ՄԵՐԵՆԻԱ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

3 merenia surb astvatsatsin 1ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 ԹՎԱԿԱՆԻՆ:

Մերենիան Ախալքալաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող հայաբնակ գյուղ է: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին[1]: Սուրբ Աստվածածին եկեղեցու անունն առկա է 1839-1840 թթ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների և հոգևորականների տեղեկագրում: Դպիրներ են հիշատակվում Հակոբ Սարգսյանը, Խաչատուր Հովհաննիսյանը, Գալուստ Մակարյանը[2]: 1866 թվականի դրությամբ այն դեռևս փայտաշեն էր[3], արդեն 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[4]: 1899 թվականի դեկտեմբերի 19-ին, ինչպես Ախալքալաքի մի շարք գյուղերի եկեղեցիները, այնպես էլ Սբ. Աստվածածինը փլվում է երկրաշարժից, բայց մի քանի տարվա ընթացքում նորից վերակառուցվում է[5]:2 merenia surb astvatsatsin 2

Ճարտարապետություն. Մերենիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է միանավ դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16 х 11 մ: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում արված է միատող հայերեն արձանագրություն: Զանգակատունը կառուցված է մուտքի վերևում: Տանիքը երեսապատված է թիթեղով: Պատերը սվաղած և ներկած են սպիտակ ներկով: Շինության արևելյան մասում է գտնվում խորանը, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Հովակիմ քհն. Բաղդասարյանը[7], Իսահակ քհն. Ասլանյանցը[8]: Քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:

Դպրոց. Եկեղեցու գավթում է գտնվել քարուկրից շինված եկեղեցա-ծխական դպրոցը, որտեղ սովորեցրել են մասնավոր ընթերացանություն[9]: 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն՝ եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1863 թվականին հասարակության միջոցներով: 1869 թվականին ունեցել է 43 սովորող, 1 ուսուցիչ[10]: Ուսուցիչներից հիշատակվում է Հարություն Ասլանյանցը[11]:

Եկեղեցու վերաօծում. 2010 թվականին գյուղացիների նախաձեռնությամբ 1 Merenia Surb Astvatsatsinքանդվում են խորհրդային տարիներին պահեստի վերածված Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում գտնվող փայտյա երկհարկանի ամբարները, և սկսվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները: 2013 թվականի ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի և տեղի հոգևոր դասի, վերաօծվում է Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հայ Եկեղեցու օծման կարգով ապրիլի 6-ի երեկոյան կատարվեց նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները: Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է նախկին մերենիացիների (Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Փոչիկյանի) բարերարությամբ[12]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 393:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50 և շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.:

[4] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5] Ս. Կարապետյան, Ջավախք, նույն տեղում:

[6] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3985, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3969, թ. 2; գ. 3974, թ. 2; գ. 3999, թ. 2:

[9] «Արձագանք», նույն տեղում:

[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[11] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[12] http://hetq.am/arm/news/25211/veraotsvec-javakhqi-merenia-gyuxi-surb-astvatsatsin-ekexecin.html.

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

  • Hits: 995

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։