ԶԱԿ - ՍՈՒԶԱԿ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

2 axalqalaqi-zakvi-surb minasis eklesiaՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու հիմնադրում. Զակը Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, որը գտնվում է «Կարմիր» կոչվող բլրի լանջին: Զակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Գյուղի եկեղեցու վերաբերյալ հիշատակության կարելի է հանդիպել 1839-1840 թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի հոգևորականների և եկեղեցիների տեղեկագրում[1]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[2], 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[3]: Հին եկեղեցու տեղում նորը կառուցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին դեռևս 1885 թվականին, սակայն գործը ձգձվեց մինչև 1890-ական թվականները: Մասնավորապես 1893 թվականին սկսված շինարարական աշխատանքները կիսատ են մնում թույլտվության հետ կապված խնդիրների առաջացման պատճառով: 1895 թվականին թույլտվություն ստանալու խնդրանքով գյուղի բնակիչները խնդրագրով դիմում են Մկրտիչ կաթողիկոսի միջնորդությանը[4]: Նոր եկեղեցու կառուցման թույլտվությունը տրվեց միայն 1905 թվականին[5] և ավարտվում է 1909 թվականին: Հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 1911 թվականի ապրիլի 29-ին[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է բազալտից և պատկանում է բազիլիկ ճարտարապետական տիպին: Ընդհանուր չափսերն են 17,17x10,6 մ: Եկեղեցու հարավային, հյուսիսային և արևմտյան պատերին բացված են կիսաշրջանաձև պատուհաններ: Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Արևմտյան կողմից աջ և ձախ պատերին կան երկու ելուստ, որոնց վրա հենվում է դեկորատիվ կամարը: Մուտքի վերևում տուֆ քարից խաչ է քանդակած: Տանիքի արևմտյան մասում երկհարկ զանգակատունն է, իսկ երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում է տեղակայված Սուրբ Խորանը՝ աջ և ձախ կողմերում գտնվող ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը: Առաստաղը երեսապատած է փայտե վահանակներով[7]:1 Zakvi Surb Minasis Eklesia

Ծխատեր քահանաներ. 1830-40-ական թվականներին Սուրբ Մինաս եկեղեցում քահանայագործել է Տեր-Կարապետ քահ. Դավթյանը, դպիրներն են եղել Հակոբ Տեր-Կարապետյանը, Մարտիրոս Մկրտչյանը[8]:

Դպրոց. Համաձայն Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականի տեղեկագրի` Զակ գյուղի դպրոցը հիմնվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: 1869 թվականին ուներ 36 սովորող, 1 ուսուցիչ[9]:

Գերեզմանատուն. Գյուղի հյուսիս-արևմտյան եզրին տարածվում է գերեզմանոցը, որտեղ ի թիվս այլ տապանաքարերի, պահպանվում է նաև ծխատեր քահանա Տեր-Իսահակի շիրմաքարը[10]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին, մասնավորապես 1930-ական թվականներին, եկեղեցին փակվում և վերածվում հացահատիկի պահեստի: Հետխորհրդային տարիներին՝ 1990-ական թվականներին, համագյուղացի Շահեն Մարտիրոսյանի ջանքերով նախաձեռնվում են եկեղեցու մաքրման և բարեկարգման աշխատանքները: Հետագայում ռուսաստանաբնակ նախկին զակեցի Մնացական, Լևոն և Աշոտ Գասպարյան եղբայրների նյութական աջակցությամբ հիմնանորոգվում է Սուրբ Մինաս եկեղեցին և օրհնվում Շմավոն քհն. Սաղոյանի կողմից:

Եկեղեցու բակում զետեղված են Գասպարյան եղբայրների կողմից տեղադրված խաչքարեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների և Հայոց Վերածննդի:

Սուրբ Մինաս եկեղեցու բակում են գտնվում եկեղեցու հիմնադիր քահանայի և նրա որդու՝ Տեր Մակար և Տեր Հակոբ քհն. Կարապետյանների տապանաքարերը[11]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-իշրջ.:

[3]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[4]ՀԱԱ, ֆ. 56, ց. 18, գ. 289, թ. 2 ևշրջ.:

[5]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 8949, թ. 7 ևշրջ.:

[6]ՀԱԱ, ֆ. 35, ց.1, գ. 682, թթ. 8-9:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույնտեղում:

[9]ՀԱԱ, ֆ 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[10]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 173:

[11]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

  • Hits: 805

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։