1eng

 

fb you od

ԶԱԿ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 11:33

2 axalqalaqi-zakvi-surb minasis eklesiaԵկեղեցու հիմնադրում. Զակը Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, որը գտնվում է «Կարմիր» կոչվող բլրի լանջին: Զակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Գյուղի եկեղեցու վերաբերյալ հիշատակության կարելի է հանդիպել 1839-1840 թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի հոգևորականների և եկեղեցիների տեղեկագրում[1]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[2], 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[3]: Հին եկեղեցու տեղում նորը կառուցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին դեռևս 1885 թվականին, սակայն գործը ձգձվեց մինչև 1890-ական թվականները: Մասնավորապես 1893 թվականին սկսված շինարարական աշխատանքները կիսատ են մնում թույլտվության հետ կապված խնդիրների առաջացման պատճառով: 1895 թվականին թույլտվություն ստանալու խնդրանքով գյուղի բնակիչները խնդրագրով դիմում են Մկրտիչ կաթողիկոսի միջնորդությանը[4]: Նոր եկեղեցու կառուցման թույլտվությունը տրվեց միայն 1905 թվականին[5] և ավարտվում է 1909 թվականին: Հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 1911 թվականի ապրիլի 29-ին[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է բազալտից և պատկանում է բազիլիկ ճարտարապետական տիպին: Ընդհանուր չափսերն են 17,17x10,6 մ: Եկեղեցու հարավային, հյուսիսային և արևմտյան պատերին բացված են կիսաշրջանաձև պատուհաններ: Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Արևմտյան կողմից աջ և ձախ պատերին կան երկու ելուստ, որոնց վրա հենվում է դեկորատիվ կամարը: Մուտքի վերևում տուֆ քարից խաչ է քանդակած: Տանիքի արևմտյան մասում երկհարկ զանգակատունն է, իսկ երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում է տեղակայված Սուրբ Խորանը՝ աջ և ձախ կողմերում գտնվող ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը: Առաստաղը երեսապատած է փայտե վահանակներով[7]:1 zakvi-surb minasis eklesia

Ծխատեր քահանաներ. 1830-40-ական թվականներին Սուրբ Մինաս եկեղեցում քահանայագործել է Տեր-Կարապետ քահ. Դավթյանը, դպիրներն են եղել Հակոբ Տեր-Կարապետյանը, Մարտիրոս Մկրտչյանը[8]:

Դպրոց. Համաձայն Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականի տեղեկագրի` Զակ գյուղի դպրոցը հիմնվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: 1869 թվականին ուներ 36 սովորող, 1 ուսուցիչ[9]:

Գերեզմանատուն. Գյուղի հյուսիս-արևմտյան եզրին տարածվում է գերեզմանոցը, որտեղ ի թիվս այլ տապանաքարերի, պահպանվում է նաև ծխատեր քահանա Տեր-Իսահակի շիրմաքարը[10]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին, մասնավորապես 1930-ական թվականներին, եկեղեցին փակվում և վերածվում հացահատիկի պահեստի: Հետխորհրդային տարիներին՝ 1990-ական թվականներին, համագյուղացի Շահեն Մարտիրոսյանի ջանքերով նախաձեռնվում են եկեղեցու մաքրման և բարեկարգման աշխատանքները: Հետագայում ռուսաստանաբնակ նախկին զակեցի Մնացական, Լևոն և Աշոտ Գասպարյան եղբայրների նյութական աջակցությամբ հիմնանորոգվում է Սուրբ Մինաս եկեղեցին և օրհնվում Շմավոն քհն. Սաղոյանի կողմից:

Եկեղեցու բակում զետեղված են Գասպարյան եղբայրների կողմից տեղադրված խաչքարեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների և Հայոց Վերածննդի:

Սուրբ Մինաս եկեղեցու բակում են գտնվում եկեղեցու հիմնադիր քահանայի և նրա որդու՝ Տեր Մակար և Տեր Հակոբ քհն. Կարապետյանների տապանաքարերը[11]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-իշրջ.:

[3]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[4]ՀԱԱ, ֆ. 56, ց. 18, գ. 289, թ. 2 ևշրջ.:

[5]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 8949, թ. 7 ևշրջ.:

[6]ՀԱԱ, ֆ. 35, ց.1, գ. 682, թթ. 8-9:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույնտեղում:

[9]ՀԱԱ, ֆ 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[10]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 173:

[11]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:13
 
ԽԱՆԴՈ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 11:26

2 xando - surb xachis eklesiaԵկեղեցու հիմնադրում. ԽանդոգյուղըՍամցխե-ՋավախքիԱխալքալաքիշրջանիառավելմարդաշատգյու­ղերիցէ:Գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 50-ական թվականներին: Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1856 թվականին[1]:

Մինչ այդ գյուղում, գործել է 10-11-րդ դարերի ծխական՝ Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցին[2], որը վերանորոգվել է ազգաբնակչության կողմից և մինչ օրս կանգուն է։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-1840 թվականների տեղեկագրերում պահպանված են հիշատակություններ Սուրբ Աստվածածին և Սբ. Խաչը անվամբեկեղեցիների մասին[3]: Սկսած 1857 թվականից գյուղի ծխական եկեղեցի է հիշատակվում միայն Սուրբ Խաչը[4]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[5], 1885 թվականին` քարաշեն[6]: Եկեղեցու հարավային կողմում տարածվում է գերեզմանատունը[7]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 11,63x17,69 մ: Շինարարության ժամանակ որպես կապակցանյութ կիրառվել է կիրը: Արևմտյան պատը սվաղած է ցեմենտի լուծույթով: Մուտքը հարավային կողմից է: Մուտքի վերնամասում հայատառ գրությունով սալիկ կա: Տանիքը 1 xando surb xachերեսապատված է թիթեղով: Վերջինիս արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Շինության արևելյան կողմում խորանն է[8]։

Ծխատերքահանաներ. 1839-1870-ական թվականներին գյուղի ծխական քահանա է հիշատակվում Տեր Վարդան Տեր-Ստեփանյանցը, դպիրներ`Թորոս Կյուրեղյանը, Հարություն Խաչատրյանը[9], 1880-ական թվականներին` Խաչատուր Տեր-Վարդանյանը[10]:

Դպրոց. Համաձայն Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականի դպրոցների տեղեկագրի` գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ դպրոցն ունեցել է 60 սովորող, 1 ուսուցիչ[11]:

Եկեղեցու վերաօծում.2006 թվականի դրությամբ եկեղեցին կիսավեր էր և քայքայված: Սուրբ Խաչ կիսափուլ եկեղեցին հիմնովին նորոգվել և տարածքը բարե­կարգվել է ծնունդով Խանդո գյուղից Արկադի և Համբարձում Թորոսյանների բարերարութ­յամբ: Մինչ այդ, 2003 թվականին, Թորոսյաններն իրենց ընկերների հետ միասին վերանորոգել են նաև 10-11-րդդդ. հիմնադր­ված Սուրբ Աստվածածին (Ս. Մարկոս) եկեղեցին: Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը Խանդո գյուղի համար դարձավ վերջին տասնամյակների մեծագույն իրադարձությունը: 2009 թվականի մայիսի 8-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի և հոգևոր դասի, վերաօծվեց Խանդո գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին[12]:Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարեց վերաօծման հանդիսավոր կարգը, որին հաջորդեց անդրանիկ պատարագի արարողությունը: Հավարտ պատարագի եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն և մա­տաղի օրհնություն[13]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ.8:

[2]Ս. Կարաեպտյան. Ջավախք, Երևան, 2006, էջ 217:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 49-ի շրջ.; գ. 3800, թ. 4-ի շրջ:

[4]ՀԱԱ, ֆ. 53,ց. 1, գ. 3830, թ. 42-ի շրջ.-43:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.:

[6]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[7]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 220:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում; ց. 2, գ. 2772, թ. 2; գ. 2774, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2797, թ. 3:

[11]ՀԱԱ, ֆ 53, ց. 1, գ. 3977, թ. 54-իշրջ.-55:

[12]«Էջմիածին», 2009 (Ե), էջ 142-143:

[13]Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:25
 
ԲԱՐԱԼԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 11:15

1 baraleti-surb astvatsatsinis eklesiaԲարալեթը Ջավախքի խառն ազգային կազմ ունեցող գյուղերից է եղել: Այստեղ կողք կողքի բնակվել են հայեր և վրացիներ: Այսպես` 1873 թվականի դրությամբ գյուղի 80 տների 2/3-ը հայեր էին, իսկ 1/3-ը՝ վրացիներ[1]: Մինչև հայկական եկեղեցու կառուցումը, հայերն ու վրացիները աղոթել են 13-րդ դարում վրաց Թամար թագուհու որդի Գեորգի-Լաշայի կառուցած եկեղեցում: Այսօր գյուղում գոր­ծում են հայկակաև Սուրբ Աստվածածին և վրացական Սուրբ Ստեփանոս եկեղեցիները: Երկար տարիներ Բարալեթը հանդիսացել է շրջակա 23 գյուղերի հովվական կենտրոնը: Գյուղը հարուստ է նաև պատմական հուշարձաններով: Նրա հյուսիսային բարձունքներում մինչ օրս էլ պահպանված են միջնադա­րում կառուցված հայկական եկեղեցու գերեզմանատան և պարսպի փլատակները:

Եկեղեցու կառուցում. Սկզբնապես փայտաշեն Բարալեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է դեռևս 1855 թվականին, գյուղի հայ բնակչության միջոցներով[2]: Ընդհանուր առմամբ եկեղեցին հայտնի է երկու անուններով` Սուրբ Խաչ և Սուրբ Աստվածածին: Սուրբ Խաչ անվամբ հիշատակվում է մինչև 1840-ական թվականները[3], որից հետո` Սուրբ Աստվածածին անվամբ: Իր հերթին Սուրբ Աստվածածին անվամբ հին եկեղեցու տեղում 1869 թվականին կառուցվել է համանուն նոր եկեղեցին[4]: Պահպանվել է նաև այդ փաստող շինարարական արձանագրությունը[5]: Եկեղեցու հարավային կողմում տարածվում է գերեզմանոցը: Պահպանված տապանաքարերից2 baraleti-surb astvatsatsin-1 հնագույնները թվագրվում են 19-րդ դարի առաջին կեսով[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է երկթեք սրահի տիպին: Արտաքին չափեսրն են 18,00x9,86 մ: Եկեղեցին շրջափակված է պարսպով[7]: Ճակատամասերը զարդանախշված չեն: Պատերի և տանիքի միջև տեղադրված են դեկորատիվ քիվեր: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն պատուհաններ: Արևմտյան պատին բացված է միակ քանդակազարդ մուտքը, որի վերևում հայերեն գրություն է արված: Տանիքը երկթեք է և երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած և ներկած են: Արևմտյան ճակտոնի գագաթին ութ սյուներով զանգակատունն է: Խորանը արևելյան մասում է` իր աջ և ձախ կողմերում կառուցված ավանդատներով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Առաստաղը երեսապատված է պլաստիկ մոդուլներով, իսկ ներսից կորաձև է[8]:

Ծխատեր քահանաներ. 1850-ական թվականներին եկեղեցում քահանայագործել է Կարապետ քահ. Տեր-Մարտիրոսյանը[9], 1860-ական թվականներին` Հակոբ քահ. Տեր-Կարապետյանը[10], 1870-80-ական թվականներին` Կարապետ քահ. Տեր-Կարապետյանը[11], 1900-ական թվականներին` Ենովք քահ. Սեֆերյանը[12]:

Դպրոց. 1860-1870-ական թվականներին գյուղում գործել է եկեղեցա-ծխական դպրոց, որը 1880-ական թվականներին պետական դպրոցի բացման պատճառով փակվել է: 1895 թվականին 2 baraleti-surb astvatsatsin-2գյուղում բացվել է նաև գրադարան-ընթերցարան[13]:

Եկեղեցու վերականգնում և վերաօծում. 1930-ական թվականներին եկեղեցին փակվել և օգտագործվել է՝ իբրև հացահատիկի պահեստ: Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար և քայքայված վիճակը տարինե­րով հանգիստ չէր տալիս տեղի հայությանը: Ի վերջո, 2004 թվականին, բարալեթցիների նախա­ձեռնությամբ, Ռուսաստանում և Հայաստանում ապրող գյուղի նախկին բնակիչների նվիրատվությունների շնորհիվ, եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվեց, բարեկարգ­վեց և պարսպապատվեց:

2005 թվականի նոյեմբերի 20-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վագգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:

Սրբազան Հայրը Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կանոնների համաձայն կատարեց վերաօծման կարգը, Օրհնության Գիր հանձնեց գլխավոր նվիրատուներին, որին հաջորդեց Սբ Պատարագի արարողությունը[14]:

Եկեղեցու բակում Պետրոսյան գերդաստանի կողմից տեղադրվել է Սուրբ Աստվածածնին նվիրված խաչքար: Տարածքում պահպանվում են նաև տարբեր ժամանակաշրջանների հայկական ծաղկած խաչով տապանաքարեր[15]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 102:

[2]«Էջմիածին», 2005, Ժ-ԺԱ, էջ 157:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[4]«Նոր-Դար», 1895, N 150, էջ 3:

[5]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 105:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 105-106:

[7]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 888, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 869, թ. 2:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 873, թ. 2; գ. 906, թ. 3:

[12]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 878, թ. 2:

[13] «Մուրճ», 1896, N 12, էջ 1642:

[14]«Էջմիածին», 2005, Ժ-ԺԱ, էջ 156:

[15]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

Last Updated on Thursday, 26 July 2018 09:51
 
ԱԲՈՒԼ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 11:09

1 balxo-surb harutiunis eklesiaԱբուլ հայաբնակ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանում՝ Ախալքալաքի և Աբուլ լեռան միջակայքում, անտիկ շրջանի կիկլոպյան ամրոցով, միջնադարյան պարսպի մնացորդներով, ժայռափոր գերեզման-դամբարաններով և, անշուշտ, հինավուրց եկեղեցիներով (Սուրբ Հարություն՝ 10-11-րդ դարեր, Սուրբ Աստվածածին՝19-րդ դար)[1]:

Եկեղեցու հիմնադրում. Մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գյուղում գործել է 10-11-րդ դարերի խորանի մասըbalxo-surb harutyun-1ծխական՝ Սուրբ Հարություն անվամբ եկեղեցին[2]։ 1841 թվականի դրությամբ Սուրբ Հարություն եկեղեցին եղել է քարաշեն[3]: Հիշյալ եկեղեցին գործել է մինչև 19-րդ դարի 70-80-ական թվականները, սակայն հետագայում զգացվել է նոր, ավելի ընդարձակ եկեղեցի կառուցելու անհրաժեշտություն, ինչը և նախաձեռնվել է գյուղի բնակիչների կողմից:

Աբուլ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը սկսվել է 1884 թվականին[4]: Նոր հիմնադրված եկեղեցին գործել է բնականոն հունով: Այսպես` եկեղեցու վերաբերյալ հիշտակությունների կարելի է հանդիպել թեմի եկեղեցիների տեղեկագրերում: 1915-1916 թվականների դրությամբ եկեղեցու ծխականների թիվը հասել է մոտ 1263-ի[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է սրբատաշ տուֆով: Արտաքին չափսերն են 20,2x10,4 մ: Ունի եռանավ հորինվածք, ավանդատներ, երկու զույգ սյուներ: Զանգակատունը գտնվել է արևմտյան ճակտոնի գագաթին. քանդվել է կայծակի հարվածից[6]:

Գեղարվեստական-տարածական լուծմամբ արևմտյան պատի կենտրոնական մասում միջնավորված է քիվով և զարդարված դասական որմնասյուներով: Արևմտյան պատի խորանի մասըbalxo-surb harutyun-2կենտրոնական մասում քանդակված է խաչ: Արևմտյան կողմից բացված մուտքը զարդարված է քիվով, իսկ նրա վերևում առկա է հայերեն լեզվով գրություն: Տանիքը երեսապատված է մետաղով, որի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Եկեղեցու ներքին տարածքը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավերի: Պատերը սվաղած են և ներկած: Խորանը արևելյան մասում է` իր աջ և ձախ կողմերում կառուցված ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[7]:

Ծխատեր քահանաներ. Աբուլ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Տեր Հակոբ քհն. Միքայելյանը, ով քահանայագործել է 1839-1840-ական թվականներին[8] և 1870-ական թվականներին քահանայագործած Զաքարիա քահանան [9]:

Դպրոց. Գյուղի ծխական դպրոցը հիմնվել է 19-րդ դարի 60-ական թվականներին: 1868 թվականի դրությամբ աշակերտների թիվը հասնում էր 30-ի[10]: 1891-1914 թթ. դպրոցը չի գործել: Վերաբացվել է 1914/1915 թվականներին[11]: Այդ շրջանում դպրոցի գործունեությանը մեծապես օժանդակել է Կովկասյան բարեգործական ընկերությունը:խորանի մասըbalxo-surb harutyun-3

Դամբարաններ և Խարաբա գյուղատեղի. Գյուղի արևմտյան կողմում պահպանվել են նախաքրիստոնեական ժամանակաշրջանին վերաբերող դամբարաններ: Գյուղի շրջակայքում պահպանվել են նաև Խարաբա անունով երկու գյուղատեղի, որոնցից մեկում առկա են հիմնավեր եկեղեցու 1 abuli-surb astvatsatsinսրբատաշ քարեր, գերեզմանոց[12]:

Եկեղեցու վերաօծում. 2010 թվականի հուլիսի 3-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխա­նորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի Սուրբ Աստ­վածածին եկեղեցին: Հաջորդ օրը Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը նորաօծ եկեղեցում մատուցեց Սբ Պատարագ և կատարեց համայնքային մկրտություն: Բոլոր մկրտվողներին գեղեցիկ խաչեր նվիրեց եկեղեցու բարերար Ստեփան Խանջյանը[13]:

Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքր բարեկարգվել է ծագումով աբուլցի Ստեփան Խանջյանի բարերարությամբ:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Այդ մասին տե′ս Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006:

[2]Տե′ս նույն տեղում, էջ 33:

[3]Տե′ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (1), թ. 63-ի շրջ.-64:

[4]Տե′ս «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]Տե′ս ՀԱԱ, ֆ.56, ց. 15, գ. 795( մաս 3), թ. 241 շրջ.-242:

[6]Տե′ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 34:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 58-ի շրջ:

[9]ՀԱԱ,ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 17:

[10]Տե′ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:

[11]Տե′ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 32:

[12]Տե′ս նույն տեղում, էջ 35-36:

[13]«Էջմիածին», 2010, (Է), էջ 145:

Last Updated on Saturday, 13 October 2018 14:08
 
ԱՐԱԿՈՎԱ - ՍՐԲՈՑ ԿՈՒՍԱՆԱՑ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2001 ԹՎԱԿԱՆԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 11:02

arakova-srboc kusanac-1Եկեղեցու կառուցում.Արակովա գյուղի Սրբոց Կուսանաց եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին` ի հիշատակ վաղամեռիկ Հայաստան Յայլախանյանի: Եկեղեցին օծվել է 2001 թվականի հոկտեմբերին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Գևորգ արքեպս. Սերյադարյանի կողմից: Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամուել քհն. Թորոսյանը: Եկեղեցին կառուցվել է Հ. Յայլախանյանի կողմից՝ ընտանիքի բարեկամների աջակցությամբ: Եկեղեցին գտնվում է գյուղին կից զառիթափ բարձունքի վրա[1]:arakova-srboc kusanac-2

Ճարտարապետություն.Եկեղեցին կառուցված է տրավերտինից: Ընդհանուր չափսերն են 8x6,5մ: Պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Պատերի և տանիքի միացման տեղերում առկա են քիվեր: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում հայերեն քառատող գրություն է արված: Տանիքի արևմտյան մասում վեց սյուների վրա հենվող զանգակատունն է: Գմբեթը կազմված է ութ նիստերից, որտեղ բացված են չորս պատուհաններ: Եկեղեցու ծածկը երեսապատված է տուֆի սալիկներով: Շինության արևելյան մասում է գտնվում Սուրբ Խորանը, իսկ հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[2]:

Տարիների ընթացքում եկեղեցին դարձել է յուրօրինակ ուխտատեղի:

 

Վիրահայոցթեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2001, (Ժ-ԺԱ), էջ135:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

 

Last Updated on Thursday, 26 July 2018 09:45
 
ԱՐԱԿՈՎԱ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 10:50

1 aragva-surb gevorgis eklesia

Եկեղեցու կառուցում. Արակովա գյուղը Ջավախքի կենտրոնական բնակավայրերից է: Այն գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 7 կմ հյուսիս: Գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին իր ժամանակի աչքի ընկնող կառույցներից էր, որը հիմնադրվել է 1830-ական թվականներին: Եկեղեցու վերաբերյալ առաջին հիշատակությունները վերաբերում են 1840[1]-1841 թվականներին[2]: Քահանա է հիշատակվում Տեր-Գրիգորը[3]: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների նույն թվականի մեկ այլ տեղեկագրի համաձայն` տվյալ պահին գյուղն ունեցել է մեկ փայտաշեն ծխական եկեղեցի, 354 ծխական[4] :

Վերանորոգություններ. Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանի միջոցներով՝ Կարինից Աբասթուման գաղթած ճարտարապետ Գրիգոր Կիրակոսյանի նախագծով: Եկեղեցին կանգնած էր 12 սյուների վրա, որոնց վրա դրոշմված էին առաքյալների պատկերները[5]: Սակայն 1890-ական թվականներին եկեղեցին հնության պատճառով փակվում է, որի մասին վկայում են ժամանակի մամուլի հրապարակումները[6]: Եկեղեցու հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 1903-1905 թթ., իսկ հանդիսավոր օծումը` 1909 թվականին[7]:

Ճարտարապետություն. Կառուցված է մոխրագույն բազալտով և պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Ընդհանուր չափսերն են 24,21x13,44 մ: Գեղարվեստական-տարածական լուծումներում գործածված են գոթիկային բնորոշ հորիզոնական դիրքով երկարացված տարրեր՝ երկարավուն ձև ունեցող եռանկյուն պատուհաններ: Եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսից, արևմուտքից և հարավից, որոնք բացված են երեք աստիճան բարձրության վրա: Սև և կարմիր տուֆից ութանիստ գմբեթը ծածկի արևելյան մասում է: Զանգակատունը կառուցված է տաճարի արևմտյան մասում: Եկեղեցու ծածկը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Շենքի արևելյան մասում է գտնվում Սբ Խորանը՝ աջ և ձախ ավանդատներով: Սրահը բաժանված է երեք նավերի: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը:arakova surb gevorg

Քահանաներ. Արակովա գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում քահանայագործել են Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանը, Կարապետ քահ. Դավթյանը[8], Գրիգոր քահ. Տեր-Կարապետյանը[9] և այլք:

Դպրոց. 1860-ական թվականների դրությամբ գյուղն ունեցել է եկեղեցա-ծխական դպրոց: Ըստ Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականին դպրոցների վերաբերյալ տեղեկագրի` դպրոցը հիմնադրել է Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանը եկեղեցու գավթում[10]: 1885 թվականին դպրոցը փակվել է, վերածվել պահեստի: Գյուղում շարունակել է գործել ռուսական արքունական դպրոցը[11]:

Գերեզմանատուն. Տարածվում է եկեղեցու բակում: Տեղում պահպանվել են 19-րդ դարի տապանաքարեր[12]:

Հին եկեղեցի. Նոր եկեղեցուց հյուսիս պահպանվում են նաև վաղ միջնադարյան հիմնավեր եկեղեցու մնացորդներ[13] :

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. 1930-ական թվականներին խորհրդային իշխանության որոշումով եկեղեցին փակվում է և վերածվում պահեստի, իսկ քահանան բռնադատվում և աքսորվում:

Եկեղեցին ու վերաօծումը. 2000 թվականին, ծնունդով Արակովայից մոսկվայաբնակ նախկին համագյուղացիների և երջանկահիշատակ Մերուժան Թութունջյանի բարերարությամբ ու ազգաբնակչության ջանքերով վերականգնվում է եկեղեցու փլված գմբեթը, հիմնովին բարեկարգվում եկեղեցու մերձակա տարածքը:

2006 թվականի հոկտեմբերի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և տեղի քահանայաց դասի, վերաօծվում և հավատացյալ ժողովրդի առջև իր դռներն է բացում Սուրբ Գևորգ եկեղեցին[14]:

2017 թվականի հունիսի 10-ին օծվեց Սուրբ Գևորգ եկեղեցու նորակառույց Սուրբ Խորանը՝ կառուցված նախկին արակովայաբնակ Արմեն Յայլախանյանի միջոցներով:

Սուրբ Գևորգ եկեղեցուն կից այսօր գործում է «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանը, որտեղ իրենց հոգևոր դաստիարակությունն են ստանում Արակովայի և հարակից գյուղերի երեխաները[15]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1005, թ. 1:

[3] Նույն տեղում, թ. 22:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (մաս 1), թ. 63-ի շրջ.-64:

[5]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 86:

[6] «Նոր Դար»1896, N 201, էջ 3; «Մշակ», 1901, N 98, էջ 3:

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 715, թ. 2:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 743, թ. 3:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[11]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 85-86:

[12]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 88:

[13]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[14]«Էջմիածին», 2006, Ժ-ԺԱ, էջ 144:

[15]Վիրահայոց թեմի մամլո դիվան:

Last Updated on Thursday, 26 July 2018 09:44
 
ՓՈՔՐ ՍԱՄՍԱՐ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 10:43

2 patara samsari-surb harutiunis eklesia1829-1830-ական թվականներին Կարնո նահանգից Ախալքալակ գաղթած հայերի մի մասը 1836 թվականին հիմնում Էխթիլա Սամսար (Փոքր Սամսար) գյուղը, որը գտնվում է Ախալքալաքից 18 կմ հյուսիս-արևելք:

Եկեղեցու կառուցում. 1852 թվականին գյուղացիները եկեղեցի կառուցելու ցանկություն են հայտնում[1]: Սուրբ Հարություն անվամբ եկեղեցու վերաբերյալ հիշատակությունների հանդիպում ենք արդեն 1860-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցու անվան մասին հիշատակվում է 1866 թվականի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրերից մեկում, ըստ որի տվյալ պահին այն դեռևս փայտաշեն էր[2]: Հին եկեղեցին վերակառուցվել է 19-րդ դարի վերջին: 1891 թվականի վերանորոգման մասին տեղեկություններ է հաղորդում եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրու­թյունը[3]: Սակայն 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից այն քանդվել է, վերականգնվել` 1900 թվականին: Եկեղեցին այժմ կանգուն է[4]: Վկայություն կա այն մասին, որ երբ 1907 թվականի ապրիլի 27-ին Խրիմյան Հայրիկը մեկնել է Թիֆլիս՝ հանդիպելու Կովկասի Փոխարքայի հետ, հետդարձի ճանապարհին անցել է Ջավախքի գյուղերով և օծել մի քանի եկեղեցիներ, որոնցից է եղել նաև Փոքր Սամսարի Սուրբ Հարություն եկեղեցին[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Հարություն Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16,94x9,47 մ: Հարավային 1 axalqalaqi-patara samsari-surb harutyunճակատամասի ստորին աջ անկյունում երկու զարդանախշ է երևում: Հյուսիսային և արևելյան պատերը սվաղած են ցեմենտի լուծույթով: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն պատուհաններ: Մուտքն արևմտյան կողմից է, որի աջ կողմում և վերին մասում առկա է հայերեն արձանագրություն: Մուտքի վերևի մասում տուֆից խաչ է քանդակած: Տանիքի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Տանիքը երկթեք է` երեսապատված թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Դալիճը սյունաշարով բաժանված է երեք նավի: Արևելյան մասում խորանն է՝ աջ և ձախ կողմերում գտնվող ավանդատներով[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Հարություն եկեղեցու քահանաներից են եղել Խաչատուր քհն. Աբգարյանցը[7], Մակար քհն. Հարությունյանը[8]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:

Գերեզմանատուն. Սուրբ Հարություն եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանոցը, որտեղ պահպանվել են նաև 19-րդ դարի տապանաքարեր:

Եկեղեցու վերականգնում. 2005 թվականին խորհրդային տարիներին պահեստի վերածված եկեղեցին մաքրվել է և հիմնանորգվել գյուղի բնակիչ Հուսիկ Աբգարյանի կողմից, իսկ 2006 թվականին՝ վերանորոգվել Հովիկ Աբգարյանի կողմից: 2008 թվականի օգոստոսին Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհնաուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի ու մասնակցությամբ հոգևոր հովվի, օծվեցին Փոքր Սամսար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու գմբեթի խաչը և սրբապատկերները: Խաչը պատրաստվել է գյուղի հավատավոր հայորդիներ Արթուր և Սասուն Աբգարյանների նյութական աջակցությամբ: Խաչի օծումից հետո Սասուն Աբգարյանի կողմից այն տեղադրվեց եկեղեցու զանգակատան գմբեթին[9]:

2009 թվականին Սաշա Գաբրիելյանի բարերարությամբ պատրաստվում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար, որը օծվում և տեղադրվում է եկեղեցու մուտքի մոտ:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ. 8:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-իշրջ.:

[3]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 535:

[4]Ս. Կարապետյան, նույնտեղում:

[5]Արարատ, 1907/ Դ/, էջ 332:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1972. թ. 2; գ. 1991, թ. 3:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1996, թ. 3:

[9]«Էջմիածին», 2008, Ը, էջ147:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:40
 
ՎԱՉԻԱՆ – ՍՈՒՐԲ ՍԻՈՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ 30-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է 1993-2014ԹԹ.: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 10:37

2 vachiani-surb sionis eklesiaԱխալքալաքից 6 կմ հարավ-արևմուտք գտնվող Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցու վերաբերյալ ամենավաղ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունն առկա է հիշյալ ժամանակահատվածի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրերում[1]: 1866 թվականին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2], 1885 թվականին`քարաշեն, փայտածածկ[3]: 1887 թվականի «Նոր Դար» ամսագրի հոդվածներից մեկում եկեղեցին բնութագրվում է՝ որպես «բաւական գեղեցիկ նորաշէն եկեղեցի»[4]: Հավանաբար 1880-ական թվականներին եկեղեցին ենթարկվել է հիմնավոր վերանորոգման: Սուրբ Սիոն եկեղեցին հիշատակվում է նաև թեմի եկեղեցիների 20-րդ դարի սկզբի տեղեկագրերում: Մասնավորապես այն առկա է 1905 թվականի տեղեկագրում[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Սիոն եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 17,96x11,2 մ: Հյուսիսային և հարավային պատերը դրսի կողմից սվաղած են, իսկ արևելյան և արևմտյան պատերը տուֆով են երեսապատված: Մուտքին կից կառուցված է գավիթը, որի վրա զանգակատունն է: Տանիքը երեսապատված է թուջով, որի վրա փոքր չափսի գմբեթն է: Ներքին տարածքը սյուներով բաժանված է երեք նավերի: Եկեղեցու արևելյան մասում խորանն է: Խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Հյուսիսային, հարավային և արևելյան պատերին բացված են երեքական կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան մասում է[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Սիոն եկեղեցու քահանաներից հիշատակվում են Տեր Սիմեոն Կարապետյանը, դպիր` Հովհաննես Տեր-Սիմոնյանը[7], Հարություն քհն. Իշխանյանցը, Գաբրիել քհն. Մկրտչյանը, Սիմեոն քհն. Տեր-Գաբրիելյանը[8], Տեր Կարապետը[9]: Քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:1 axalqalaqi-vachiani-surb sionis eklesia-

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ տեղեկությունների կարելի է հանդիպել թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրում, համաձայն որի դեռևս 1837 թվականից գյուղում դպրոց է գործել, սակայն մշտական շենք չի եղել: 1869 թվականի դրությամբ ունեցել է 61 սովորող, 1 ուսուցիչ[10]: 1874-1875 թվականներին ունեցել է մեկ նախակրթարան: Ուսուցիչ է հիշատակվում Խաչատուր Կարապետյանցը[11]: 1881 թվականին գյուղում բացվել է ռուսական արքունական դպրոց, իսկ հայկականը` փակվել[12]:

Հետխորհրդային շրջան.1914 թվականին արդեն քանդվում է եկեղեցու տանիքը, իսկ խորհրդային տարիներին՝ խոնարհվում: 1990-ական թվականներից սկսած գյուղի ազգաբնակչությունը ձեռնամուխ է լինում եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Կառուցվում է զանգակատունը, եկեղեցու բազիլիկ շինությունը վերածվում է գմբեթավորի, բարեկարգվում է տարածքը: Վերակառուցման աշխատանքներին մեծապես օժանդակում են Ռուսաստանի Դաշնությունում հաստատված վաչիանցիները[13]:

Եկեղեցու վերաօծում.2016 թվականի հոկտեմբերին, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Գյուտ Խաչի» տոնական օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին: Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Մկրտության ավազանը, Սուրբ Սեղանը, սրբապատկերները: Արարողակարգին մասնակցում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, հոգևոր դասը: Հավարտ արարողակարգի, Սրբազանը վաչիանցիներին փոխանցեց Թբիլիսիից բերված սրբապատկեր, որն այսուհետ անբաժան կլինի Սուրբ Սիոն եկեղեցուց: Նորաօծ եկեղեցում անդրանիկ պատարագը մատուցեց Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Արժ. Տ. Տաթև քհն. Մարուքյանը: Հավարտ պատարագի կատարվեց նաև եկեղեցու բակում զետեղված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն:[14]

Սրբատեղի.Գյուղի մերձակայքում պահպանվում են նաև մի շարք մատուռ-սրբատեղիներ, որոնցից հայտնի են՝ Սուրբ. Գր. Լուսավորիչ, Սուրբ Գևորգ, Վերին Ժամ կոչվող սրբատեղիները:

 

Վիրահայոցթեմ

Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4; գ. 457, թ. 59:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[4]«Նոր-Դար», 1887, N 174, էջ 2:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 110-ի շրջ.:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5324, թ. 2; գ. 5309, թ. 2; գ. 5334, թ. 3:

[9]«Նոր-Դար», նույն տեղում:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-ի շրջ.-54:

[11]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44-ի շրջ.:

[12]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 473:

[14]Տես նույն տեղում:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:39
 
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ, 1850-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂՈՒՄ ՀԻՄՔԻՑ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՍՑԵ՝ Ք. ԱԽԱԼՔԱԼԱՔ, ԹԱՎԻՍՈՒՓԼԵԲԱ ՓՈՂ. 55: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 10:27

1 axalqalaqi-surb xachis eklesiaՍուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Ախալքալաք քաղաքի կենտրոնում: Եկեղեցու կառուցման վերաբերյալ հիմնական տեղեկությունները հաղորդում են արխիվային վավերագրերը: 1830-ական թվականներին այն կառուցել են կարինցի գաղթական հայերը սեփական միջոցներով: Հետագայում, 1850-ական թվականներին, ախալքալաքաբնակ Կարապետ Յաղուբյանցի նախաձեռնությամբ հին եկեղեցու տեղում կառուցվել է նոր եկեղեցի[1]:

Եկեղեցու վերանորոգություններ. Եկեղեցու վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 1870-1890-ական թվականներին: 1884 թվականին կատարվել են մասնակի նորոգման աշխատանքներ Ախալցիխեի փոխանորդ Խորեն վրդ. Ստեփանեի նախաձեռնությամբ[2]: 1890-ական թվականներին իրականացվել է եկեղեցու հողածածկ տանիքի նորոգությունը: Վերանորոգումը իրականացվել է տեղի բնակիչների ջանքերով[3]:

Ճարտարապետություն. Սուրբ Խաչ եկեղեցին ընդարձակ դահլիճով գմբեթավոր տաճար է: Արտաքին չափսերն են 27,7x16 մ: Ծածկերն ու գմբեթը պահում են երեք զույգ սյուները: Խորանի երկու կողմում ավանդատներն են: Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից: Այն ունի կրկնահարկ զանգակատուն: Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով և փայտով: Եկեղեցու արևելյան ճակատին ագուցված է 9-10-րդ դարի զարդաքանդակներով մի խաչքար: Մյուս խաչքարը գտնվում է ներսում, խորանի մեջ[4]: 1989 թվականին քաղաքի հայոց գերեզմանոցներից մեկում հայտնաբերված 13-14-րդ դարերի ևս մի խաչքար տեղափոխվել է եկեղեցու բակ[5]:

Ծխատեր քահանաներ. 19-րդ դարում Սուրբ Խաչ եկեղեցում քահանայագործել են Կիրակոս մահտեսի Մարտիրոսյանը[6], Սիմեոն ավագ քահ. Տեր-Վարդանյանցը[7], Հարություն քահ. Մանուսաջյանցը, Հովհաննես քահ. Քաջազնունին[8] և այլք:

Եկեղեցական կալվածքներ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1837 թվականի շարժական և անշարժ կալվածքների ցուցակների համաձայն` Սուրբ Խաչ եկեղեցին ունեցել է ինչպես ծիսական գրքեր, եկեղեցական զանազան իրեր, այնպես էլ անշարժ կալվածքներ: Մասնավորապես տվյալ պահին ունեցել է մեկ կրպակ, եկեղեցու շրջակայքում՝ 8 գազ հողարատածություն[9]:

Դպրոց. 1836 թվականին Սուրբ Խաչ եկեղեցուն կից բացվել է Սբ. Մեսրոպյան անվամբ երկդասյա արական ծխական դպրոց: Մինչև օրս կանգուն դպրոցի շենքը կառուցվել է 20-րդ դարի առաջին տասնամյակում: Այն իր գործունեության ընթացքում մի քանի անգամ փակվել և վերաբացվել է[10]:

1871 թվականի փետրվարի 12-ին եկեղեցու գավթում բացվել է Սանդխտյան օրիորդաց դպրոցը, որի գոյությանը մեծապես աջակցել է տեղացի ձեռներեց Հովհաննես Հովհանջանյանը[11]:

Ընթերցարան. 1885 թվականին Սուրբ Խաչ եկեղեցու գավթի հյուսիս-արևմտյան մասում տեղի բնակիչների հանգանակություններով կառուցվել է ընթերցարան: Եկեղեցու նյութական վիճակը 2 k. axalkalaki surb xach 1փոքրիշատե բարելավվում է 90-ականներին: Կառուցվում են եկեղեցապատկան եկամտաբեր որոշ շինություններ, որոնցից ստացված գումարն օգտագործվել է դպրոցի, ընթերացարանի կարիքները հոգալու համար[12]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. 1921 թվականին եկեղեցին փակվել է՝ ծառայելով որպես աղի պահեստ: Սուրբ Խաչ Եկեղեցին վերաբացվում է միայն 1944 թվականին՝ տեղի հավատավոր բնակչության խնդրանքով:

Գևորգ եպս. Սերայդարյանի առաջնորդության շրջանում, ի շարս թեմի այլ եկեղեցիների,1977 թվականին տեղական իշխանության ծախսերով իրականացվել է նաև Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը: Մասնավորապես ներքին մասնակի նորոգություններից զատ վերացվել են եկեղեցու շրջակայքում գտնվող խարխլված տները: Փոխարենը տնկվել են ծաղկանոցներ: Նախատեսվել է իրականացնել նաև եկեղեցու կենտրոնական ջեռուցում[13]:

1988 թվականին եկեղեցու գավթում տեղադրվել է երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող և խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:

1998 թվականին ձեռներեց Արտավազդ Հարությունյանի հովանավորությամբ եկեղեցու ծածկը ենթարկվել է մասնակի վերանորոգության: 2000 թվականի հուլիսի 22-ին, եկեղեցու բակում տեղակայվել է նաև եկեղեցու հիմնադիր Տ. Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հուշարձանը:

2008 թվականի օգոստոսի 3-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի, օծվեցին Սուրբ Խաչ Եկեղեցու Սուրբ Խորանն ու Մկրտության Ավազանը (բարերարությամբ Կուրղինյան եղբայրների և Ա. Կարաբեկյանի)[14]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թթ. 1-2 :

[2] «Արձագանք», 1885, N 22, էջ 309:

[3] «Մշակ», 1899, N 203, էջ 2:

[4] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 69:

[5] Նույն տեղում, էջ 70:

[6] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 974, թ. 1 ևշրջ.:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 339, թ. 2; գ. 332, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 374, թ. 4:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 123 և շրջ.:

[10] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 65:

[11]  «Նորաշեն» հանդես,  2007, /2/(8), էջ 8:

[12] Նույն տեղում:

[13] «Էջմիածին», 1978, Գ, էջ 62:

[14]«Էջմիածին», 2008, Ը, էջ 148:

Last Updated on Saturday, 13 October 2018 14:32
 
ՍՈՒԼԴԱ -ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 1830-ԱԿԱՆՆԵՐԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 10:17

2 sulda-surb xach-1Եկեղեցու հիմնադրում և վերանորոգություններ. Սուլդա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել 1839-1840-ական թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների և հոգևորականների տեղեկագրում: Քահանա է հիշատակվում Տեր Սիմեոն Տեր-Հովհաննիսյանը[1]: 1853 թվականին եկեղեցին վերակառուցվել է և վերաօծվել: Շինարարության մեջ օգտագործվել են նաև Հոկամ և Կաշ գյուղերի միջև գտնվող ավեր շինության սրբատաշ քարերը[2]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[3], 1885 թվականին`քարաշեն, փայտածածկ[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 19,01x10,87մ: Եկեղեցու չորս ճակատամասերին 1 sulda-surb xachբացված են կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Արևմտյան պատին կից 4 սյուներով սյունասրահ է, որի վրա վեցանիստ զանգակատունն է: Եկեղեցու ծածկը կամարաձև է և երեսապատած է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են ու ներկած: Դահլիճը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավերի: Արևելյան մասում խորանն է՝ աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատներով: Մկրտության ավազանը հյուսիսային պատին[5] է:

Սբ. Գևորգ մատուռ. Սուլդա գյուղի հարավային եզրի բլրի գագաթին է գտնվում Սուրբ Գևորգ մատուռը: Մատուռը միանավ հորինվածքով, սրբատաշ, մեծաչափ քարով, կրաշաղախով կառուցված շինություն է: Պահպանված բարձրությունը հազիվ 2 մ է, արտաքին չափսերը՝ 6,9x4,8 մ: Շինարվեստն ու կառուցողական առանձնահատկությունները հնաոճ են, բնորոշ` Թ-Ժ դարերին[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Խաչ եկեղեցու քահանաներից են եղել Մկրտիչ քհն. Մալխասյանցը, Սարգիս քհն. Ֆարմանյանը[7]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:

Դպրոց. 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի հաղորդած տվյալների համաձայն` Սուլդա գյուղը դպրոցի համար հատուկ շենք չի ունեցել[8]: 1875 թվականի 2 sulda-surb xach-2տեղեկագրում նշվում է, որ ունի մեկ նախակրթարան: Ուսուցիչ է հիշատակվում Մատթևոս Հովհաննիսյանցը[9]: Սուլդան Ախալքալաքի այն քիչ գյուղերից է, որ կարողացել է ավարտին հասցնել դպրոցական շենքի կառուցումը: Մեծ է եղել տեղի բնակիչ Հովհաննես Մալխասյանցի ներդրումը: Նորակառույց դպրոցը բացվել է 1917 թվականին[10]:

Գերեզմանատուն. Սուրբ Խաչ եկեղեցու արևելյան կողմում է տարածվում գյուղի երկու գերեզմանոցներից մեկը:

Եկեղեցու վերաօծում. 2016 թվականի հոկտեմբերի 22-ին Սուլդա գյուղում տեղի ունեցավ Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի: Եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի առաջնորդ Նիկոլոզ արքեպիսկոպոս Փաճուաշվիլին, բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Վրաստանից:

Եկեղեցին վերականգնվել է ծագումով Սուլդայից, բայց այժմ ռուսաստանաբնակ Հրազդան Առաքելյանի հովանավորությամբ և մի խումբ համագյուղացիների նյութական օժանդակությամբ: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սրբալույս Մյուռոնով կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի, 16 սյուների, ավագ դռան և մկրտության ավազանի օծումը: Հավարտ եկեղեցու վերաօծման կարգի, եկեղեցու բարերար Հրազդան Առաքելյանին Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանձնեց Օրհնության գիր և հուշանվեր: Այնուհետև Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը մատուցեց եկեղեցու անդրանիկ Սուրբ Պատարագը[11]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 54-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3352, թ. 4-5:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 462:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5209, թ. 2; գ. 5235, թ. 3:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-ի շրջ.-54:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

[10]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 459-460:

[11]http://armenianchurch.ge/hy/lurer?start=235, Վիրահայոց թեմի մամլո դիվան

Last Updated on Thursday, 26 July 2018 10:35
 
ՄԵՐԵՆԻԱ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 ԹՎԱԿԱՆԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 10:08

3 merenia surb astvatsatsin 1Մերենիան Ախալքալաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող հայաբնակ գյուղ է: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին[1]: Սուրբ Աստվածածին եկեղեցու անունն առկա է 1839-1840 թթ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների և հոգևորականների տեղեկագրում: Դպիրներ են հիշատակվում Հակոբ Սարգսյանը, Խաչատուր Հովհաննիսյանը, Գալուստ Մակարյանը[2]: 1866 թվականի դրությամբ այն դեռևս փայտաշեն էր[3], արդեն 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[4]: 1899 թվականի դեկտեմբերի 19-ին, ինչպես Ախալքալաքի մի շարք գյուղերի եկեղեցիները, այնպես էլ Սբ. Աստվածածինը փլվում է երկրաշարժից, բայց մի քանի տարվա ընթացքում նորից վերակառուցվում է[5]:2 merenia surb astvatsatsin 2

Ճարտարապետություն. Մերենիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է միանավ դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16 х 11 մ: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում արված է միատող հայերեն արձանագրություն: Զանգակատունը կառուցված է մուտքի վերևում: Տանիքը երեսապատված է թիթեղով: Պատերը սվաղած և ներկած են սպիտակ ներկով: Շինության արևելյան մասում է գտնվում խորանը, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Հովակիմ քհն. Բաղդասարյանը[7], Իսահակ քհն. Ասլանյանցը[8]: Քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:

Դպրոց. Եկեղեցու գավթում է գտնվել քարուկրից շինված եկեղեցա-ծխական դպրոցը, որտեղ սովորեցրել են մասնավոր ընթերացանություն[9]: 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն՝ եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1863 թվականին հասարակության միջոցներով: 1869 թվականին ունեցել է 43 սովորող, 1 ուսուցիչ[10]: 1 merenia surb astvatsatsinՈւսուցիչներից հիշատակվում է Հարություն Ասլանյանցը[11]:

Եկեղեցու վերաօծում. 2010 թվականին գյուղացիների նախաձեռնությամբ քանդվում են խորհրդային տարիներին պահեստի վերածված Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում գտնվող փայտյա երկհարկանի ամբարները, և սկսվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները: 2013 թվականի ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի և տեղի հոգևոր դասի, վերաօծվում է Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հայ Եկեղեցու օծման կարգով ապրիլի 6-ի երեկոյան կատարվեց նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները: Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է նախկին մերենիացիների (Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Փոչիկյանի) բարերարությամբ[12]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 393:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50 և շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.:

[4] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5] Ս. Կարապետյան, Ջավախք, նույն տեղում:

[6] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3985, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3969, թ. 2; գ. 3974, թ. 2; գ. 3999, թ. 2:

[9] «Արձագանք», նույն տեղում:

[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[11] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[12] http://hetq.am/arm/news/25211/veraotsvec-javakhqi-merenia-gyuxi-surb-astvatsatsin-ekexecin.html.

   Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:44
 
ՄԵԾ ՍԱՄՍԱՐ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 09:57

3 axalqalaqi-didi samsari-surb astvatsatsin-1Ըստ պատմական որոշ տեղեկությունների, գյուղըհիմնադրվել էավերված Սամսար քաղաքատեղիում: Որոշ գիտնականներ Սամսար քաղաքը նույնացնում են Սամոսատի հետ[1]:

Եկեղեցու կառուցում. Մեծ Սամսար գյուղի մինչև օրս կանգուն Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցին հիմնադրվել է 1848 թվականին[2]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[3], 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[4]: 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից եկեղեցին հիմնովին խարխլվել է, 1902 2 խորանի մաս axalqalaqi-didi samsari-surb astvatsatsin-թվականին դարձյալ վերակառուցվել: Եկեղեցու բարավորին առկա արձանագրությունը տեղեկություններ է հաղորդում թե′ երկրաշարժի և թե′ վերակառուցման մասին[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցու արտաքին չափսերն են 16.25x8.15մ[6]: Մուտքը բացված է արևմտյան կողմից: Կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Շինարարության ժամանակ որպես կցանյութ կիրառվել է կիրը: Մուտքը արևմտյան կողմից է, որի աջ և վերին մասերում կան հայերեն արձանգրություններ: Տանիքի արևմտյան մասում է կառուցված քառասյուն զանգակատունը: Ծածկը երեսապատված է թիթեղով: Ներսի պատերը սվաղված են և 1 axalqalaqi-didi samsari-surb astvatsatsinներկած: Դահլիճը սյուներով բաժանված է նավերի: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[7]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից է եղել Հարություն քհն. Կարապետյանը: Քահանայագործել է 1860-1880-ական թվականներին[8]:

Դպրոց. Եկեղեցածխական դպրոցի վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 1870-ական թվականներից: Ուսուցիչներից հիշատակվում է Խաչատուր Տեր-Ազարյանցը[9]:3 axalqalaqi-didi samsari-surb astvatsatsin-2

Եկեղեցու վերաօծում. Հետխորհրդային տարիներին Մեծ Սամսար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս հայտնվում է անմխիթար վիճակում, որի վերանորոգությունը նախաձեռնվում է նախկին սամսարցիների կողմից: 2004 թվականի հոկտեմբերին ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, իսկ 2005 թվականի օգոստոսին Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Աղոթատունը նորոգվել է գյուղի հիմնադիր Տ. Բարսեղ քահանայի թոռներից մեկի՝ ռուսաստանաբնակ Սամվել Բարսեղյանի միջոցներով[10]:

Սրբատեղիներ. Առ այսօր Մեծ Սամսարի տարածքում պահպանվում են 11-12-րդ դարերի Խաչ Մաղալ ժայռափոր եկեղեցին և 11-13-րդ դարերի ժայռափոր երեք եկեղեցիներ ու մեկ մատուռ: Կան նաև նշված դարաշրջանին պատկանող խաչքարեր: Այս ամենը ուշադրությամբ պահվում և պահպանվում են տեղի հայ բնակչության կողմից: Մեծ Սամսար գյուղի եզրին պահպանվում է նաև Կարմրավոր անվամբ մի սրբատեղի[11]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] «Էջմիածին», 2005, Է-Ը, էջ 171:

[2]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 379:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ.74-ի շրջ.:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]Ս. Կարապետյան, նույնտեղու,:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2629, թ. 2; գ. 2633, թ. 2; գ. 2657, թ. 3, գ. 2662, թ. 3:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43:

[10]Էջմիածին», նույն տեղում:

[11]Ս. Կարապետյան, նույն տեղում:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:42
 
ՄԱՋԱԴԻԱ – ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1840-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՍԲ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՄԲ, ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 1867 ԹՎԱԿԱՆԻՆ PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 09:47

 2 axalqalaqi-majadia-surb grigor lusavorich-2Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող Մաջադիա գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրվել է 1867 թվականին, ինչի մասին է վկայում եկեղեցու մուտքից վեր բարավորին արված շինարարական արձանագրությունը: Համաձայն արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով, իսկ եկեղեցու կառուցման վարպետն է եղել Կարապետ Կոծմանյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին օծվել է Գրիգոր եպս. Սաքինյանցի ձեռամբ[1]: Այն հիշատակվում է որպես քարաշեն, կամարակապ շինություն[2]: Մինչ հիշյալ եկեղեցու կառուցումը, գյուղում գործել է Սբ. Հարություն անվամբ եկեղեցի, որի վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի 1840-1850-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցին` Սուրբ Հարություն անվամբ հիշատակվում է թեմի եկեղեցիների վերաբերյալ 1840 2 axalqalaqi-majadia-surb grigor lusavorich-1թվականի տեղեկագրում[3]:

Ճարտարապետություն. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 18,34x10,15մ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու ճակատային մասում արված է քանդակազարդ հայերեն արձանագրություն: Մուտքի վերևում քանդակված է տուֆից խաչաձև զարդանախշ: Տանիքի արևմտյան մասում կառուցված է փոքր չափսի երկհարկ զանգակատունը: Եկեղեցու երկթեք տանիքը երեսապատված է տուֆի սալիկներով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Դահլիճը սյունաշարերով բաժանված է երեք նավերի: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյոսիսային պատին մկրտության ավազանն է:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաներից են եղել Սարգիս քհն. Մելիքյանցը[4], Կարապետ քհն. մահտեսի Հարությունյանը[5]:

Գերեզմանատուն. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ոչ հեռու տարածվում է գերեզմանատունը, որտեղ առկա են 6-7-րդ դարերին բնորոշ քառակող կոթողների բեկորներ, 15-16-րդ դարերով 1 axalqalaqi-majadia-surb grigor lusavorichթվագրվող խաչքար[6]:

Եկեղեցու վերանորոգություն. Խորհրդային անաստվածության տարիներից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ևս սրբագործվելու և վերանորոգվելու կարիք ուներ: 2013 թվականին Սամարայում բնակվող նախկին մաջադեցիների կողմից վերանորգվում է Մաջադիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 2017 թվականին իրականացվում են եկեղեցու տանիքի, ներքին սալապատման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

2017 թվականի մայիսի 28-ին, եկեղեցու կառուցման 150-ամյակի կապակցությամբ, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ քահանայի և Հոգեշնորհ Հայր Սուրբի կողմից քաջալերանքի և շնորհավորանքի խոսքեր ուղղվեցին Մաջադիայի բնակչությանը՝ եկեղեցի ունենալու 150-ամյակի, այն իրենց ձեռքերով վերանորոգելու ու պահպանելու կապակցությամբ[7]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 363:

[2] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3832, թ. 3:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3817, թ. 3:

[6] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 364:

[7] Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:30
 
ԿԱՐԾԱԽ - ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 09:35

2.2Եկեղեցու հիմնադրում և վերանորոգություններ. Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղը հնամենի հայաբնակ գյուղերից է: Գյուղի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու մասին հիշատակվում է 1839-1840 թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի հոգևորականների և եկեղեցիների տեղեկագրում[1]:

1860 թվականին կարծախցիները նախատեսում էին վերանորոգել հին եկեղեցին, ապա պարսպապատել[2]: Սակայն հին եկեղեցին փոքր էր և չէր բավարարում մարդաշատ Կարծախին, ուստի 1880-ական թվականներին որոշում են նոր եկեղեցի կառուցել[3]: Ըստ պահպանված շինարարական արձանագրության` եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1894 թվականին[4], մեկ այլ տվյալի համաձայն` 1896 թվականին[5]: Ըստ վերջինիս` շինարարության կասեցման պատճառը միջոցների սղությունն էր: Ըստ ամենայնի եկեղեցու կառուցումն ավարտվել է 1896 թվականին, զանգակատան կառուցմամբ: Զանգերը նվիրել էր թիֆլիսեցի Բագրատ Ալիբեկյանը[6]: 1880-1896-ական թվականներին նախկին եկեղեցու տեղում կառուցված բազիլիկ տիպի զանգակատնով հոյակերտ տաճարի շինարարությանը իրենց մասնակցությունն են բերել այդ ժամանակաշրջանի թիֆլիսաբնակ անվանի հայ առևտրականները[7]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է սև բազալտից: Բազիլիկ տիպի կառույց է: Եկեղեցու արտաքին չափսերն են 23.75x13.25 մ[8]: Այն ունի երկու մուտք` բացված հարավից և արևմուտքից: Արևմտյան մուտքին հայատառ գրություն կա, որի վերևում կարմիր տուֆից խաչաձև քանդակ է արված: Ճակատամասերին առկա են դեկորատիվ կամարներ, իսկ պատերին բացված են կամարակապ պատուհաններ: Արևմտյան պատին` վերին ձախ և աջ մասերում, առկա են կլոր որմնախորշեր: Արևմտյան ճակատամասին կառուցված է զանգակատունը: Տանիքը թեք է, երեսապատված` տուֆի սալիկներով: Ներքին տարածքում պատերը անմշակ են: Դահլիճը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավի: Շինության արևելյան մասում Սբ. Խորանն է՝ աջ և ձախ կողմերում ավանդատներով: Հյուսիսային պատին կառուցված է մկրտության ավազանը[9]: Եկեղեցու մուտքի արևմտյան ճակատին՝ զանգակատան ներքևի հատվածում, արված են շինարարական արձանագրություններ, որոնք առաջին անգամ հրատարակվել են Ս. Կարապետյանի կողմից[10]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցու քահանաներից են եղել Տեր Եղիա քհն. Տեր-Հովհաննիսյանը[11], Հովհաննես քհն. Տեր-Գրիգորյանը[12], Հակոբ քհն. Միքայելյանցը[13], Մարտիրոս քհն. Տեր-Մարտիրոսյանցը[14]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:1

Դպրոց. Կարծախ գյուղի ուսումնարանի վերաբերյալ ամենավաղ տեղեկությունները վերաբերում են 1837 թ.[15], սակայն մեկ այլ`1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի հաղորդած տվյալների համաձայն` գյուղի դպրոցը հիմնվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: Հարկ է նշել, որ դեռևս 1860 թվականին կարծախցիներն արդեն իսկ դպրոց բացելու մտադրություն ունեին և այդ խնդրով դիմել էին կոնսիստորիային[16]: 1869 թվականի դրությամբ դպրոցն ունեցել է 56 սովորող, 2 ուսուցիչ[17]:

Եկեղեցու վերաօծում. 2012 թվականի հուլիսին, մեծն Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ավանդական մեծարման օրը, ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և մասնակցությամբ հոգևոր դասի վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին: Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը սկսվեց հուլիսի 13-ի երեկոյան, «Դռնբացեքի» արարողությամբ: Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ Խորանը, մկրտության ավազանը և սրբապատկերները[18]:

Եկեղեցին վերանորոգվել է ծնուդով կարծախցի մի խումբ բարերաների նյութական աջակցությամբ:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 53-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4152, թ. 1 և շրջ.:

[3]«Նոր-Դար», 1891, N 150, էջ 3 :

[4]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 285:

[5]«Նոր-Դար», 1896, N 180, էջ 3 :

[6] «Նոր-Դար», 1898, N 13, էջ 4 :

[7]http://armenianchurch.ge/hy/news/34-news/274-karcax, Վիրահայոց թեմի մամլո դիվան:

[8]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[9]Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրությանկենտրոն: Վիրահայոցթեմ:

[10]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 286:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում:

[12]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3214, թ. 2; գ. 3226, թ.2:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3237, թ. 3:

[14]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3245. թ. 3:

[15]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3931, թ. 69:

[16]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4152, նունտեղում:

[17]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-իշրջ.-54:

[18]http://armenianchurch.ge/hy/news/34-news/274-karcax, Վիրահայոց թեմի մամլո դիվան:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:26
 
ԼՈՄԱՏՈՒՐՑԽ - ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇՏԱԿՎՈՒՄ Է 1840-ԱԿԱՆՆՆԵՐԻՑ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 09:22

2 Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքից 17 կմ հյուսիս գտնվող Լոմատուրցխ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ ամենավաղ հիշատակությունները հաղորդում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերը: Այն հայտնի է Սուրբ Փրկիչ և Սբ. Ամենափրկիչ անուններով: Այսպես` 1857-1860-ական թվականների տեղեկագրում այն հիշատակվում է Սբ. Փրկիչ անվամբ[1], 1864-1867-ական թվականների մեկ այլ տեղեկագրում` Սբ. Ամենափրկիչ[2]: 19-րդ դարի 60-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[3]: «Արձագանք» թերթի տվյալների համաձայն` 1885 թվականին այն արդեն քարաշեն էր, փայտածածկ[4]: 19-րդ դարի 90-ական թվականներին եկեղեցին վերանորոգման կարիք ուներ: Կառավարության հարուցած արգելքների պատճառով սկսված շինարարական աշխատանքներն ընթացել են դժվարություններով[5]: 20-րդ դարի սկզբին եկեղեցին դարձյալ վթարային վիճակում էր: 1905 թվականին աշխատանքներ են ծավալվում հիմնովին նոր եկեղեցի կառուցելու ուղղությամբ: Ըստ եկեղեցու պատին արված արձանագրության՝ շինարարական աշխատանքները սկսվել են 1906 թվականին[6]:

Գյուղի հյուսիս-արևմտյան եզրին տարածվում է գյուղի գերեզմանոցը:

Ճարտարապետություն. Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցված է տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16,82x9,67 մ: Հարավային և հյուսիսային 1-2պատերին բացված են կամարակապ պատուհանները: Մուտքը հարավային կողմից է: Տանիքի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը՝ հենված 4 սյուների վրա: Երկթեք ծածկը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքն իրենից ներկայացնում է մեկ մեծ դահլիճ, որտեղ ոչ մի բաժանող սյուն չկա: Պատերը սվաղած են և ներկած: Հյուսիսային մասում է գտնվում Սբ. Խորանն՝ աջ և ձախ կողմերի ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է նաև մկրտության ավազանը: Կամարակապ առաստաղը երեսապատված է փայտե տախտակներով[7]:

Ծխատերքահանաներ. Սուրբ Փրկիչ եկեղեցու քահանաներից է եղել Ղուկաս քհն. Տեր-Բաղդասարյանը[8]:

Դպրոց. Լոմատուրցխ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1863 թվականին տեղի բնակիչների միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 20 սովորող[9]: Ուսուցիչներից է եղել Հովհաննես Տեր-Բաղդասարյանը[10]:

Եկեղեցու վերաօծում.Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պատկանում է այն եկեղեցիների թվին, որը Խորհրդային Միության տարիներին իր գործառույթները կորցրեց և վերածվեց կոլտնտեսության պահեստի, ապա հարսանյաց և հոգեհացի արարողությունների սրահի, իսկ հետո մատնվեց անուշադրության:

2016 թվականին, նախկին լոմատուրցխեցի Սեդրակ և Արթուր Խաչատրյան եղբայրների նախաձեռնությամբ և բարեգործությամբ, կարճ ժամանակամիջոցում գյուղի շինարար երիտասարդների ակտիվ մասնակցությամբ և տեղացի Գևորգ Իրիցյանի համակարգմամբ իրականացվեցին եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

2017 թվականի հունիսի 11-ին, իր առաջին օծումից 111 տարի անց, գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ վերաօծման հանդիսավոր արարողությունը:

Եկեղեցու վերաօծումը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Փրկիչ եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները: Վերակառուցված և վերաօծված եկեղեցում կատարվեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի Առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Տոնական օրը գյուղի բնակչության համար ավարտվեց Սեդրակ և Արթուր Խաչատրյանների կողմից կազմակերպված հյուրասիրությամբ[11]:

 

Վիրահայոցթեմ 

Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 40-ի շրջ.-41:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 56-ի շրջ.:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.-75:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 8948, թ. 1 ևշրջ., 25-26:

[6]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 214:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2707, թ. 2; գ. 2713, թ. 2:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[10]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43:

[11]http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1347-ekghecu-ocum: Վիրահայոց թեմի մամլո դիվան:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:15
 
ԴԻԼԻՍԿԱ - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 08:47

3 diliska surb sargisԴիլիսկան Ջավախքի բազմամարդ գյուղերից մեկն է: Գյուղում պահպանված հնագիտական հուշարձանները վկայում են, որ Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Վերջինս Ջավախքի այն սակավաթիվ գյուղերից է, որը 1830 թվականին Կարնո հայտնի գաղթի ժամանակ ուներ տեղաբնիկ հայ բնակչություն[1]:

Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին հիշատակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1840 թվականի եկեղեցիների տեղեկագրում, համաձայն որի եկեղեցու ծխականների թիվը տվյալ պահին եղել է 499[2]: Նոր եկեղեցին կառուցվել է 1870-ական թվականների սկզբին[3]: 1885 թվականին եկեղեցին քարաշեն էր, փայտածածկ: Այն ունեցել է նաև Գրիգոր վարդապետի ձեռքով գրված ձեռագիր Ավետարան[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով, պատկանում է միանավ դահլիճի տիպին: Բացառություն է կազմում արևմտյան ճակատը, որը կառուցված է սրբատաշ քարից: Պատերին ներքուստ ագուցված են 15-16-րդ դարերի խաչքարեր: Եկեղեցու արտաքին չափսերն են 19,68x12 մ: 2diliska surb sargisԱրևմտյան ճակտոնի գագաթին վեց սյունով զանգակատունն է[5]: Մուտքը արևմտյան կողմից է: Վերջինիս ճակատային մասից բացված է կիսաշրջանաձև պատուհան: Ծածկը կորաձև է: Նախկինում եղել է փայտաշեն, իսկ այժմ երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքը չորս զույգ փայտե սյուներով բաժանված է եղել երեք նավերի, այժմ՝ առանց որևէ օժանդակ սյան մեկ մեծ սրահ է: Սուրբ Խորանը կառուցված է արևելյան մասում՝ իր աջ և ձախ ավանդատներով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[6]:

Ծխատեր քահանաներ. 1830-40-ական թվականներին Սուրբ Սարգիս եկեղեցում քահանայագործել է Տեր-Հովհաննես քահ. Տեր-Սարգսյանը: Դպիրներն են եղել Հովհաննես Տեր-Բարսեղյանը, Ալեքսանդր Վարդանյանը, Տոնական Համբարյանը[7]:

Դպրոց. 1837 թվականին գյուղում հիմնվել է խալֆայական կարգի առաջին դպրոցը[8]: 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցական տեղեկագրի համաձայն` Դիլիսկա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 70 սովորող, մեկ ուսուցիչ[9]: Դպրոցը գործել է մինչև 1885 թվականը: Հետագայում գյուղում բացվել է ռուսական պետական դպրոց, որը գործել է մինչև 1918 թվականի[10]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Ինչպես բազմաթիվ եկեղեցիներ, Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ևս Խորհրդային տարիներին հայտնվում է տնտեսական 1 diliska surb sargisնշանակության շինության կարգավիճակում: Այդ տարիներին, եկեղեցին չծառայելով իր նպատակին, խոնավության ու անբարեկարգության պատճառով, աստիճանաբար հայտնվում է անմխիթար վիճակում: Սակայն հետագայում եկեղեցին և հարակից տարածքը ամբողջությամբ վերանորոգվում ու բարեկարգվում են ծնունդով Դիլիսկայից Սամվել Նահատակյանի նյութական աջակցությամբ ու բարերարութ­յամբ[11]:

Եկեղեցու վերաօծում. 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցու վերաօծման ընթացքում կատարվեց տաճարի օրհնություն, ապա վերաօծվեցին տասնվեց սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները և խաչքարերը: Այնուհետեւ մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագը[12]:

Ջավախքում Սուրբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Ընդունված ավանդույթի համաձայն՝ այդ օրը երիտասարդները հեռու և մոտիկ գյուղերից ու բնակավայրերից, ուղևորվում են դեպի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին[13]:

Եկեղեցին այսօր էլ իր ակտիվ գործունեությունն է ծավալում: Ծագումով դիլիսկացի, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ, 2017 թվականին կրկին վերանորոգվեց Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցին ավելի շքեղ տեսք ստացավ՝ որմնանկարներով զարդանախշված խորանով և մկրտության սուրբ ավազանով: 2017 թվականի դեկտեմբերի 9-ին վերանորգված եկեղեցու բակում կատարվեց հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին և անհայտ զինվորին նվիրված խաչքարերի օծման արարողություն: Եկեղեցու և հիշատակի խաչքարերի օրհնության կարգը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ[14]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2009, ԺԲ, էջ 134:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[3]«Մշակ», 1876, N 21, էջ 3:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 42:

[5]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 159-160:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 60-իշրջ.:

[8]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 159:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թթ. 54-55:

[10]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[12]«Էջմիածին», նույն տեղում:

[13]http://armtimes.com/hy/article/126956: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

[14] http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1510-khachqar-diliska: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:11
 
ԴԱԴԵՇ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, 1867 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՂՄՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ 2015Թ.: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 08:37

2 dasdeshi-surb astvatsatsinis eklesiaԴադեշ գյուղը գտնվում է Ախալքալաքից 13 կմ հարավ-արևմուտք: Գյուղի բնակիչների նախնիներն այստեղ հաստատվել են 1830 թվականի կեսերին, Էրզրումի նահանգի Աշկալա գյուղից, Մուշից, Կարսից: Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից է Սուրբ Աստվածածին հին եկեղեցին[1]։

Եկեղեցու հիմնադրում. Դադեշ գյուղում եղել են Սուրբ Աստվածածին անվամբ հին և նոր եկեղեցիներ: Հին եկեղեցին հիմնադրվել է 10-11-րդ դարերում: 19-րդ դարում գյուղում վերաբնակեցված հայերը նախ նորոգել են հին կիսախարխուլ եկեղեցին, ապա 1848 թվականին եկեղեցու օծման խնդրանքով դիմել են Ախալցխայի Հոգևոր կառավարությանը[2]: 1867-1868 թվականներին հին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է նոր համանուն եկեղեցին[3]: 1885 թվականի դրությամբ եկեղեցին քարաշեն էր, փայտածածկ[4]: Գյուղի բնակիչների վկայությամբ նոր եկեղեցին եղել է գմբեթավոր, որն էլ հետագայում փլուզվել է:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է գմբեթավոր սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 19,47x10,6մ: Շինարարության ժամանակ որպես կապակցանյութ գործածվել է կիրը, ինչը պարզորոշ երևում է շինության ճակատամասերին: Հյուսիսային և հարավային պատերին բացված են ուղղանկյուն պատուհաններ: Հյուսիսային պատին կից պահպանվել է միջնադարյան հին եկեղեցուց մի հատված: Եկեղեցու մուտքը արևմտյան կողմից է: Տանիքի 1 dadeshi-surb astvatsatsinարևմտյան մասում է գտնվում զանգակատունը, իսկ տանիքի կենտրոնական մասում կանգնած է ութանիստ գմբեթը: Գմբեթի նիստերին բացված են ուղղանկյուն պատուհաններ: Ներքին տարածքը երեք սյուներով բաժանված է խոյակների: Արևելյան մասում է գտնվում քանդակազարդ Սբ. Խորանը՝ իր աջ և ձախ ավանդատներով: Մկրտության ավազանը հյուսիսային պատի մեջ է[5]:

Ծխատերքահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Մարտիրոս քահ. Մահտեսի Հովսեփյանը, Կարապետ քահ. Տեր-Գաբրիելյանցը[6], Զաքարիա վարդապետ Զաղունեանցը[7], ովքեր քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:

Դպրոց. 1869 թվականի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցական տեղեկագրի համաձայն` Դադեշ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է գյուղի հասարակության միջոցներով 1864 թվականին: Տվյալ պահին ունեցել է 20 սովորող, 1 ուսուցիչ[8]:

Եկեղեցու վերաօծում.Դադեշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին խորհրդային տարիներից ի վեր չի գործել: Եկեղեցու վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2014 թվականին, ավարտվել` 2017 թվականին: 2017 թվականի հունիսի 10-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, կատարվեց վերակառուցման ընթացքի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին հին եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի ու զանգի օծման արարողությունը։ 2017 թվականի սեպտեմբերին 16-ին՝ իր առաջին օծումից տասնամյակներ անց, հիմնովին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Եկեղեցին վերականգնվել է ռուսաստանաբնակ Լյուդվիգ Թումասյանի ընտանիքի և Ռուսաստանի Դաշնությունից նրանց աջակցող հարազատների և ընկերների բարերարությամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց առաջին մկրտությունը[9]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 153:

[2]Տես նույն տեղում:

[3]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 5094, թ. 1 և շրջ.:

[4]«Արձագանք», 1885, N 3,էջ 41:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16-ի շրջ.; ց. 2, գ. 5488, թ. 2; գ. 5503, թ. 3:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5473, թ. 2:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53 շ.-54:

[9]Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:http://armenianchurch.ge/hy/news/34-news/1395-yekeghecu-ocum:

Last Updated on Thursday, 26 July 2018 10:08
 
ԳՈՒՄԲՈՒՐԴՈ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿ¬ԵՂԵՑԻ, ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 2017 ԹՎԱԿԱՆԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 08:26

IMG 2468Եկեղեցու կառուցում. Գումբուրդո գյուղի արևմտյան եզրին` դեպի Կուր գետը նայող զառիթափ բարձունքի վրա,[1] «Խաչի Դուրան» տեղանքում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 2011 թվականին, Գումբուրդոյի բարեպաշտ հայորդիներ Խաչատուր և Սայաթ Սահարյանների նախաձեռնությամբ և բարերարությամբ: 2017 թվականի ապրիլի 22-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ, սրբալույս մյուռոնով օծվեց նորակառույց IMG 2471Սուրբ Խաչ եկեղեցին: Անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցվեց Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի կողմից:

Ճարտարապետությունը.Եկեղեցին կառուցված է կարմիր տուֆից: Ընդհանուր չափսերն են 6x9,5մ: Պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Ճակատամասերը զարդանախշած չեն: Պատերի և տանիքի միացման տեղերում առկա են քիվեր: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում հայերեն քառատող գրություն է արված: Գյուբորդո 1Տանիքի արևմտյան մասում՝ 6 սյուների վրա, կառուցված է զանգակատունը: Գմբեթը կազմված է ութ նիստերից, որտեղ բացված են 4 պատուհաններ: Եկեղեցու ծածկը երեսապատված է տուֆի սալիկներով: Շինության արևելյան մասում՝ չորս աստիճան բարձրության վրա, կառուցված է խորանը, իսկ հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[2]:

Ժողովրդական ավանդություն. «Խաչի Դուրան» տեղանքում կառուցված նոր եկեղեցու շնորհիվ գումբուրդոցիները հնարավորություն ունեցան Սուրբ Զատկի ավանդական տոնակատարությունն արդեն հավուր պատշաճի նշելու՝ հոգևոր կանոններով և ծիսական համապատասխան արարողություններով: Գումբուրդո գյուղում իրականացվող այս ծիսական արարողակարգը տարածաշրջանում եզակի է իր բնույթով և հավատավոր ժողովրդի համընդհանուր մասնակցության առումով:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2001, (Ժ-ԺԱ), էջ135:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

 

Last Updated on Thursday, 26 July 2018 10:07
 
ԲՈՒՂԱՇԵՆ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 08:19

1 bughasheni-surb harutyunԵկեղեցու հիմնադրում. 1830 թվականին Կարնո գավառի Տանձուտ և Բռնակապան գյուղերի հայ բնակիչները վերաբնակեցվել են Բուղաշենում: Այդ տարիներին էլ ժողովրդի միջոցներով գյուղում կառուցվել է փայտաշեն, ապա՝ քարաշեն, փայտածածկ եկեղեցի: Եկեղեցին օծվել է Սուրբ Հարություն անվամբ: 1840 թվականի դրությամբ եկեղեցու ծխականների թիվը եղել է 111[1]: 1840-ական թվականներին այն դեռևս փայտաշեն էր,[2] 1880-ական թվականներին` քարաշեն, փայտածածկ[3]: 1899 թվականին եկեղեցին ավերվել է երկրաշարժից, հիմնովին վերանորոգվել՝ 1909 թվականին: Պահպանվել է նաև վերանորոգումը փաստող շինարարական արձանագրությունը[4]:Եկեղեցին վերանորոգումից հետո գործել է մինչև 1930-ական թվականները: Խորհրդային տարիներին այն փակվել և վերածվել է պահեստի, իսկ քահանան՝ աքսորվել[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է մոխրագույն տուֆից: Պատկանում էերկթեք սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 15,93x10,14 մ: 2 bughasheni-surb harutiunis eklesiaԱրևմտյան ճակատը կառուցված է սրբատաշ քարով: Նույն կողմի ճակտոնին կանգուն է վեց սյուների վրա հենված սրածայր վեղարով զանգակատունը[6]:Եկեղեցու ճակատամասերը զարդանախշած չեն: Պատուհանները բացված են հարավային և հյուսիսային պատերին: Մուտքը բացված է արևմտյան պատին: Մուտքի վերևում հայերեն լեզվով արձանագրություն կա: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Առաստաղը երեսապատած է պլաստիկ մոդուլներով[7]:

Ծխատերքահանաներ. Բուղաշեն գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու քահանաներից են եղել Մարտիրոս Սաղաթելյանը[8], Մինաս քահ. Մկրտչյանը[9], Գալուստ քահ. 3 եթե հարմար է կամ որպես 2 -րդ խորանի մասը bughasheni-surb harutyunՊալյանցը[10], ովքեր քահանայագործել են 1830-1880-ական թվականներին:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել 1860-ական թվականներին վերաբերող փաստաթղթերում: Մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրի համաձայն՝ Բուղաշեն գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը տվյալ պահին ունեցել է 28 աշակերտ: Այն հիմնադրվել է տեղի հասարակության միջոցներով, 1864 թվականին[11]:

Եկեղեցու վերաօծում. 2009 թվականի օգոստոսի 8-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի՝ վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին, որին հաջորդեց անդրանիկ պատարագի մատուցումը: Սուրբ Հարություն եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է ծնունդով բուղաշենցի, ռուսաստանաբնակ Խաչատուր Եղոյանի միջոցներով[12]
 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802(1), թ. 63-ի շրջ.-64:

[3]«Արձագանք», 1885, N 3, էջ43:

[4]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 126:

[5]Վիրահայոցթեմիմամլոդիվանըwww.aysor.am/am/news/2009/08/13/churchsacr/49626

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1031, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1044, թ. 2:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-իշրջ.-56:

[12]Վիրահայոցթեմիմամլոդիվանըwww.aysor.am/am/news/2009/08/13/churchsacr/49626

Last Updated on Thursday, 26 July 2018 10:02
 
ԲԵԺԱՆՈ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: PDF Print E-mail
ekegheciner - Akhalqalaqi
Written by admin   
Thursday, 14 June 2018 08:05

2 bezhano-surb minasis eklesiaԲեժանոն (Ջանճղա (Ճանճղա), հայաբնակ գյուղ է Ախալքալաքի շրջանում: Հայտնի է, որ մինչև նոր եկեղեցու կառուցումը, գյուղի բնակիչները եկեղեցական ծիսաարարողությունները կատարել են «Կարմիր ժամ» կոչվող եկեղեցում, որը կառուցված էր կարմրագույն սրբատաշ քարից: Առ այսօր եկեղեցին իր կանգուն մնացած պատերով ծառայում է որպես ուխտատեղի: Ներկայիս գործող եկեղեցին կրում է Սուրբ Մինաս Եգիպտացու անունը, ում մասին, ի դեպ, խոսվում է «Վարք Սրբոց» գրքում[1]:

Եկեղեցու կառուցում. Բեժանոյի Սուրբ Մինաս միանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրի` եկեղեցու ծխականների թիվը եղել է մոտ 196[2]: 1840-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[3]: 1899 թվականին եկեղեցին վնասվել էերկրաշարժից, սակայն 1906 թվականինհիմնովինվերակառուցվել է: Այդ է վկայում եկեղեցուհարավայինմուտքիցվերեղածարձանագրությունը[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է մոխրագույն տուֆից: Պատկանում է սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 18,72x10,64 մ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են կիսաշրջանաձև պատուհաններ: Երկու մուտքերը բացված են հարավային և արևմտյան կողմերից: Հարավային մուտքի վերևում խաչքար է քանդակված, իսկ արևմտյան մուտքի վերևում` 1 առաջինը bezhano-surb minasis eklesia-խաչաձև քանդակ: Մուտքի աջ կողմում քառատող հայերեն գրություն է արված. ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ 1906 Թ. | ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 Թ.-ԻՆ | ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ՎԱՍԻԼ ԵՎ ՎԻԿՏՈՐ | ՍԱՐԳՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ: Տանիքի արևմտյան մասում զանգակատունն է: Եկեղեցու կոր տանիքը երեսապատված է թիթեղով: Առաստաղը կամարաձև է: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում կառուցված է խորանը, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[5]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Մինաս Եկեղեցու քահանաներից են եղելԳրիգոր քհն. Տեր-Քերոբյանցը[6], Գրիգոր քհն. Սարգսյանը, Հակոբ քհն. Քերոբյանցը[7], ովքեր քահանայագործել են 1860-1870-ական թվականներին:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն կա 1860-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես, 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն, այն հիմնադրվել է 1863 թվականին տեղի հասարակության միջոցներով: Տվյալ պահին աշակերտների թիվը եղել է 54[8] (1865 թ.-ին` 47 էր)[9]:

Եկեղեցին 21-րդ դարում. Եկեղեցու վերանորոգչական հետագա աշխատանքներ իրականացվել են միայն 2006-2007 թվականներին: Եկեղեցին վերանորոգվել է ծագումով նույն գյուղից Վասիլ և Վանիկ Սարգսյան եղբայրների նյութական օժանդակությամբ:2007 թվականի օգոստոսի 17-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի` վերաօծվեց Բեժանո գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին[10]: Անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցվեց Ախալքալաքի շրջանի հայության հոգևոր հովիվ Տ. Սամվել քահանա Թորոսյանի ձեռամբ: Առաջնորդ Սրբազան Հայրը գնահատանքի և օրհնության իր խոսքն ուղղեց եկեղեցու վերականգնման գործում զգալի ներդրում կատարած Սարգսյանների ընտանիքին և շինարարներին՝ նրանց փոխանցելով առաջնորդական Օրհնության գիր և հուշանվերներ[11]:

Բեժանո գյուղից 0.5 կմ արևելք պահպանվել են նաև «Կաթնաղբյուրի ժամ» կոչված եկեղեցու ավերակները: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների, եկեղեցու կառույցը բնորոշ է ԺԲ-ԺԳ դարերին: Գյուղի հարավ-արևելյան կողմում պահպանվել են սրբատաշ քարով կառուցված մեկ այլ` «Վանք» անվամբ եկեղեցու հիմնապատերը: Գյուղում կան նաև այլ սրբություններ, որոնք պահպանվում են գյուղացիների տանը[12]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] «Նորաշեն», 2007, /4/(10), էջ 6:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ.4-ի շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (1), թ. 63-ի շրջ.-64:

[4] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 113:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 944, թ. 2; գ. 947, թ. 2

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 953, թ. 2; 4:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:

[10]«Էջմիածին», 2007, Ը, էջ 144:

[11]Վիրահայոց Թեմի մամլո դիվան, «Էջմիածին», 2007, Ը, էջ 144:

[12] Ս. Կարապետյան, նույն տեղում:

Last Updated on Thursday, 26 July 2018 09:55
 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Page 1 of 2