«Հայարտանը» ցուցադրվեցին Երևանում հաստատված սիրիահայերի ձեռքի աշխատանքները

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության և Հայաստանի Հանրապետության «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում, 2019 թվականի հոկտեմբերի 19-21-ը Թբիլիսիում հյուրընկալվեց սիրիահայերի 45 հոգիանոց խումբը՝ ատենապետուհի Վանի Նալբանդյանի գլխավորությամբ:

Այցի շրջանակներում հյուրերը եղան Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Երրորդության տաճարում, ծաղիկներ խոնարհեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնի շիրմաքարերին, հիացան Հավլաբարի բազմակոլորիտային տեսքից, զբոսնեցին երեկոյան Թբիլիսիում:

Կիրակի օրը նպատակային էր սիրիահայերի համար: Առավոտյան Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո, հյուրերը տեղափոխվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն, որտեղ կազմակերպվեց սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ողջունելով հյուրերին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը փոխանցեց առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները, արժևորեց սիրիահայերի տոկունությունը, աշխատասիրությունը և հավատքին ու ազգին նվիրվածությունը և մաղթեց հաջողություններ:

2Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության Մշակույթի գծով խորհրդական Արթուր Սարգսյանը: Վերջինս հույս հայտնեց, որ դեսպանության աջակցությամբ ապագայում ավելի կընդարձակվեն ցուցահանդես-վաճառքի շրջանակները, իսկ այցելուների շրջանում կընդգրկվեն նաև դիվանագիտական ներկայացչություններ:

Սիրիահայերի միության ատենապետուհի և սույն միջոցառման կազմակերպիչ Վանի Նալբանդյանը գնահատանքի խոսքեր ուղղեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությանը համագործակցության համար, հույս հայտնելով, որ այն կունենա շարունակական բնույթ:

Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց այցը կենտրոն, այցելուները հիացմունքով ծանոթանում և սիրով ձեռք էին բերում սիրիահայերի շնորհաշատ ձեռքով պատրաստված տարբեր աշխատանքներ, որոնք դարձան նաև այս գեղեցիկ օրվա անմոռանալի հուշ: Մինչև երեկո շարունակվեց ցուցահանդես-վաճառքը, որն ավարտվեց ուրախ երգով ու միասնական պարով:

1

  • Created on .
  • Hits: 598

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։