1rus

fb you od

Ախորժալի տոլմայի հյուրասիրություն Բաթումում PDF Печать E-mail
Новости

batumi tolma 

Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը, որ գործում է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից, գեղեցիկ նախաձեռնություններով և կյանքի կոչած հոգևոր, մշակութային և համայնքային միջոցառումներով, մեկ անգամ չէ, որ իր շուրջն է համախմբում Բաթումի հայ համայնքի գրեթե բոլոր անդամներին: Ուղենիշ դարձնելով հայ մշակույթի և ավանդույթների պահպանությունը, կենտրոնը օր-օրի ընդարձակում է գործունեության շրջանակները՝ տոնական միջոցառումներ պարգևելով տեղի բնակչությանը:

2017 թվականի հուլիսի 30-ին, Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի ու Սուրբ Փրկիչ եկեղեցու աջակցությամբ, Բաթումում առաջին անգամ կազմակերպվեց հայկական տոլմայի փառատոն: Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվել էր կազմակերպչական մեծ աշխատանք՝ փառատոնը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Փառատոնին ներկա էին բաթումահայ համայնքային գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ, հյուրեր, զբոսաշրջիկներ Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից:

Գեղեցիկ, ազգային տարրերով զարդարված սեղաններ, վարպետորեն ձևավորված բանջարեղենի, մրգերի հիասքանչ սկուտեղներ և տնային տնտեսուհիների մեծ երևակայությամբ մատուցվող հայկական տոլմա իր բոլոր տեսակներով:

Թերևս մինչև հյուրասիրությունը, ուրախ երգ ու երաժշտության ներքո ի տես ներկաների, ցուցադրվեց տոլման ոչ միայն որպես հայկական խոհանոցի անզուգական կերակրատեսակ, այլև նրա պատրաստման յուրահատկություններն ու մանրամասները:

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և շնորհավորանքը փառատոնի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին: Այնուհետև հոգևոր հոր կողմից օրհնվեցին ախորժալի տոլմայի 30 կաթսաները:

Բաթումում հայկական մշակույթի տարածմանն ուղղված տոլմայի փառատոնը ողջունեց և նախաձեռնողներին ու մասնակիցներին շնորհավորեց, ներկաներին տոնական տրամադրություն մաղթեց Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Հարգարժան մրցատյանը մեկ առ մեկ դիտելով 10 տնային տնտեսուհիների պատրաստած տոլմայի տարատեսակները, երկար քննարկելու առիթ ունեցավ, քանզի լավերի շրջանում դժվար էր ընտրել լավագույնին:

Փառատոնի տարբեր անվանակարգերով հաղթողներ դարձան Շուշան Կիրակոսյանը, Սվետլանա Զաքարիաձեն, Շուշիկ Ոսկանյանը: Հաղթողները պարգևատրվեցին նվերներով:

Ասենք, որ տոլման առաջինը չէ, որ որպես ոչնյութական արժեք ժողովրդականացվում է Բաթումի հայ համայնքի կողմից: Զբոսաշրջային այս քաղաքում բազում հյուրեր և օտարազգիներ մասնակից են դառնում հարիսայի պատրաստման ավանդույթին, գաթայի, տոլմայի հյուրասիրությանը: Բաթումահայ համայնքում փառատոնի օրը արձանագրվեց հիրավի տոնական, քանզի այն երգ ու պարով, հյուրասիրությամբ և բարձր տոնական տրամադրությամբ իր շուրջն էր համախմբել Բաթումիի գրեթե ողջ բնակչությանը՝ ինչպես տեղացիների, այնպես էլ կուրորտային քաղաք այցելած բազում հանգստացողների և հյուրերի: Տոլմայի փառատոնը Բաթումում կդառնա ավանդական: 

1 1 1 3 1 4 1 2 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)