ԿԱՐԾԱԽ - ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

2.2ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

Եկեղեցու հիմնադրում և վերանորոգություններ. Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղը հնամենի հայաբնակ գյուղերից է: Գյուղի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու մասին հիշատակվում է 1839-1840 թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի հոգևորականների և եկեղեցիների տեղեկագրում[1]:

1860 թվականին կարծախցիները նախատեսում էին վերանորոգել հին եկեղեցին, ապա պարսպապատել[2]: Սակայն հին եկեղեցին փոքր էր և չէր բավարարում մարդաշատ Կարծախին, ուստի 1880-ական թվականներին որոշում են նոր եկեղեցի կառուցել[3]: Ըստ պահպանված շինարարական արձանագրության` եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1894 թվականին[4], մեկ այլ տվյալի համաձայն` 1896 թվականին[5]: Ըստ վերջինիս` շինարարության կասեցման պատճառը միջոցների սղությունն էր: Ըստ ամենայնի եկեղեցու կառուցումն ավարտվել է 1896 թվականին, զանգակատան կառուցմամբ: Զանգերը նվիրել էր թիֆլիսեցի Բագրատ Ալիբեկյանը[6]: 1880-1896-ական թվականներին նախկին եկեղեցու տեղում կառուցված բազիլիկ տիպի զանգակատնով հոյակերտ տաճարի շինարարությանը իրենց մասնակցությունն են բերել այդ ժամանակաշրջանի թիֆլիսաբնակ անվանի հայ առևտրականները[7]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է սև բազալտից: Բազիլիկ տիպի կառույց է: Եկեղեցու արտաքին չափսերն են 23.75x13.25 մ[8]: Այն ունի երկու մուտք` բացված հարավից և արևմուտքից: Արևմտյան մուտքին հայատառ գրություն կա, որի վերևում կարմիր տուֆից խաչաձև քանդակ է արված: Ճակատամասերին առկա են դեկորատիվ կամարներ, իսկ պատերին բացված են կամարակապ պատուհաններ: Արևմտյան պատին` վերին ձախ և աջ մասերում, առկա են կլոր որմնախորշեր: Արևմտյան ճակատամասին կառուցված է զանգակատունը: Տանիքը թեք է, երեսապատված` տուֆի սալիկներով: Ներքին տարածքում պատերը անմշակ են: Դահլիճը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավի: Շինության արևելյան մասում Սբ. Խորանն է՝ աջ և ձախ կողմերում ավանդատներով: Հյուսիսային պատին կառուցված է մկրտության ավազանը[9]: Եկեղեցու մուտքի արևմտյան ճակատին՝ զանգակատան ներքևի հատվածում, արված են շինարարական արձանագրություններ, որոնք առաջին անգամ հրատարակվել են Ս. Կարապետյանի կողմից[10]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցու քահանաներից են եղել Տեր Եղիա քհն. Տեր-Հովհաննիսյանը[11], Հովհաննես քհն. Տեր-Գրիգորյանը[12], Հակոբ քհն. Միքայելյանցը[13], Մարտիրոս քհն. Տեր-Մարտիրոսյանցը[14]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:1

Դպրոց. Կարծախ գյուղի ուսումնարանի վերաբերյալ ամենավաղ տեղեկությունները վերաբերում են 1837 թ.[15], սակայն մեկ այլ`1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի հաղորդած տվյալների համաձայն` գյուղի դպրոցը հիմնվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: Հարկ է նշել, որ դեռևս 1860 թվականին կարծախցիներն արդեն իսկ դպրոց բացելու մտադրություն ունեին և այդ խնդրով դիմել էին կոնսիստորիային[16]: 1869 թվականի դրությամբ դպրոցն ունեցել է 56 սովորող, 2 ուսուցիչ[17]:

Եկեղեցու վերաօծում. 2012 թվականի հուլիսին, մեծն Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ավանդական մեծարման օրը, ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և մասնակցությամբ հոգևոր դասի վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին: Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը սկսվեց հուլիսի 13-ի երեկոյան, «Դռնբացեքի» արարողությամբ: Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ Խորանը, մկրտության ավազանը և սրբապատկերները[18]:

Եկեղեցին վերանորոգվել է ծնուդով կարծախցի մի խումբ բարերաների նյութական աջակցությամբ:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 53-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4152, թ. 1 և շրջ.:

[3]«Նոր-Դար», 1891, N 150, էջ 3 :

[4]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 285:

[5]«Նոր-Դար», 1896, N 180, էջ 3 :

[6] «Նոր-Դար», 1898, N 13, էջ 4 :

[7]http://armenianchurch.ge/hy/news/34-news/274-karcax, Վիրահայոց թեմի մամլո դիվան:

[8]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[9]Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրությանկենտրոն: Վիրահայոցթեմ:

[10]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 286:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում:

[12]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3214, թ. 2; գ. 3226, թ.2:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3237, թ. 3:

[14]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3245. թ. 3:

[15]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3931, թ. 69:

[16]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4152, նունտեղում:

[17]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-իշրջ.-54:

[18]http://armenianchurch.ge/hy/news/34-news/274-karcax, Վիրահայոց թեմի մամլո դիվան:

  • Hits: 912

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։