ՍԱԶԵԼ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

1 sazeli-surb xachis eklesiaԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1839 ԹՎԱԿԱՆԻՆ:

Սազել գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը անհայտ է: Եկեղեցու վերաբերյալ առաջին վկայությունները վերաբերում են 1839 թվականին: Միևնույն անվամբ եկեղեցու գոյությունը Սազելում վկայված է նաև 1846 թվականի վավերագրերից մեկում[1]:

Այն մինչև 1860-ական թվականներն եղել է փայտաշեն[2], իսկ 1885 թվականից` հիշատակվում է որպես քարաշեն կառույց[3]:

Եկեղեցու վերանորոգություն. 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին տասնամյակում Սուրբ Խաչ եկեղեցին ենթարկվել է վերակառուցման և բազմաթիվ վերանորոգությունների: Եկեղեցու վերանորոգության վերաբերյալ հիշատակություն կա 1872 թվագրությամբ[4]: 1909 թվականին Ախալցիխեի Հոգևոր կառավարությանն ուղղված հայտարարությունում նշվում է. «...Մեր գիւղի Սուրբ Խաչ եկեղեցւոյ տանիքը հողածածկ լինելով` գերանները փթել են և կոտրուիլ, ուստի ապագայում վտանգի առաջն առնելու համար, որոշել ենք տանիքը անել թիթեղեայ, պատերը փոքր ինչ բարձրացնելով»: 1909 թվականի վերանորոգության ծախսերը կազմել են մոտ 2238ռ. 80կ.[5]: Վերակառուցված եկեղեցին օծվել է 1910 թվականին:

Ճարտարապետություն. Եկեղեցին հարավային ճակատից բացված միակ մուտքով, անսյուն, զույգ ավանդատներով, քարաշեն կառույց է: Արտաքին չափսերն են 13,10 x 8,48մ[6]: Կառուցված է 2 Axalcixe Sazeli Surb Xachխառը շինանյութերից: Շինարարության մեջ գործածվել են սալաքար, սրբատաշ և անմշակ տուֆ: Մուտքի վերևում տուֆ քարից խաչքար է քանդակված: Արևմտյան հատվածում՝ տանիքին, կառուցված է զանգակատունը: Ծածկը երկթեք է, երեսապատված թիթեղով: Ներքին տարածքի պատերին առկա են Աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներ: Հատակը երեսապատված է ժամանակակից կղմինդրե սալիկներով: Արևմտյան հատվածում կառուցված է միջնահարկ՝ փայտե չորս հենասյուների վրա: Արևելյան հատվածում՝ չորս քայլ բարձրության վրա, կառուցված է խորանը: Հյուսիսային պատի խորշում տեղակայված է մկրտության ավազանը[7]:

Ծխատեր քահանաներ. Սազել գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում քահանայագործել են Մարտիրոս Տեր-Նահապետյանցը[8], Հովհաննես Տեր-Մարտիրոսյանը, Հարություն Տեր-Հովհաննիսյանը, Բարդուղիմեոս Տեր-Հովհաննիսյան Տեր-Նահապետյանցը[9], 1990-ական թվականներին՝ Գրիգոր վարդապետ Բալասանյանը[10]: Հաճախ Սազելի քահանաները միաժամանակ հովվել են նաև հարևան Խակ, Ղուլալիս և Օրալ գյուղերը:

Եկեղեցական իրեր և ձեռագրեր. 1826-1841-ական թվականներին գրիչ Մարտիրոս Տեր-Նահապետյանցը կազմել է Ժողովածու: Եկեղեցում մինչև օրս պահպանվում են հինգ աղոթագրքեր[11]:

Դպրոց. 1881 թվականին թեմական իշխանությունները կազմել և հաստատել են Սազելում բացվելիք դպրոցի կանոնադրությունը[12]: Դպրոցը կանոնավոր չի գործել: 1908 թվականին հիշատակվում է Կովկասյան բարեգործական ընկերությունից նպաստ ստացող դպրոցների թվում[13]: Հաջորդ տարիներին Կովկասյան բարեգործական և Բաքվի կուլտուրական միության հատկացրած նպաստներով Սազել և Փոքր Պամաճ գյուղերում դարձյալ բացվում են ծխական դպրոցներ, սակայն միջոցների սղության պատճառով 1916 թվականին փակվում են[14]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Սուրբ Խաչ Եկեղեցին փակվում է 1936 թվականին: Ինչպես շատ ու շատ եկեղեցիների, այնպես էլ Սազել գյուղի Եկեղեցու ողջ գույքը բռնագրավվում է, իսկ եկեղեցին վերածվում պահեստի: Հետխորհրդային տարիներին ժողովրդի կողմից աստիճանաբար վերանորոգվում և վերաբացվում են տեղի աղոթատները: 1994 թվականին սկսվում են եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները: Օծումը կատարվեց 1996 թվականի ապրիլ ամսին` գլխավորությամբ՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ արքեպս. Սերայդարյանի, մասնակցությամբ Ախալցիխեի շրջանի հոգևոր տեսուչ Հգշ. Տ. Գուրգեն աբեղա Աղաբաբյանի, Մայր Աթոռի միաբան Բարեշնորհ Հարություն սարկավագ Փիլավչյանի[15]:

Եկեղեցին այսօր էլ շարունակում է գործել՝ իր շուրջը համախմբելով տեղի բնակչությանը, կազմակերպելով նրա հոգևոր ու կրթամշակութային կյանքը:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 48; ֆ. 56, ց. 4, գ. 1100, թ. 114 շրջ.-115: Տե´ս նաև Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 272:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-ի շրջ.-61:

[3] «Արձագանք», 1885 (4), էջ 58:

[4] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1295, թ. 17; 20 և շրջ.:

[6] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն,

Վիրահայոց թեմ:

[8] Մ. Տեր-Նահապետյանցի տապանաքարը գտնվում է եկեղեցու հարավային կողմում տարածված գերեզմանոցում:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16; գ. 795, թ. 66:

[10] Հ. Հակոբյան, նույն տեղում, էջ 140:

[11] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[12]«Մեղու Հայաստանի», 1881, N 232, էջ 1:

[13] «Նոր դպրոց», 1908, N 3, էջ 85:

[14] «Համբաւաբեր», 1916, N 24, էջ 746:

[15] «Էջմիածին», 1996, Դ, էջ 108:

  • Hits: 139

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։