ՄԱՋԱԴԻԱ – ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

2 axalqalaqi-majadia-surb grigor lusavorich-2ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1840-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՍԲ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՄԲ

ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 1867 ԹՎԱԿԱՆԻՆ

Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող Մաջադիա գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրվել է 1867 թվականին, ինչի մասին է վկայում եկեղեցու մուտքից վեր բարավորին արված շինարարական արձանագրությունը: Համաձայն արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով, իսկ եկեղեցու կառուցման վարպետն է եղել Կարապետ Կոծմանյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին օծվել է Գրիգոր եպս. Սաքինյանցի ձեռամբ[1]: Այն հիշատակվում է որպես քարաշեն, կամարակապ շինություն[2]: Մինչ հիշյալ եկեղեցու կառուցումը, գյուղում գործել է Սբ. Հարություն անվամբ եկեղեցի, որի վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի 1840-1850-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցին` Սուրբ Հարություն անվամբ հիշատակվում է թեմի եկեղեցիների վերաբերյալ 1840 2 Axalqalaqi Majadia Surb Grigor Lusavorichթվականի տեղեկագրում[3]:

Ճարտարապետություն. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 18,34x10,15մ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու ճակատային մասում արված է քանդակազարդ հայերեն արձանագրություն: Մուտքի վերևում քանդակված է տուֆից խաչաձև զարդանախշ: Տանիքի արևմտյան մասում կառուցված է փոքր չափսի երկհարկ զանգակատունը: Եկեղեցու երկթեք տանիքը երեսապատված է տուֆի սալիկներով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Դահլիճը սյունաշարերով բաժանված է երեք նավերի: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյոսիսային պատին մկրտության ավազանն է:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաներից են եղել Սարգիս քհն. Մելիքյանցը[4], Կարապետ քհն. մահտեսի Հարությունյանը[5]:

Գերեզմանատուն. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ոչ հեռու տարածվում է գերեզմանատունը, որտեղ առկա են 6-7-րդ դարերին բնորոշ քառակող կոթողների բեկորներ, 15-16-րդ դարերով 1 Axalqalaqi Majadia Surb Grigor Lusavorichթվագրվող խաչքար[6]:

Եկեղեցու վերանորոգություն. Խորհրդային անաստվածության տարիներից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ևս սրբագործվելու և վերանորոգվելու կարիք ուներ: 2013 թվականին Սամարայում բնակվող նախկին մաջադեցիների կողմից վերանորգվում է Մաջադիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 2017 թվականին իրականացվում են եկեղեցու տանիքի, ներքին սալապատման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

2017 թվականի մայիսի 28-ին, եկեղեցու կառուցման 150-ամյակի կապակցությամբ, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ քահանայի և Հոգեշնորհ Հայր Սուրբի կողմից քաջալերանքի և շնորհավորանքի խոսքեր ուղղվեցին Մաջադիայի բնակչությանը՝ եկեղեցի ունենալու 150-ամյակի, այն իրենց ձեռքերով վերանորոգելու ու պահպանելու կապակցությամբ[7]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 363:

[2] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3832, թ. 3:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3817, թ. 3:

[6] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 364:

[7] Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

  • Hits: 993

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։