ԾՈՒՂՐՈՒԹ - ՍՈՒՐԲ ՍԻՈՆ (ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ) ԵԿԵՂԵՑԻ

2 tsughruti-surb sion-ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

Եկեղեցու կառուցում և վերանորոգություններ. Ծուղրութ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանում, Ախալքալաքից ուղիղ գծով 5 կմ հյուսիս-արևմուտք։ Ծուղրութ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: 1863 թվականին եկեղեցին դեռևս փայտաշեն էր [1]: Եկեղեցու հարավային մուտքից վեր մինչև օրս պահպանված արձանագրության համաձայն՝ 1881 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվել է միանգամայն նոր եկեղեցի[2]:

1830-1840-ական թվականների Ծուղրութ գյուղին վերաբերող արխիվային վավերագրերում[3] եկեղեցին հիշատակվում է Սուրբ Հակոբ անվամբ: Դրանից հետո և մասնավորապես 1875 թվականին[4] արդեն հիշատակվում է Սուրբ Սիոն անվամբ: Նշված թվականի դրությամբ եկեղեցին հնացած էր և կարիք ուներ վերանորոգման: Ըստ էության նախորդ վերաշինությունների ու վերաօծումների արդյունքում եկեղեցին արդեն ստացել էր Սուրբ Սիոն անվանումը, սակայն, ինչպես նշվեց, միանգամայն նոր եկեղեցին Սուրբ Սիոն անվամբ կառուցվեց 1881 թվականին:

Եկեղեցու Ավետարաններ. Գյուղում մինչև օրս պահվում է Հովհաննես Գրչի ձեռքով 974 թվականին գրված 395 էջանոց մագաղաթյա Ավետարանը[5]: Ձեռագրի գոյության և նկարագրության վերաբերյալ ամենավաղ վկայություններից մեկը թվագրվում է 1873 թվականով. «Այստեղ կայ մի Աւետարան, որ հանգուցեալ Կարապետ եպիսկոպոսը բերել է Կարնօյ մօտ Սպերու սուրբ Յովհաննէս վանքից միւս զարդերի հետ...»[6]: Ուշագրավ են նաև Ծուղրութի Ավետարանը և 1686 թվականին Վենետիկում հրատարակված Տպագիր Ճաշոցը: Վերջինս հայտնի է հատկապես 18-19-րդ դարերի մի քանի ձեռագիր հիշատակարաններով: Հնասեր ծուղրութցիները, Ավետարաններից զատ, իրենց տներում պահում են նաև եկեղեցական զանազան այլ իրեր՝ մասնատուփ, խաչվառ և այլն[7]։1 Tsughruti Surb Sion

Դպրոց. 1873 թվականին «Մեղու Հայաստան»-ում տպագրված հոդվածի համաձայն[8] եկեղեցու գավթում Ս. Վ. Պարզյանցի ջանքերով բացվել է ուսումնարան, որտեղ դասեր են անցկացվել միայն ամռանը: Սկզբնական շրջանում դպրոցը պահվել է եկեղեցու նյութական մուտքերի, իսկ 20-րդ դարի առաջին տասնամյակում՝ Կովկասյան բարեգործական ընկերության տրամադրած նպաստի հաշվին: Մեկ այլ հիշատակությամբ, 1908 թվականի դրությամբ, Ծուղրութում գործել է միդասյա դպրոց, որից օգտվել է նաև հարևան Ծիրա գյուղը[9]:

Ծխատեր քահանաներ. Անկախ բազմամարդ գյուղ լինելու հանգամանքից` Ծուղրութը երբեմն համալրել է քահանայազուրկ գյուղերի շարքը, սակայն պարբերաբար հիշատակվում են քահանաների անուններ, ովքեր քահանայագործել են եկեղեցում: 1830-ական թվականներին Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա է հիշատակվում Ստեփան քհն. Տեր-Նահապետյանցը[10]: 1851 թվականի մարտի 24-ին Ծուղրութի համար քահանա է ձեռնադրվել Մկրտիչ Տեր-Սարգսյանցը: 1876 թվականին Մկրտիչ Տեր-Սարգսյանցը հոգում էր նաև հարևան Ծիրա գյուղի բնակիչների հոգևոր պահանջները: Նույն թվականին դպիր է հիշատակվում Հովհաննես Ալեքսանյանը[11]:

1904-1909-ական թվականներին Ծուղրութի քահանա է հիշատակվում Վարդան Հովհաննիսյան Վարդանյանցը (ծնվ. 1861 թ., ձեռն. 1896-ի ապրիլի 2-ին): 1912 թվականի մայիսին բնակիչները բողոքագիր են ներկայացնում իրենց բազմամարդ գյուղն ու հարևան Ծիրան արդեն 7 ամիս առանց քահանայի թողնելու և դրա հետևանքով եկեղեցին փակելու փաստի առթիվ: Երկար որոնումներից հետո ծուղրութցիները վերջապես գտնում են քահանա ձեռնադրելու համար միանգամից երկու հարմար թեկնածուների` Եղիշե Տեր-Հակոբյանին և Գևորգ Բարսեղյանին, որոնցից ի վերջո ընտրվում է առաջինը: 1917 թվականին ծխատեր քահանա է հիշվում Եղիշե Տեր-Հակոբյանը[12]:

Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի մեջբերումների, հիմնված ՀՀ Ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերի վրա, Ծուղրութի Սուրբ Սիոն եկեղեցում քահանայագործած քահանաների մասին հիշատակությունները, ինչպես նաև հետագա վկայությունները (գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչների կողմից) խոսում են այն մասին, որ եկեղեցին մշտապես գործող է եղել: Եկեղեցին և գյուղում պահվող հայտնի Ավետարանները մշտապես եղել են տեղի բնակչների հոգածության և ուշադրության կենտրոնում, որն էլ շարունակաբար բազմաթիվ ուխտավորների է բերել Ծուղրութ:

Եկեղեցու խաչքարի օծում. 2013 թվականի հոկտեմբերի 8-ին` Ախալցիխեի Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն եկեղեցու բակում կանգնեցվում է խաչքար և կատարվում խաչքարի օծում՝ հանդիսությամբ և օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի: Եկեղեցին այսօր էլ շարունակում է գործել՝ իր հոգևոր ծառայությունը բերելով տեղի բնակիչներին:

Սրբատեղիներ. Ծուղրութի մերձակայքում են գտնվում Սուրբ Հակոբ, Սուրբ Գևորգ, Սուրբ Կարապետ, Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռները[13]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-61:

[2] Տե´ս Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 226:

[3] Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 456, թ.18-ի շրջ.-19; գ. 3800, թ. 4:

[4] Տե´ս «Մեղու Հայաստանի», 1875, N 50, էջ 2:

[5] Տե´ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 226:

[6] «Մեղու Հայաստանի», 1873, N 32, էջ 2:

[7]Տե´ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 227-229:

[8] Տե´ս «Մեղու Հայաստանի», նույն տեղում:

[9] ՀԱԱ, ֆ. 28, ց. 1, գ. 300. թ. 15-ի շրջ.:

[10] Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 456, նույն տեղում:

[11] Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16:

[12] Տե´ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 230:

[13] Տե´ս նույն տեղում, էջ 229:

  • Hits: 147

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։