններով: Երիտասարդական շարժուն  խմբերը իրենց ուշադրության ներքո են պահում տարբեր սոցիալական օգնությունների կազմակերպումը, աջակցությունը անապահով ընտանիքներին և  միայնակ տարեցներին: Միության անդամները ընդգրկված են սպորտային խմբակներում, որոնցից առավել ակնառու են  ֆուտբոլային թիմի հաջողությունները: Այս թիմը արդեն իր  ճանաչումն է գտել ողջ երկրի  սահմաններում:
Երիտասարդական միության գործունեության ուղղություններից մեկը նաև  հայ երիտասարդի ընդհանուր  գիտելիքների և բանականության զարգացումն է: Այդ նպատակի իրականացմանը օժանդակում են «Գիտակների ակումբի»  պարապմունքներն ու մասնակցությունը տարբեր  մրցումներին,  ընդհուպ մինչև  բրեյնռինգյան մրցույթին մասնակցությունը Երևանում և Թբիլիսիում:
Միության ամենօրյա գործունեության ասպարեզ են կենտրոնում գործող  երգի, պարի, ասմունքի, դրամատիկական խմբերը, որտեղ ակտիվորեն ընդգրկված են  Բաթումի հայ երիտասարդները:
Միությունը  մասնակցում է նաև  Վրաստանում և Հայաստանում իրականացվող  տարբեր  նախագծերին, ինչպիսիք են Սկաուտական ճամբարը, «Արի տունը», երիտասարդների վերապատրաստման  դասընթացները: Վիրահայոց թեմի  երիտասարդական բաժնի  գլխավորությամբ «Մեր ապագան» միությունը  մասնակցում է  Վրաստանի, Հայաստանի և Արցախի պատմական և եկեղեցական  հետքերով կամակերպվող տարբեր  ուխտագնացություններին:
Երիտասարդական միության գործունեության մեջ մտնում են նաև տարբեր բուհերում սովորող հայ երիտասարդների համախմբումը:  
 «Մեր ապագան» երիտասարդական միությունը  սերտորեն համագործակցում է Ինքնավար Հանրապետության երիտասարդական այլ կազմակերպությունների հետ, մասնակցում է Ինքնավար Հանրապետությունում իրականացվող երիտասարդական, մշակութային, մարզական և կրթական ծրագրերին: Միությունը ինքն էլ հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով և  իրականացնում համատեղ ծրագրեր:
«Մեր ապագան» միության նախագահն է Դիանա Եղիազարյանը:

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոն

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոն

Տնօրեն՝ Ժորա Սնխչյան

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնը գործում է Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից և կրում է Հեշտիա գյուղի ծնունդ, մի քանի գրքերի հեղինակ Ռաֆայել Ղարսլյանի անունը:

Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Արմեն և Թաթուլ եղբայրների բարերարությամբ:

Կենտրոնի գործունեության նպատակն է ստեղծել հմտություններ տարածաշրջանի հայ երիտասարդության ազգային մտածողության, հոգևոր վերակերտվածքի և հայ մշակույթին առնչվելու ուղղությամբ:

Կենտրոնում գործում են ուսումնական և մշակութային խմբակներ: Դրանք են.

- Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն (Տեր Արմաշ քհն Պողոսյան, Ռիմա Սահակյան),

- Հայոց Պատմություն (Սամվել Փութուլյան, Անահիտ Սահակյան),

- Հայ մշակույթի պատմություն (Ժորա Սնխչյան),

- Ասմունքի ստուդիա (Սաթիկ Մկրտչյան),

- Երգչախումբ (Իրինա Ղարսլյան),

- Կերպարվեստի և ազգային կարպետի խմբակ (Ռուզաննա Սիրականյան),

- Ժողովրդական և ազգային պարի խմբակ (Սևակ Բդոյան),

- Մամլո դիվան

Կենտրոնի աշխատակազմը բաղկացած է 13 հոգուց:

Կենտրոնն ունի 100 տեղանոց դահլիճ՝ անհրաժեշտ տեխնիկական ապահովմամբ, 3 ուսումնական սենյակներ: Կենտրոնը ղեկավարվում է կոորդինացիոն խորհրդի կողմից և առաջնորդվում է համապատասխան աշխատանքային պլանով:

Կենտրոնում կազմակերպվում են կրթամշակութային, հոգևոր, ճանաչողական, մարմնակրթական միջոցառումներ, որոնք վերաբերում են հայ պատանիների ու աղջիկների ազգային դաստիարակության այլևայլ կողմերին:

Կենտրոնի գործունեության մեջ է մտնում նաև հրատարակչական և գրահրատարակչական գործունեությունը: Տպագրվում և ժողովրդին են բաժանվում օրացույցեր, որոնք վերաբերում են կենտրոնի և շրջանի կյանքի աշխարհիկ և հոգևոր վերազարթոնքին, պատմական անցքերին, հոգևոր և աշխարհիկ տոներին:

Կենտրոնի հիմնադրած «Արմեն և Թաթուլ եղբայրներ» հիմնադրամը տարեկան լույս է ընծայում 10-11 մամուլ ծավալով 1-2 հեղինակային գիրք: Նախորդ տարիներին լույս են տեսել Վիկտոր Հովսեփյանի և Միքայել Ախտյանի, Գուրի Եթերի ժողովածուները:

Կազմակերպվում են ուխտագնացություններ Վրաստանի և Հայաստանի հոգևոր-պատմական վայրեր,մշակութային կենտրոններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Կենտրոնի ստացած գիտելիքները ստուգվում են ընդհանուր շարադրությունների, թեստերով քննությունների միջոցով:Երիտասարդների շրջանում կազմակերպվում են ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, հարց ու պատասխանի երեկոներ:

Կենտրոնը ակտիվորեն մասնակցում է արտագնա միջոցառումներին, համերգային ծրագրով հանդես գալիս Ղ.Աղայանի, Վահան Տերյանի, Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրերին, Սաթխայի օրվան, Հավասու և Ջիվանու օրերի տոնակատարությանը: