Հունիսի 23 † Կիր. Բ. կիր. զկնի Հոգեգալստեան: Տօն Կաթուղիկէ Ս. Էջմիածնի

https://armenianchurch.ge/images/Astvacashunch-yntercumner11-880x660.png

Առակներ 9.1-6։ Զաքարիա 3.7-4.9։ Եբրայեցիներ 9.1-10։ Յովհաննէս 10.22-30։

Առակներ
9 Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթը սիւներ, 2մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը։ 3Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց. 4«Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»։ 5Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար։ 6Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»։

Զաքարիա

7այսպէս ասաց Ամենակալ Տէրը. « Եթէ իմ ճանապարհներով գնաս եւ պահես իմ հրամանները, դու կը լինես դատաւորը իմ Տան.եւ եթէ պահես իմ գաւիթները,քեզ կը դարձնեմ մէկը նրանցից, որոնք ահա շրջում են դրանց մէջ։ 8Բայց լսի՛ր, Յեսու մե՛ծ քահանայ, դո՛ւ եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են։ 9Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին, քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց, եօթը աչքեր կան. ահա ես խորխորատ պիտի փորեմ, — ասում է Ամենակալ Տէրը, — եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրէնութիւնը մէկ օրում։ 10Այն օրը, — ասում է Ամենակալ Տէրը, — բոլորդ պիտի կանչէք, իւրաքանչիւրն իր ընկերոջը, որթատունկի եւ թզենու տակ»։
4 Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ. 2«Ի՞նչ ես տեսնում դու»։ Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթը ճրագ, ճրագների վրայ՝ եօթը բերաններ»։ 3Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ, մէկը՝ վառուած գնդի աջ կողմում եւ մէկը՝ ձախ կողմում։ 4Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ես հարցրի եւ ասացի. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»։ 5Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»։ Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»։ 6Պատասխան տուեց Հրեշտակը եւ ասաց ինձ. «Սա Տիրոջ խօսքն է Զօրաբաբէլին՝ասուած ոչ թէ մեծ զօրութեամբ եւ ուժգնութեամբ, այլ իմ հոգո՛վ, — ասում է Ամենակալ Տէրը։ — 7Ո՞վ ես դու՝ մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զօրաբաբէլի առաջ, ես կը հանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»։ 8Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. 9«Զօրաբաբէլի ձեռքերը հիմք գցեցին այս Տանը եւ նրա ձեռքերն էլ կը կանգնեցնեն դա»։ Երբ դա պատահի, դու կ՚իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։

Եբրայեցիներ

9 Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան. 2քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է Սրբութիւն։ 3Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր Սրբութիւնների Սրբութիւն, 4որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ։ 6Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու. 7իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար։ Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիների 10եւ պէսպէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները։

Յովհաննէս

22Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր։ 23Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում։ 24Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։ 25Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին։ 26Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ 29Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ 30Ես եւ իմ Հայրը մի ենք»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։