ԿՈՒԼԻԿԱՄ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ

Եկեղեցու կառուցում. Ախալքալաքից 2 կմ հյուսիս-արևելք գտնվող Կուլիկամ գյուղի եկեղեցու վերաբերյալ արխիվային վավերագրերն ամենավաղ տեղեկությունները հաղորդում են՝ սկսած 1840-ական թվականներից: Մասնավորապես, 1840 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրի համաձայն` եկեղեցու ծխականների թիվը կազմել է 210[1]:

1870-ական թվականներին, Կուլիկամ գյուղի վերաբնիկները ձեռնամուխ են եղել հին եկեղեցու տեղում նոր շենք կառուցելու գործին, սակայն աշխատանքները ընդհատվել են նյութական սղության պատճառով. «…ունի մի հին քանդված եկեղեցի, որ գիւղացիների բաղդաւոր ժամանակը նորոգվեցաւ կէսը, բայց երբ բազմացան նրանց գլխին կալուածատէրերի ճնշումները, նրանք այլևս ոյժ չունեցան շարունակել իրանց տաճարի վերանորոգութեան գործը…»[2]։

Եկեղեցու վերականգնողական աշխատանքներն ավարտվում են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին: 1884 թվականից արդեն քարաշեն, փայտածածկ եկեղեցին սկսում է կանոնավոր գործել[3]: 1905 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրի տվյալների համաձայն` Սբ Երրորդություն եկեղեցու մայր գումարը կազմել է 919 ռ. 7 կ. արծաթով[4], 1915 թվականին` 791 ռ. 41 կ.[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցու արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է վեց միակտոր սյուների վրա բարձրացող զանգակատունը: Միակ մուտքը բացված է  Mgարևմտյան ճակատից: Եկեղեցու արևելյան ճակատին ագուցվել է գյուղի հայոց գերեզմանոցից տեղափոխված արձանագիր մի խաչքար. «ՅԻՇԱՏԱԿ Է ԽԱՉՍ | (ՀԱ)ՅՐՆ ՄՈՒՐԱԴԲ…ԾՆՈՂԻՆ…»։ Գյուղի եկեղեցու այժմյան մուտքի պատին գրված է. «ԿՈՒԼԻԿԱՄԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌ…1865 թ. ՎԵՐԱԿԱՌ…2000 թ.»։[6]: Եկեղեցին տվյալ դարաշրջանին բնորոշ Ջավախքում կառուցված շատ եկեղեցիների նման միանավ բազիլիկ է:

Ծխատեր քահանաներ. 1860-1880-ական թվականներին Սբ Երրորդություն եկեղեցում քահանայագործել է Թորոս քհն. Տեր-Թորոսյան Գաբրիելյանցը[7]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Եկեղեցու վերանորոգության աշխատանքներ իրականացվել են նաև 20-րդ դարի 90-ական թվականների վերջերին, տեղացի Ստեփան Ուզունյանի բարերարությամբ: Տարիներ անց գյուղի բնակչությունը, բավարար չնկատելով եղած վերանորոգությունը, միավորվում է բարերարներ Ստեփան Ուզունյանի, Ղազար Միրանյանի և համայնքի ուժերով ու ամբողջությամբ վերանորոգում տաճարը, բարեկարգում եկեղեցու շրջապատը, պատրաստում հայկական զարդանախշերով հարուստ Սուրբ սեղան: 2018 թվականի հուլիսի 1-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և տեղի հոգևոր դասի մասնակցությամբ, վերաօծվեց Սուրբ Երրորդություն եկեղեցին:

Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով են օծվում Սուրբ Երրորդություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Նորաբաց և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն[8]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] «Մշակ», 1877, N 11, էջ 2:

[3] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 112 շրջ.-113:

[5] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 (մաս 3), թ. 316 շրջ.-317:

[6] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 310-311:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3338, թ. 2; գ. 3344, թ. 2; գ. 3363, թ. 3; գ. 3368, թ. 3:

[8] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

[6]

  • Hits: 598

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։