ԴԱԴԵՇ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

2 dasdeshi-surb astvatsatsinis eklesia1867 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՂՄՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ 2015Թ.:

Դադեշ գյուղը գտնվում է Ախալքալաքից 13 կմ հարավ-արևմուտք: Գյուղի բնակիչների նախնիներն այստեղ հաստատվել են 1830 թվականի կեսերին, Էրզրումի նահանգի Աշկալա գյուղից, Մուշից, Կարսից: Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից է Սուրբ Աստվածածին հին եկեղեցին[1]։

Եկեղեցու հիմնադրում. Դադեշ գյուղում եղել են Սուրբ Աստվածածին անվամբ հին և նոր եկեղեցիներ: Հին եկեղեցին հիմնադրվել է 10-11-րդ դարերում: 19-րդ դարում գյուղում վերաբնակեցված հայերը նախ նորոգել են հին կիսախարխուլ եկեղեցին, ապա 1848 թվականին եկեղեցու օծման խնդրանքով դիմել են Ախալցխայի Հոգևոր կառավարությանը[2]: 1867-1868 թվականներին հին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է նոր համանուն եկեղեցին[3]: 1885 թվականի դրությամբ եկեղեցին քարաշեն էր, փայտածածկ[4]: Գյուղի բնակիչների վկայությամբ նոր եկեղեցին եղել է գմբեթավոր, որն էլ հետագայում փլուզվել է:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է գմբեթավոր սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 19,47x10,6մ: Շինարարության ժամանակ որպես կապակցանյութ գործածվել է կիրը, ինչը պարզորոշ երևում է շինության ճակատամասերին: Հյուսիսային և հարավային պատերին բացված են ուղղանկյուն պատուհաններ: Հյուսիսային պատին կից պահպանվել է միջնադարյան հին եկեղեցուց մի հատված: Եկեղեցու մուտքը արևմտյան կողմից է: Տանիքի 1 Dadeshi Surb Astvatsatsinարևմտյան մասում է գտնվում զանգակատունը, իսկ տանիքի կենտրոնական մասում կանգնած է ութանիստ գմբեթը: Գմբեթի նիստերին բացված են ուղղանկյուն պատուհաններ: Ներքին տարածքը երեք սյուներով բաժանված է խոյակների: Արևելյան մասում է գտնվում քանդակազարդ Սբ. Խորանը՝ իր աջ և ձախ ավանդատներով: Մկրտության ավազանը հյուսիսային պատի մեջ է[5]:

Ծխատերքահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Մարտիրոս քահ. Մահտեսի Հովսեփյանը, Կարապետ քահ. Տեր-Գաբրիելյանցը[6], Զաքարիա վարդապետ Զաղունեանցը[7], ովքեր քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:

Դպրոց. 1869 թվականի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցական տեղեկագրի համաձայն` Դադեշ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է գյուղի հասարակության միջոցներով 1864 թվականին: Տվյալ պահին ունեցել է 20 սովորող, 1 ուսուցիչ[8]:

Եկեղեցու վերաօծում.Դադեշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին խորհրդային տարիներից ի վեր չի գործել: Եկեղեցու վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2014 թվականին, ավարտվել` 2017 թվականին: 2017 թվականի հունիսի 10-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, կատարվեց վերակառուցման ընթացքի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին հին եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի ու զանգի օծման արարողությունը։ 2017 թվականի սեպտեմբերին 16-ին՝ իր առաջին օծումից տասնամյակներ անց, հիմնովին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Եկեղեցին վերականգնվել է ռուսաստանաբնակ Լյուդվիգ Թումասյանի ընտանիքի և Ռուսաստանի Դաշնությունից նրանց աջակցող հարազատների և ընկերների բարերարությամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց առաջին մկրտությունը[9]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 153:

[2]Տես նույն տեղում:

[3]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 5094, թ. 1 և շրջ.:

[4]«Արձագանք», 1885, N 3,էջ 41:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16-ի շրջ.; ց. 2, գ. 5488, թ. 2; գ. 5503, թ. 3:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5473, թ. 2:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53 շ.-54:

[9]Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:http://armenianchurch.ge/hy/news/34-news/1395-yekeghecu-ocum:

  • Hits: 911

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։