Հունիսի 12 Դշ. ԳՁ. Դ օր Հոգեգալստեան: Պահք

Astvacashunch Yntercumner11

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 2.2‐11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 8.18‐27։

2Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում։ 3Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծո՞ւմ ես, թէ ազատուելու ես Աստծու դատաստանից։ 4Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծու բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։ 5Եւ քո խստասրտութեամբ ու անզիղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծու արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար. 6Աստծու, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի. 7յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ, իրենց յարատեւ համբերութեամբ, փնտռում են փառք, պատիւ եւ անմահութիւն, 8իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ, 9նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի, 10իսկ փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի. 11որովհետեւ Աստծու առաջ աչառութիւն չկայ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

18Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց միւս կողմ գնալ։ 19Եւ մի օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կը գամ, ուր էլ որ գնաս»։ 20Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ 21Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»։ 22Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»։ 23Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները։ 24Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից։ Իսկ ինքը ննջում էր։ 25Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»։ 26Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»։ Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ։ 27Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»։

  • Hits: 53

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։