Սուրբ Վարդանանց տոնի ավանդույթն ու խորհուրդը

2020 թվականի փետրվարի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրը: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Սրբոց տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, ում 19 տարի առաջ մատուցած անդրանիկ Պատարագը եղել է Սրբոց Վարդանանց տոնին նվիրված: Այդ օրը Տեր Վիրապ քահանան ուխտ է արել ամեն տարի տոնը նշանավորել Սուրբ Վարդանանց զորավարների և նրա զինակիցների հիշատակին Սուրբ Պատարագի մատուցմամբ: Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում:

Պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել հանուն հավատքի և հայրենիքի: Տեր Վիրապ քահանան հորդորեց գոտեպնդվել անմահ հերոսների հիշողությամբ, ոգեշնչվել նրանց հայրենասիրությամբ, հավատքին նվիրվածությամբ և պատրաստ լինել զոհաբերության՝ հայրենիքի պաշտպանության և հավատքին հավատարմության գաղափարով:

Հընթացս Սուրբ Պատարագի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»:

87063323Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:

Տեր Վիրապ քահանան բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ, մաղթեց լինել Վարդանանց հետևորդները և նրանց նման ազգի ազնիվ ու քաջ զավակները:

Այնուհետև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սովորողների ուժերով, ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի գլխավորությամբ, ներկայացվեց գրական-երաժշտական մոնտաժ՝ նվիրված Վարդանանց տոնին: Ուսուցչուհու կողմից Վարդանանց տոնի խորհրդին անդրադարձի և Վարդանանց քաջերին նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի «Նորահրաշ» շարականի կատարումից հետո, օտարալեզու կրթություն ստացած երիտասարդները ներբողներ արտասանեցին՝ նվիրված Սուրբ քաջերի հերոսությանն ու անմահ հիշատակին:

Միջոցառումն ամփոփեց և իր օրհնությունը ներկաներին հղեց առաջնորդական տեղապահը: Անդրադարձ կատարելով Վարդանանց տոնի խորհրդին՝ «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն» (Սո. Եղիշե, 5-րդ դար), Հայր Սուրբը ներկաներին մաղթեց ապրել Վարդան Մամիկոնյանի և նրա քաջարի զինվորների հերոսական ոգով, իրենց ապագան կերտել հայրենասիրությամբ և Սուրբերի բարեխոսությամբ:

Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը հիշեցրեց, որ Սուրբ Վարդանանց տոնը բոլոր այն անձանց անվանակոչության տոնն է, ովքեր կրում են Վարդանանց զորավարների կամ զինվորականների անունները, ովքեր իրենց նահատակությամբ հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը:

87049990

Սբ. Գևորգ

  • Created on .
  • Hits: 269

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։