ԱՐԱԿՈՎԱ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

1 aragva-surb gevorgis eklesia ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու կառուցում. Արակովա գյուղը Ջավախքի կենտրոնական բնակավայրերից է: Այն գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 7 կմ հյուսիս: Գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին իր ժամանակի աչքի ընկնող կառույցներից էր, որը հիմնադրվել է 1830-ական թվականներին: Եկեղեցու վերաբերյալ առաջին հիշատակությունները վերաբերում են 1840[1]-1841 թվականներին[2]: Քահանա է հիշատակվում Տեր-Գրիգորը[3]: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների նույն թվականի մեկ այլ տեղեկագրի համաձայն` տվյալ պահին գյուղն ունեցել է մեկ փայտաշեն ծխական եկեղեցի, 354 ծխական[4] :

Վերանորոգություններ. Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանի միջոցներով՝ Կարինից Աբասթուման գաղթած ճարտարապետ Գրիգոր Կիրակոսյանի նախագծով: Եկեղեցին կանգնած էր 12 սյուների վրա, որոնց վրա դրոշմված էին առաքյալների պատկերները[5]: Սակայն 1890-ական թվականներին եկեղեցին հնության պատճառով փակվում է, որի մասին վկայում են ժամանակի մամուլի հրապարակումները[6]: Եկեղեցու հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 1903-1905 թթ., իսկ հանդիսավոր օծումը` 1909 թվականին[7]:

Ճարտարապետություն. Կառուցված է մոխրագույն բազալտով և պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Ընդհանուր չափսերն են 24,21x13,44 մ: Գեղարվեստական-տարածական լուծումներում գործածված են գոթիկային բնորոշ հորիզոնական դիրքով երկարացված տարրեր՝ երկարավուն ձև ունեցող եռանկյուն պատուհաններ: Եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսից, արևմուտքից և հարավից, որոնք բացված են երեք աստիճան բարձրության վրա: Սև և կարմիր տուֆից ութանիստ գմբեթը ծածկի արևելյան մասում է: Զանգակատունը կառուցված է տաճարի արևմտյան մասում: Եկեղեցու ծածկը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Շենքի արևելյան մասում է գտնվում Սբ Խորանը՝ աջ և ձախ ավանդատներով: Սրահը բաժանված է երեք նավերի: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը:arakova surb gevorg

Քահանաներ. Արակովա գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում քահանայագործել են Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանը, Կարապետ քահ. Դավթյանը[8], Գրիգոր քահ. Տեր-Կարապետյանը[9] և այլք:

Դպրոց. 1860-ական թվականների դրությամբ գյուղն ունեցել է եկեղեցա-ծխական դպրոց: Ըստ Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականին դպրոցների վերաբերյալ տեղեկագրի` դպրոցը հիմնադրել է Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանը եկեղեցու գավթում[10]: 1885 թվականին դպրոցը փակվել է, վերածվել պահեստի: Գյուղում շարունակել է գործել ռուսական արքունական դպրոցը[11]:

Գերեզմանատուն. Տարածվում է եկեղեցու բակում: Տեղում պահպանվել են 19-րդ դարի տապանաքարեր[12]:

Հին եկեղեցի. Նոր եկեղեցուց հյուսիս պահպանվում են նաև վաղ միջնադարյան հիմնավեր եկեղեցու մնացորդներ[13] :

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. 1930-ական թվականներին խորհրդային իշխանության որոշումով եկեղեցին փակվում է և վերածվում պահեստի, իսկ քահանան բռնադատվում և աքսորվում:

Եկեղեցին ու վերաօծումը. 2000 թվականին, ծնունդով Արակովայից մոսկվայաբնակ նախկին համագյուղացիների և երջանկահիշատակ Մերուժան Թութունջյանի բարերարությամբ ու ազգաբնակչության ջանքերով վերականգնվում է եկեղեցու փլված գմբեթը, հիմնովին բարեկարգվում եկեղեցու մերձակա տարածքը:

2006 թվականի հոկտեմբերի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և տեղի քահանայաց դասի, վերաօծվում և հավատացյալ ժողովրդի առջև իր դռներն է բացում Սուրբ Գևորգ եկեղեցին[14]:

2017 թվականի հունիսի 10-ին օծվեց Սուրբ Գևորգ եկեղեցու նորակառույց Սուրբ Խորանը՝ կառուցված նախկին արակովայաբնակ Արմեն Յայլախանյանի միջոցներով:

Սուրբ Գևորգ եկեղեցուն կից այսօր գործում է «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանը, որտեղ իրենց հոգևոր դաստիարակությունն են ստանում Արակովայի և հարակից գյուղերի երեխաները[15]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1005, թ. 1:

[3] Նույն տեղում, թ. 22:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (մաս 1), թ. 63-ի շրջ.-64:

[5]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 86:

[6] «Նոր Դար»1896, N 201, էջ 3; «Մշակ», 1901, N 98, էջ 3:

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 715, թ. 2:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 743, թ. 3:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[11]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 85-86:

[12]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 88:

[13]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[14]«Էջմիածին», 2006, Ժ-ԺԱ, էջ 144:

[15]Վիրահայոց թեմի մամլո դիվան:

  • Hits: 156

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։