1

fb you od

«Վերնատուն» կենտրոնը

1899 թվականին Հովհաննես Թումանյանի կողմից հիմնվում է հայ գրական ակումբ-խմբավորումը: Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհբության փողոց № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրուցելու համար: Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննարկման: Վերնատունը գործեց 7-8 տարի. անդամների բացակայության և ցրվածության հետևանքով այն դադարեց գոյություն ունենալուց 1908 թվականի վերջին։

Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը գտնվում է Ամաղլեբա (նախկին՝ Դավիթաշվիլի) փողոցի 18 հասցեում, որում ապրել է Թումանյանը 1904-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Թբիլիսիի քաղաքապետարանը որոշ հանգամանքների բերումով գրադարանային մասը փոխանցել էր Վրաստանի մի քաղաքացու, ումից և հարկ եղավ ձեռք բերել այն:

Վիրահայոց թեմի «Վերնատուն» կենտրոն

ՀՀ գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, 2012 թվականին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից գնվեց Հովհաննես Թումանյանի տան մի մասը՝ գրադարանի վերածված 150 քառակուսի մետր տարածքը`առ ի գործածություն Վիրահայոց համայնքի: Շենքի գնված մասը գտնվում էր Վիրահայոց Թեմի պատասխանատվության ներքո:

2015 թվականին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի դիմումով, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հիմնադրամի միջոցներով գնվեց նաև շենքի ժառանգներին մնացած մասը և նախօրոք ձեռք բերված հատվածի հետ միասին ամբողջական տեսքով նվիրաբերվեց թեմին՝ որպես սեփականություն:

2015 թվականի հունիսի 8-ին Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների նախագահների հանդիպումը խորհրդանշորեն տեղի ունեցավ հատկապես այս տանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիսավորապես Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին հանձնեց տան բանալիները: Տունը կոչվեց «Մշակույթի և արվեստի Թումանյանական Վերնատուն» և նրա գործունեությունը նպատակաուղղվելու է երկու քրիստոնյա ազգերի համագործակցության, բարեկամական հարաբերությունների և ստեղծագործական կապերի զարգացմանը և խորացմանը: Իրականացվելու են գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, հայ և վրաց ստեղծագործական, մշակութային տարբեր միջոցառումներ: Շենքում գործելու է դահլիճ, քառալեզու գրադարան, ՀԲԸՄ Վիրտուալ Համալսարանը, իսկ սենյակներից մեկը կրելու է Լևոն Անանյանի անունը:

Նույն օրը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, որին միացան Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Հայարտուն» կենտրոնը, Հայ-վրացական մշակությային կապերի «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը:

Շենքը կոչվում է «Վերնատուն» կենտրոն, որտեղ ընթանում են վերանորոգման և շենքի ամբողջականացման աշխատանքներ:

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

Կոչվում է նաև հայ գրողների և հասարակական գործիչների Հավլաբարի պանթեոն: Հիմնադրվել է XVII դարում՝ Վրաց Ռոստոմ թագավորի ատենադպիր, ժամանակի «ուսյալ և կրթյալ այրերից» Աշխարհբեկ Բեյբությանի՝ թագավորից իբրև նվեր ստացած գերեզմանատեղում: Թագավորը նրան շնորհել է նաև «խոջա» (պարսկերեն նշանակում է տեր) պատվանունը: Գերեզմանատեղում կառուցվել է խոջայի վանքը, որը ժամանակի ընթացքում հնչյունափոխվել է և դարձել Խոջիվանք: Վանքի շրջակայքը ժամանակին վերածվել է հայկական գերեզմանատան, որտեղ թաղվել են  1000-ից ավելի ճանաչված հասարակական, գրական և մշակույթի գործիչներ:

1930-ական թվականներին գերեզմանատունն ավերվել է. միայն բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանի ջանքերով է հաջողվել փրկել սակավաթիվ աճյուններ և Րաֆֆու շիրմաքարի շուրջը ձևավորել ներկայիս պանթեոնը:

Պանթեոնը ձևավորվել է ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանի նախագծով.  բացվել է 1961թ-ին, հիմնովին նորոգվել 2002 թ-ին, Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների հովանավորությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանի հայերի միության աջակցությամբ: Պանթեոնի խնամքի աշխատանքները իրականացնում է Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը: