Ծաղիկների խոնարհում Հովհաննես Թումանյանի շիրիմին

2021 թվականի փետրվարի 19-ին, թբիլիսահայերը՝ ահել-ջահելով ուղղվեցին դեպի Մեծաց մեծերի պանթեոն, որտեղ ամփոփված է Մեծ Լոռեցու աճյունը: Դա հայ համայնքի մեծ սիրո և հարգանքի տուրքն է ժողովրդական մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, խոնարհումը նրա հիշատակի առջև: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն էին այցելել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ: Ներկաները, որոնց շրջանում էին մտավորականներ, արձակ և չափածո ստեղծագործողներ, թարգմանիչներ ու լրագրողներ, գրականության, մշակույթի և հասարակական գործիչներ, ծաղիկներով զարդարեցին Մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

2

Հայր Սուրբը խոսք ասաց Հովհաննես Թումանյանի և Պանթեոնում հանգչող ազգի մեծերի հիշատակը և ազգային այս կառույցի նկատմամբ հարգանքն ու հպարտությունը պահպանելու պատգամով: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց Մեծ բանաստեղծի հասարակական գործունեությանը, նրա ստեղծագործությունների մշտահմա արդիականությանը, անմահ լոռեցու մարդկային կերպարի անմահությանը, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը ամրապնդելուն և խորացնելուն ուղղված քայլերին, կարևորեց Հայոց Պանթեոնում հանգչող երևելիների հիշատակը սրբությամբ պահելու և սերունդներին փոխանցելու թբիլիսահայության պարտականությունը:

Հովհաննես Թումանյանի հայրենասիրական, ազգային, ժողովրդական, բարու, գեղեցիկի հաղթանակին նվիրված սրտամոտ ու սրտառուչ ստեղծագործություններին, դրանց արտահայտած գաղափարներին և դաստիարակչական ու միշտ ժամանակակից իմաստնությանը անդրադարձ կատարեցին Թումանյանի տապանաքարի մոտ ելույթ ունեցողները:

Տարիներ առաջ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կատարվել է նաև գրքի նվիրատվություն: Թբիլիսահայության շրջանում այս մտահղացման տարածողը և արմատավորողը վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանն էր: Գեղեցիկ ավանդույթը այս տարի նույնպես չխախտվեց: Հովհաննես Թումանյանի տապանաքարի մոտ դասավորվել էին տարբեր ժանրի և լեզուներով գրքեր: Ներկաները պանթեոնից հեռացան որպես գեղեցիկ հուշ իրենց հետ տանելով որևէ գիրք:

3

  • Created on .
  • Hits: 292

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։