Հունիսի 26 Դշ. ԲՁ. Պահք

Astvacashunch Yntercumner11

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 4.13‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.34‐42։

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

13որովհետեւ օրէնքը բարկութիւն է առաջ բերում. ուր չկայ օրէնք, չկայ եւ օրինազանցութիւն։ 14Ահա թէ ինչու հաւատից է խոստումը, որպէսզի դա ըստ շնորհի լինի եւ որպէսզի խոստումը ի զօրու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն այն սերնդի համար, որ օրէնքի ուժով է ժառանգ, այլեւ բոլոր նրանց համար, որոնք ունեն հաւատը Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է. 15ինչպէս որ գրուած էլ է. «Քեզ կարգեցի հայր բազում ազգերի»։ Նա հայր է Աստծու առաջ, որին հաւատաց, թէ կենդանացնում է մեռելներին եւ չեղած բաները գոյութեան է կոչում։ 16Աբրահամը, որ անյուսութեան մէջ էր, յոյսով հաւատաց, որ ինքը կը լինի բազում ազգերի հայր, ինչպէս որ ասուել էր, թէ՝ այսպէ՛ս պիտի լինի քո սերունդը։ 17Եւ նա չերկմտեց իր հաւատի մէջ, թէպէտ նայեց իր մարմնին արդէն իբրեւ մեռած մարմնի, – քանի որ հարիւր տարեկանի մօտ էր, – եւ Սառայի մեռած արգանդին։ 18Բայց Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, փառք տուեց Աստծուն 19եւ հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է։ 20Դրա համար այդ նրան որպէս արդարութիւն համարուեց։ 21Արդ, միայն Աբրահամի համար չէ, որ գրուած է, թէ այս բանը նրա համար արդարութիւն համարուեց. 22այլ համարուելու է եւ մե՛զ համար, որ հաւատում ենք Նրան, որ մեռելներից յարութիւն տուեց Յիսուսին՝ մեր Տիրոջը, 23որ մահուան մատնուեց մեր յանցանքների համար եւ յարութիւն առաւ, որ մեզ արդարացնի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

34«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից։ 36Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն։ 37Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ։ 39Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ 40Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։ 41Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ։ 42Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։