Տեառնընդառաջի ուրախությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում

2020 թվականի փետրվարի 13-ին, Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշվեց Տեառնընդառաջի տոնը, որը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Տերունի տոնը սկսվեց եկեղեցու հոգևորականաց դասի մասնակցությամբ կատարված նախատոնակով: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հայ ժողովրդի սիրած Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք այս Սուրբ տաճարում պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում: Պահպանիչ աղոթք ասաց և ամուսնական զույգերին օրհնության կարգ կատարեց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Եկեղեցու մերձակա տարածքում հավաքված ժողովրդին դիմեց և տոնական օրվա հետ կապված եկեղեցական արարողությունների և ժողովրդական ավանդույթների մասին խոսք ասաց Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Եկեղեցու բակում վառվեց տեարնընդեզյան խարույկը, որը կրկնապատկեց տոնական տրամադրությունը: Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչքավոր Խաչիկ Փափախչյանը և Թամար Սիմոնյանը նույնպես անցած տարվա ամուսնացած զույգ են և նրանց տրվեց կրակի վրայով թռչելու առաջնությունը:

Տոնի կապակացությամբ տեղի ունեցավ համերգ: Համերգի վարող մեներգիչ Հենրիխ Պետրոսյանի ներկայացմամբ տարածվեց ազգային երգն ու պարը Հավլաբար թաղամասում, որին մասնակցեցին Թբիլիսիի «Անի» պարային համույթը՝ Անգելինա Նազարյան-Քոչյանի ղեկավարությամբ, քաղաք Ռուսթավիի «Նեմրութ» պարային համույթը՝ Ստելլա Սելեպանովայի գլխավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Հենրիխ Պետրոսյանը, Մարիաննա Ներսեսովան, Էդվին Ախոյանը՝ երաժիշտ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:

Ուրախ տոնակատարությունն ավարտվեց եկեղեցու խաչքավորի կողմից կազմակերպված հյուրասիրությամբ:

Տեառնընդառաջի տոնը մեծ շուքով նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում:

Առանձնահատուկ ուրախություն էր տիրում Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում և Կարմիր, ինչպես նաև Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդո գյուղերում: Հավաքվելով Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում և այնուհետև Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում, բնակիչները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը, լսեցին տեղի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի քարոզ խոսքը օրվա խորհրդի՝ Տյառնընդառաջի նախատոնակի եկեղեցական և ժողովրդական տոնակատարության մասին: Ուրախ տրամադրությունը տիրեց բոլորին, երբ վառվեց տոնական խարույկը և նորապսակ զույգերը սկսեցին թռչել կրակի վրայով: Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե գյուղի բնակչությունը հավաքվելով տեղի Սուրբ փրկիչ եկեղեցում, մասնակցեց երեկոյան ժամերգությանը և ունկնդրեց արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի կողմից օրվա խորհրդի մեկնաբանությունը, որից հետո վառվեց տոնական խարույկը: հավաքված ժողովուրդն իր ուրախությունը կիսում էր տեսնելով երիտասարդ զույգերի ուրախ երգը, պարը և կրակի վրայով թռնելը:

Img

  • Created on .
  • Hits: 111

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։