ՄԵԾ ՊԱՄԱՃ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

1didi pamachi-surb xachՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1837 ԹՎԱԿԱՆԻՆ:

Մեծ Պամաճը գտնվում է Ախալցիխե քաղաքից ուղիղ գծով 7,5 կմ հարավ-արևմուտք: Այն հայաբնակ գյուղ է իր եկեղեցովևսրբատեղիներով:

Մեծ Պամաճ գյուղի եկեղեցու վերաբերյալ հիշատակություն պահպանվել է 1837 թվականի Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի արխիվային վավերագրերում: Մասնավորապես թեմի եկեղեցիների 1837 թվականին կազմված շարժական և անշարժ կալվածքների ցուցակներում առկա է նաև Մեծ Պամաճ գյուղի ՍուրբԽաչ եկեղեցին, որի անունը, սակայն, նշված չի[1]: 1863 թվականի դրությամբ գյուղի եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2]: Քարաշեն լինելու վերաբերյալ վկայություն կա 1885 թվականից[3]:

Եկեղեցու անվանափոխություն և վերանորոգություններ.Մեծ Պամաճ գյուղի Սբ. Խաչ եկեղեցին բազմիցս ենթարկվել է հիմնանորոգումների և վերաօծումների: Ըստ այդմ պատահական չեն եկեղեցու հաճախակի անվանափոխությունները: 1840 թվականի արխիվային վավերագրերում հիշատակվում է Սուրբ Փրկիչ անվամբ[4], 1841 և 1846 թվականների վավերագրերում՝ Սուրբ Ստեփանոս անվամբ[5]: Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի` եկեղեցու անվանափոխությունը տեղի է ունեցել 1843-1863 թվականների ընթացքում: Հավանաբար դրանից հետո է ստացել Սուրբ Խաչ անվանումը, չնայած 1863 թվականի նշված փաստաթղթում այն ուղղակի հիշատակված է որպես փայտաշեն եկեղեցի[6]:

19–րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին աշխատանքներ են ծավալվել եկեղեցու հիմնանորոգման ուղղությամբ: Արևմտյան մուտքի դռանը պահպանված արձանագրության համաձայն՝ եկեղեցու շինարարությունը ավարտվել է 1908 թվականին[7]:

Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են նաև 1903-1911-ական թվականների եկեղեցու վերանորոգման և տնտեսական ծախսերի մասին արխիվային վավերագրերը[8], ինչը ևս 2 Didi Pamachi Surb Xach փաստում է եկեղեցու գործունեության և մատուցած հոգևոր ծառայությունների մասին:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է սրբատաշ քարով, ներսում բացակայում են սյուները, իսկ արևմտյան ճակատից բացված միակ մուտքին կից կառուցված է եռահարկ զանգակատուն: Եկեղեցին իրենից ներկայացնում է ընդարձակ և մեծ կառույց[9]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Խաչ եկեղեցու քահանաներից են եղել Կարապետ Տեր-Մարտիրոսյանցը[10], Ղազարոս Սիմոնյանցը[11]:

Եկեղեցական իրեր և Ավետարաններ. Մինչև օրս եկեղեցում պահպանվում են հակիրճ հիշատակագրություններով յուղաներկ սրբապատկերներ, 1723 թվականին Կ. Պոլսում հրատարակված Տպագիր Ճաշոց: Բնակիչներից Արշակ Մամիկոնի Գիմիշյանի տանը պահվում է կաշեկազմ մագաղաթյա ձեռագիր[12]:

Դպրոց. Կրթօջախի բացման ստույգ տարեթիվը պարզել չի հաջողվել։ Գործել է 1880-ական թվականների սկզբներից, սակայն տնտեսական դժվարությունները հաճախակի խափանումների Didi Pamachi Surb Xachպատճառ են դարձել։ 1891 թվականին կրթօջախի մասին ականատեսը նշել է. «Առաջ ունեցել են ուսումնարան, բայց իմ գնացած ժամանակը` չունեին»: 1909 թվականին Բաքվի հայոց մշակութային միության դրամական օժանդակությամբ Մեծ Պամաճում կրկին դպրոց է բացվում, իսկ 1917 թվականին կառուցվում է դպրոցի նոր շենքը։ Այդ է վկայում դպրոցական դրամագլխի տոկոսներից դպրոցներ կառուցող հանձնաժողովին միանվագ 300 ռուբլի տրամադրելու մասին սինոդին ուղղված կաթողիկոսի՝ 1917 թվականի կարգադրությունը[13]։

Եկեղեցու վերաօծում. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի օրհնությամբ, Սուրբ Խաչ եկեղեցին 70 տարվա ընդմիջումից հետո վերաբացվեց և օծվեց 1996 թվականի ապրիլի 23-ին: Մեծ Պամաճ գյուղի ժողովուրդն աոաջին անգամ ներկա գտնվեց գյուղի եկեղեցու վերաօծման հոգեպարար արա­րողությանը: Օծման արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ արք. Սերայդարյանի կողմից: Արարողությանը ներկա էին նաև Ախալցիխեի շրջանի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Գուրգեն աբեղա Աղաբաբյանը և Մայր Աթոռի միաբան Բարեշնորհ Հարություն սարկավագ Փիլավչյանը: Արարողության վերջում Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետի անունից: Իրենց հերթին շնորհակալական խոսքեր ասացին նաև մտավորականներն ու պետական պաշտոնյաները[14]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 134:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-իշրջ.-61:

[3] «Արձագանք», 1885, N 4, էջ 58:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3798, թ. 125-իշրջ.; ֆ. 56, ց. 4, գ.1100, թ. 114-իշրջ.:

[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, նույնտեղում:

[7]Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 256:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3424, թթ. 1-20 շրջ.:

[9]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 257:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 66:

[12]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[13]Լ. Մաթևոսյան, Ախալցխայի հայկական դպրոցը, Երևան, 2007, էջ 124, 144:

[14]«Էջմիածին», 1996 (Դ), էջ 108:

  • Hits: 4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։