Հուլիսի 16 Գշ. ԴՁ. Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Astvacashunch Yntercumner11

ԶԱՔԱՐԻԱ 3.7‐4.9։ Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12.28‐13.3։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 23.34‐39։

ԶԱՔԱՐԻԱ

7այսպէս ասաց Ամենակալ Տէրը. « Եթէ իմ ճանապարհներով գնաս եւ պահես իմ հրամանները, դու կը լինես դատաւորը իմ Տան.եւ եթէ պահես իմ գաւիթները,քեզ կը դարձնեմ մէկը նրանցից, որոնք ահա շրջում են դրանց մէջ։ 8Բայց լսի՛ր, Յեսու մե՛ծ քահանայ, դո՛ւ եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են։ 9Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին, քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց, եօթը աչքեր կան. ահա ես խորխորատ պիտի փորեմ, — ասում է Ամենակալ Տէրը, – եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրէնութիւնը մէկ օրում։ 10Այն օրը, – ասում է Ամենակալ Տէրը, – բոլորդ պիտի կանչէք, իւրաքանչիւրն իր ընկերոջը, որթատունկի եւ թզենու տակ»։

4 Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ. 2«Ի՞նչ ես տեսնում դու»։ Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթը ճրագ, ճրագների վրայ՝ եօթը բերաններ»։ 3Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ, մէկը՝ վառուած գնդի աջ կողմում եւ մէկը՝ ձախ կողմում։ 4Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ես հարցրի եւ ասացի. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»։ 5Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»։ Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»։ 6Պատասխան տուեց Հրեշտակը եւ ասաց ինձ. «Սա Տիրոջ խօսքն է Զօրաբաբէլին՝ասուած ոչ թէ մեծ զօրութեամբ եւ ուժգնութեամբ, այլ իմ հոգո՛վ, – ասում է Ամենակալ Տէրը։ – 7Ո՞վ ես դու՝ մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զօրաբաբէլի առաջ, ես կը հանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»։ 8Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. 9«Զօրաբաբէլի ձեռքերը հիմք գցեցին այս Տանը եւ նրա ձեռքերն էլ կը կանգնեցնեն դա»։ Երբ դա պատահի, դու կ՚իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

28Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։ 29Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բոլո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են. 30միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են։ 31Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ։

13 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ 2Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 35 որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»:

37 «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: 38 Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. 39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

  • Hits: 39

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։