ԱԽԱԼՔԱԼԱՔԻ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

1 axalqalaqi-surb xachis eklesiaՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ, 1850-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂՈՒՄ ՀԻՄՔԻՑ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՍՑԵ՝ Ք. ԱԽԱԼՔԱԼԱՔ, ԹԱՎԻՍՈՒՓԼԵԲԱ ՓՈՂ. 55:

Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Ախալքալաք քաղաքի կենտրոնում: Եկեղեցու կառուցման վերաբերյալ հիմնական տեղեկությունները հաղորդում են արխիվային վավերագրերը: 1830-ական թվականներին այն կառուցել են կարինցի գաղթական հայերը սեփական միջոցներով: Հետագայում, 1850-ական թվականներին, ախալքալաքաբնակ Կարապետ Յաղուբյանցի նախաձեռնությամբ հին եկեղեցու տեղում կառուցվել է նոր եկեղեցի[1]:

Եկեղեցու վերանորոգություններ. Եկեղեցու վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 1870-1890-ական թվականներին: 1884 թվականին կատարվել են մասնակի նորոգման աշխատանքներ Ախալցիխեի փոխանորդ Խորեն վրդ. Ստեփանեի նախաձեռնությամբ[2]: 1890-ական թվականներին իրականացվել է եկեղեցու հողածածկ տանիքի նորոգությունը: Վերանորոգումը իրականացվել է տեղի բնակիչների ջանքերով[3]:

Ճարտարապետություն. Սուրբ Խաչ եկեղեցին ընդարձակ դահլիճով գմբեթավոր տաճար է: Արտաքին չափսերն են 27,7x16 մ: Ծածկերն ու գմբեթը պահում են երեք զույգ սյուները: Խորանի երկու կողմում ավանդատներն են: Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից: Այն ունի կրկնահարկ զանգակատուն: Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով և փայտով: Եկեղեցու արևելյան ճակատին ագուցված է 9-10-րդ դարի զարդաքանդակներով մի խաչքար: Մյուս խաչքարը գտնվում է ներսում, խորանի մեջ[4]: 1989 թվականին քաղաքի հայոց գերեզմանոցներից մեկում հայտնաբերված 13-14-րդ դարերի ևս մի խաչքար տեղափոխվել է եկեղեցու բակ[5]:

Ծխատեր քահանաներ. 19-րդ դարում Սուրբ Խաչ եկեղեցում քահանայագործել են Կիրակոս մահտեսի Մարտիրոսյանը[6], Սիմեոն ավագ քահ. Տեր-Վարդանյանցը[7], Հարություն քահ. Մանուսաջյանցը, Հովհաննես քահ. Քաջազնունին[8] և այլք:

Եկեղեցական կալվածքներ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1837 թվականի շարժական և անշարժ կալվածքների ցուցակների համաձայն` Սուրբ Խաչ եկեղեցին ունեցել է ինչպես ծիսական գրքեր, եկեղեցական զանազան իրեր, այնպես էլ անշարժ կալվածքներ: Մասնավորապես տվյալ պահին ունեցել է մեկ կրպակ, եկեղեցու շրջակայքում՝ 8 գազ հողարատածություն[9]:

Դպրոց. 1836 թվականին Սուրբ Խաչ եկեղեցուն կից բացվել է Սբ. Մեսրոպյան անվամբ երկդասյա արական ծխական դպրոց: Մինչև օրս կանգուն դպրոցի շենքը կառուցվել է 20-րդ դարի առաջին տասնամյակում: Այն իր գործունեության ընթացքում մի քանի անգամ փակվել և վերաբացվել է[10]:

1871 թվականի փետրվարի 12-ին եկեղեցու գավթում բացվել է Սանդխտյան օրիորդաց դպրոցը, որի գոյությանը մեծապես աջակցել է տեղացի ձեռներեց Հովհաննես Հովհանջանյանը[11]:

Ընթերցարան. 1885 թվականին Սուրբ Խաչ եկեղեցու գավթի հյուսիս-արևմտյան մասում տեղի բնակիչների հանգանակություններով կառուցվել է ընթերցարան: Եկեղեցու նյութական վիճակը 2 K. Axalkalaki Surb Xachփոքրիշատե բարելավվում է 90-ականներին: Կառուցվում են եկեղեցապատկան եկամտաբեր որոշ շինություններ, որոնցից ստացված գումարն օգտագործվել է դպրոցի, ընթերացարանի կարիքները հոգալու համար[12]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. 1921 թվականին եկեղեցին փակվել է՝ ծառայելով որպես աղի պահեստ: Սուրբ Խաչ Եկեղեցին վերաբացվում է միայն 1944 թվականին՝ տեղի հավատավոր բնակչության խնդրանքով:

Գևորգ եպս. Սերայդարյանի առաջնորդության շրջանում, ի շարս թեմի այլ եկեղեցիների,1977 թվականին տեղական իշխանության ծախսերով իրականացվել է նաև Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը: Մասնավորապես ներքին մասնակի նորոգություններից զատ վերացվել են եկեղեցու շրջակայքում գտնվող խարխլված տները: Փոխարենը տնկվել են ծաղկանոցներ: Նախատեսվել է իրականացնել նաև եկեղեցու կենտրոնական ջեռուցում[13]:

1988 թվականին եկեղեցու գավթում տեղադրվել է երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող և խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:

1998 թվականին ձեռներեց Արտավազդ Հարությունյանի հովանավորությամբ եկեղեցու ծածկը ենթարկվել է մասնակի վերանորոգության: 2000 թվականի հուլիսի 22-ին, եկեղեցու բակում տեղակայվել է նաև եկեղեցու հիմնադիր Տ. Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հուշարձանը:

2008 թվականի օգոստոսի 3-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի, օծվեցին Սուրբ Խաչ Եկեղեցու Սուրբ Խորանն ու Մկրտության Ավազանը (բարերարությամբ Կուրղինյան եղբայրների և Ա. Կարաբեկյանի)[14]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թթ. 1-2 :

[2] «Արձագանք», 1885, N 22, էջ 309:

[3] «Մշակ», 1899, N 203, էջ 2:

[4] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 69:

[5] Նույն տեղում, էջ 70:

[6] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 974, թ. 1 ևշրջ.:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 339, թ. 2; գ. 332, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 374, թ. 4:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 123 և շրջ.:

[10] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 65:

[11] «Նորաշեն» հանդես, 2007, /2/(8), էջ 8:

[12] Նույն տեղում:

[13] «Էջմիածին», 1978, Գ, էջ 62:

[14]«Էջմիածին», 2008, Ը, էջ 148:

  • Hits: 4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։