Վրաստանի Կրոնի գործակալության նախագահն ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին

2019 թվականի հուլիսի 17-ին, Վրաստանի կառավարական նստավայրում կայացավ հանդիպում Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի միջև: Հանդիպումը ծանոթության բնույթի էր:

Զազա Վաշախմաձեն հգշ. Տեր Կիրակոս վարդապետին շնորհավորեց Վիրահայոց թեմի նոր ղեկավար նշանակվելու կապակցոսւթյամբ և հաջողություններ մաղթեց առաջնորդական ծառայության գործում:

Կրոնի գործակալության նախագահը անդրադարձ կատարեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու դարավոր բարեկամությանը, Վրաստանում տարբեր կրոնական կազմակերպությունների հաջող գործունեությանը: Զազա Վաշախմաձեն իրազեկեց նաև Վրաստանի պետության կողմից վերջին տարիներին իրականացված կրոնական քաղաքականության, Կրոնի գործակալության գործունեության, ի մասնավորի կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման, պաշտամունքային շինությունների վերադարձի և այլ նախագծերի մասին:

2

Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը գործակալության նախագահին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նշեց, որ լինելով այս հող ու ջրի զավակ իրեն հարազատ են երկու քրիստոնյա ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամությունը և Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների դերն ու ավանդը հարևան ժողովուրդների բարի դրացիական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Հոգշնորհ Հայր Սուրբը Կրոնի գործակալության հետ սերտ համագործակցության ցանկություն հայտնեց:

Հանդիպմանը ներկա էին կրոնի գործակալության աշխատակիցները: Հգշ. Տեր Կիրակոս վարդապետին ընկերակցում էին Թեմի իրավական և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը:

Վիրահայոց թեմը 2002 թվականից ղեկավարում էր Գրշ. Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով 2019 թվականին, իր դիմումի համաձայն, ազատվեց առաջնորդական ծառայությունից: 2019 թվականի հունիսի 15-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ նշանակվեց հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Հգշ. Հայր Սուրբը ծնվել է 1982 թվականին, Թբիլիսիում, իր հոգևոր ծառայությունն իրականացրել է Վրաստանում, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, ինչպես նաև Ռուսաստանի հայոց թեմերում:

  • Created on .
  • Hits: 188

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։