ՎԱՉԻԱՆ – ՍՈՒՐԲ ՍԻՈՆ ԵԿԵՂԵՑԻ

2 vachiani-surb sionis eklesiaՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ 30-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է 1993-2014ԹԹ.:

Ախալքալաքից 6 կմ հարավ-արևմուտք գտնվող Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցու վերաբերյալ ամենավաղ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունն առկա է հիշյալ ժամանակահատվածի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրերում[1]: 1866 թվականին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2], 1885 թվականին`քարաշեն, փայտածածկ[3]: 1887 թվականի «Նոր Դար» ամսագրի հոդվածներից մեկում եկեղեցին բնութագրվում է՝ որպես «բաւական գեղեցիկ նորաշէն եկեղեցի»[4]: Հավանաբար 1880-ական թվականներին եկեղեցին ենթարկվել է հիմնավոր վերանորոգման: Սուրբ Սիոն եկեղեցին հիշատակվում է նաև թեմի եկեղեցիների 20-րդ դարի սկզբի տեղեկագրերում: Մասնավորապես այն առկա է 1905 թվականի տեղեկագրում[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Սիոն եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 17,96x11,2 մ: Հյուսիսային և հարավային պատերը դրսի կողմից սվաղած են, իսկ արևելյան և արևմտյան պատերը տուֆով են երեսապատված: Մուտքին կից կառուցված է գավիթը, որի վրա զանգակատունն է: Տանիքը երեսապատված է թուջով, որի վրա փոքր չափսի գմբեթն է: Ներքին տարածքը սյուներով բաժանված է երեք նավերի: Եկեղեցու արևելյան մասում խորանն է: Խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Հյուսիսային, հարավային և արևելյան պատերին բացված են երեքական կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան մասում է[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Սիոն եկեղեցու քահանաներից հիշատակվում են Տեր Սիմեոն Կարապետյանը, դպիր` Հովհաննես Տեր-Սիմոնյանը[7], Հարություն քհն. Իշխանյանցը, Գաբրիել քհն. Մկրտչյանը, Սիմեոն քհն. Տեր-Գաբրիելյանը[8], Տեր Կարապետը[9]: Քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ տեղեկությունների կարելի է հանդիպել թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրում, համաձայն որի դեռևս 1837 թվականից գյուղում դպրոց է գործել, սակայն մշտական շենք չի եղել: 1869 թվականի դրությամբ ունեցել է 61 սովորող, 1 ուսուցիչ[10]: 1874-1875 1 Axalqalaqi Vachiani Surb Sionis Eklesia թվականներին ունեցել է մեկ նախակրթարան: Ուսուցիչ է հիշատակվում Խաչատուր Կարապետյանցը[11]: 1881 թվականին գյուղում բացվել է ռուսական արքունական դպրոց, իսկ հայկականը` փակվել[12]:

Հետխորհրդային շրջան.1914 թվականին արդեն քանդվում է եկեղեցու տանիքը, իսկ խորհրդային տարիներին՝ խոնարհվում: 1990-ական թվականներից սկսած գյուղի ազգաբնակչությունը ձեռնամուխ է լինում եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Կառուցվում է զանգակատունը, եկեղեցու բազիլիկ շինությունը վերածվում է գմբեթավորի, բարեկարգվում է տարածքը: Վերակառուցման աշխատանքներին մեծապես օժանդակում են Ռուսաստանի Դաշնությունում հաստատված վաչիանցիները[13]:

Եկեղեցու վերաօծում.2016 թվականի հոկտեմբերին, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Գյուտ Խաչի» տոնական օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին: Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Մկրտության ավազանը, Սուրբ Սեղանը, սրբապատկերները: Արարողակարգին մասնակցում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, հոգևոր դասը: Հավարտ արարողակարգի, Սրբազանը վաչիանցիներին փոխանցեց Թբիլիսիից բերված սրբապատկեր, որն այսուհետ անբաժան կլինի Սուրբ Սիոն եկեղեցուց: Նորաօծ եկեղեցում անդրանիկ պատարագը մատուցեց Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Արժ. Տ. Տաթև քհն. Մարուքյանը: Հավարտ պատարագի կատարվեց նաև եկեղեցու բակում զետեղված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն:[14]

Սրբատեղի.Գյուղի մերձակայքում պահպանվում են նաև մի շարք մատուռ-սրբատեղիներ, որոնցից հայտնի են՝ Սուրբ. Գր. Լուսավորիչ, Սուրբ Գևորգ, Վերին Ժամ կոչվող սրբատեղիները:

Վիրահայոցթեմ

Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4; գ. 457, թ. 59:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[4]«Նոր-Դար», 1887, N 174, էջ 2:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 110-ի շրջ.:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5324, թ. 2; գ. 5309, թ. 2; գ. 5334, թ. 3:

[9]«Նոր-Դար», նույն տեղում:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-ի շրջ.-54:

[11]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44-ի շրջ.:

[12]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 473:

[14]Տես նույն տեղում:

  • Hits: 811

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։