Խաչի փառաբանության տոն Շահումյանում

2020 թվականի սեպտեմբերի 13-ին, Խաչի փառաբանության օրը, թբիլիսահայ երկու տասնյակից ավելի հավատացյալներ, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, մայրաքաղաքի Սուրբ Էջմիածին եկեղեցուց ուխտի մեկնեցին Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Սուրբ խորանին փառավորապես բարձրացվել էր ռեհանով զարդարված խաչը:

Եկեղեցում Խաչվերաց տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչ-քարոզիչն էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը՝ սարկավագ Գևորգ Ավետիսյանի ընկերակցությամբ: Սուրբ Պատարագին Թբիլիսիից ժամանած ուխտավորներին միացան նաև տեղի բնակիչները:

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Խաչի իրականում անփոխարինելի լինելու մասին, նրա՝ քրիստոնյայի համար ունեցած իմաստն ու նպատակը, խաչից ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անբաժանելիությունը: Տեր Հայրը ներկաներին հորդորեց ապրել խաչի զորությամբ, աղոթքներով և անսասան հավատքով, քանզի ամենազորը Հայր Աստվածն է՝ իր որդի Հիսուս Քրիստոսի հետ:

Այնուհետև տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանական արարողություն: Տեր Տաթև քահանայի առաջնորդությամբ և հավատացյալների մասնակցությամբ ռեհանով զարդարված խաչը պտտեցվեց եկեղեցու չորս կողմերում, և վարդաջրով օրհնվեց ժողովուրդը: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց խաչի ծաղիկ ռեհանը և բաժանվեց հավատացյալներին:

Հավատացյալների թափորը շարժվեց դեպի գյուղից դուրս գտնվող սրբատեղի, որտեղ մոմեր վառեց և աղոթեց Տեր Կիրակոս քահանայի շուտափույթ բուժման համար:

  • Created on .
  • Hits: 133

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։