ՕՐԱԼ - ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

1-2 ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1840 ԹՎԱԿԱՆԻՆ

Ախալցիխեի Օրալ գյուղի եկեղեցու վերաբերյալ առաջին վկայությունները վերաբերում են 1840 թվականին: Այդ փաստող արխիվային վավերագրում, սակայն, եկեղեցու անունը չի նշվում[1]: 1840-1860-ական թվականներին եկեղեցին փայտաշեն էր[2]: 1885 թվականին հիշատակվում է որպես քարաշեն[3]:

Եկեղեցու վերանորոգություններ. 19-րդ դարի 80-ական թվականներին եկեղեցին արդեն հնացած էր և վերանորոգության կարիք ուներ[4]: Եկեղեցու արևմտյան պատին պահպանված արձանագրության համաձայն` շինարարական աշխատանքները ավարտվել են 1889 թվականին: Վերանորոգումը կատարվել է գյուղի բնակիչների միջոցների հաշվին` Բարդուղիմեոս քահանայի նախաձեռնությամբ[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, փայտածածկ, քարաշեն կառույց է: Արևմտյան ճակատի կենտրոնական մասում քառասյուն զանգակատունն է: Կառուցված է խառը շինանյութերից: Շինարարության մեջ գործածվել են տուֆ և սալաքար: Որպես կապակցանյութ՝ գործածվել է կիր, որը որոշակիորեն երևում է ճակատային մասերում: Ծածկը քառաթեք է, երեսպատված թիթեղով: Մուտքը կիսաշրջանաձև է՝ բացված հյուսիսային պատին: Մուտքի վերևում արձանագրություն կա: Խորանը արևելյան մասում է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատի խորշում տեղակայված է մկրտության ավազանը[6]: Ընդհանուր չափսերն են 11,98x8,06 մ[7]:1-1

Ծխատեր քահանաներ. Օրալ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 19-րդ դարի քահանաներից է եղել Բարդուղիմեոս Տեր-Հովհաննիսյան Տեր-Նահապետյանցը, ով միաժամանակ հովվել է նաև Սազել և Ղուլալիս գյուղերը[8]: 1990-ական թվականներին գյուղում քահանայագործել է Գարեգին վարդապետ Բալասանյանը[9]:

Եկեղեցական իրեր. 19-րդ դարի վերջին եկեղեցուն նվիրաբերվել են հակիրճ հիշատակագրություններով յուղաներկ կտավներ, որոնք մինչև օրս պահպանվում են[10]:

Դպրոց. 1903 թվականին բացվել է գյուղի ծխական առաջին դպրոցը: Առաջին ուսուցիչը եղել է սազելցի Տեր Բարդուղիմեոսը[11]:

Եկեղեցու վերաբացում. Եկեղեցին ի շարս թեմի մյուս եկեղեցիների, փակվել է 1936 թվականին և վերածվել պահեստի: Վերաբացվել է 1990-ական թվականներին, գյուղի բնակիչների ջանքերով: Քահանայագործելու համար հրավիրվում է Հայր Գարեգինը, ով միաժամանակ հովվելու էր նաև Մեծ և Փոքր Պամաճները, ինչպես նաև Սազելը[12]:

Սուրբ Գևորգ մատուռի օծումը. 1996 թվականի ապրիլին Օրալ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, առաջնորդությամբ Վիրահայոց թեմի աոաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, տեղի ունեցավ ժամերգություն և հոգեհանգստյան արարողություն, որից հետո կատարվեց գյուղի մերձակայքում գտնվող Սուրբ Գևորգ մատուռի օծման արարողությունը, որը վերակառուցվել էր գյուղի բնակիչ Խաչատուր Սահակյանի և նրա ընտանիքի կողմից[13]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-ի շրջ.-61:

[3] «Արձագանք», 1885, N 4, էջ 58:

[4] «Արձագանք», նույն տեղում:

[5] Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 296:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 66:

[9] Հ. Հակոբյան, նույն տեղում:

[10] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[11] Հ. Հակոբյան, նույն տեղում, էջ 147:

[12]Հ. Հակոբյան, Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը, Երևան, 2002, էջ 149:

[13] «Էջմիածին», 1996 (Դ), էջ 109:

  • Hits: 188

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։