Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրական տոներից մեկը՝ Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը, Վիրահայոց թեմում նշվեց հավուր պատշաճի և ժողովրդի մեծ սիրով:

Թբիլիսահայ հավատացյալները Սուրբ Սարգսի տոնը ավանդաբար նշում են Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց:

Տոնի նախօրեին, 2020 թվականի փետրվարի 7-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը, աղոթք բարձրացնելով և ստանալով հոգևոր դասի օրհնությունը, հոգևոր սպասավորներ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ, հոգևորականաց դասի և սարկավագաց դասի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, շարականներ երգելով և աղոթք անելով ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռը: Քայլերթի մասնակիցները կանգ առան և աղոթք բարձրացրին Շամխորեցոց Կարմիր Ավետարան խոնարհված եկեղեցու փլատակների մոտ:

Բոլոր ուխտավորները, որոնց թիվը մոտենում էր մի քանի հարյուրի, կարողացան հերթով մտնել, մոմ վառել ու աղոթք անել մատուռում: Այդ ժամանակաընթացքում հոգևոր ծառաայողների մասնակցությամբ կատարվեցին հոգևոր երգեր, որին ձայնակցում էին քայլերթի մասնակիցները: Իրենց ուխտը կատարելուց հետո, ուխտավորները հասան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացան այնտեղ գտնվող հարյուրավոր հավատացյալներին:

84336359 2765535626896565 7655365861762400256 O

Բազմամարդ էր Սուրբ Գևորգ եկեղեցին և բակը: Նախատոնակ երեկոյան ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ:

Հավարտ ժամերգության նվիրյալ հավատացյալ Սուսաննա Մանվելյանը պատմեց Սուրբ Սարգսի, նրա Մարտիրոս որդու և զինակիցների մասին:

Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը իր օրհնությունը հղելով ներկաներին, քարոզ խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների՝ հանուն քրիստոնեության նահատակության մասին: Հայր Սուրբը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս.Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակելուն, կատարեց երիտասարդության օրհնության կարգ և մաղթեց նրանց նպատակների իրականացում:

Սուրբ Սարգսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով:

Նախատոնակի արարողության վերջում, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավաքված երիտասարդները ստացան օրհնված աղի բլիթներ, որոնց հետ կապում են իրենց երազանքների իրականացումը:

Փետրվարի 8-ին, Տոնի օրը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի հանդիսապետությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ձեռամբ կմատուցվի տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Վիրահայոց թեմը շնորհակալություն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում հավատացյալների խաչերթին ուղեկցելու և երթևեկային ճանապարհով խաղաղ ընթացքն ապահովելու համար:

84326624

  • Created on .
  • Hits: 377

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։