Սուրբ Վարդանանց տոնը Վիրահայոց թեմում

2021 թվականի փետրվարի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրը:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում:

Պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել հանուն հավատքի և հայրենիքի, հորդորեց գոտեպնդվել անմահ հերոսների հիշողությամբ, ոգեշնչվել նրանց հայրենասիրությամբ, հավատքին նվիրվածությամբ և պատրաստ լինել զոհաբերության՝ հայրենիքի պաշտպանության և հավատքին հավատարմության գաղափարով: Իր քարոզ խոսքում նա հիշատակեց Ավարայրի ճակատամարտի և 44 օր տևած արցախյան պատերազմի հերոսներին, ովքեր ընկան հանուն հայրենիքի պաշտպանության, անմահացան՝ տանելով բարոյական հաղթանակ:

Հընթացս Սուրբ Պատարագի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»:

Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:

Հավարտ Սբ. Պատարագի ներկաներին իր օրհնությունը հղեց առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը: Անդրադարձ կատարելով Վարդանանց տոնի խորհրդին՝ «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն» (Սո. Եղիշե, 5-րդ դար), Հայր Սուրբը ներկաներին մաղթեց ապրել Վարդան Մամիկոնյանի և նրա քաջարի զինվորների հերոսական ոգով, ապագան կերտել հայրենասիրությամբ և Սրբերի բարեխոսությամբ, լինել միասնական և այդ միասնությամբ կատարել անգամ թվացյալ անկարելին՝ հանուն՝ հայրենիքի, հանուն հավատքի և հանուն ազգի:Հայր Սուրբը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ և մաղթեց լինել Վարդանանց հետևորդները և նրանց նման ազգի ազնիվ ու քաջ զավակները:

Վարդանանց տոնին նվիրված Սբ. Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի եկեղեցիներում:

1

  • Created on .
  • Hits: 135

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։