Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով, 2019 թվականի հուլիսի 28-ը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Թեմի առաջնորդական տեղապահի, փոխանորդի և Հայր Սուրբերի հանդիսապետությամբ, հոգևոր հայրերի ձեռամբ և սարկավագաց դասի մասնակցությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագներով:

67223834 2352443654872433 7403330222986100736 O

Առավոտից աշխուժություն էր տիրում եկեղեցիներում: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ գալիս էր եկեղեցի՝ մասնակից դառնալու Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:

Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժ.Տեր Կիրակոս քհն.Սիմոնյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում օրվա պատարագիչն էր արժ. Տեր Վիրապ քհն.Ղազարյանը: Հընթացս Սբ. Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսվեց օրվա խորհրդի մասին. Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Հոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց մայրաքաղաքի երկու եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով: «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած ուրախ երգով ու երաժշտությամբ, հայկական շուրջպարով թնդում էր Վարդավառի տոնակատարությունը, որ դուրս էր եկել եկեղեցիների մերձակա տարածք:

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյա տոնական հանդիսություններ տեղի ունեցան Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցիներում:

Տոնական տրամադրությունը տիրեց նաև Մառնեուլի շրջանի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում և մյուս հայաբնակ վայրերի եկեղեցիներում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչ քահանաների հորդորը՝ մաքրված ջրով ու նորոգված Հիսուսով՝ նոր կյանք ապրել Քրիստոսով:

  • Created on .
  • Hits: 255

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։