ԳԱՆՁԱ - ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

4ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1850 ԹՎԱԿԱՆԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 22 կմ հարավ-արևելք գտնվող Գանձա գյուղի ներկայիս գործող գմբեթավոր, քարաշեն Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1859 թվականին[1]: Այն հիմնադրվել է տեղի հասարակության միջոցներով՝ Գրիգոր քահանայի (Վահան Տերյանի պապը) ղեկավարությամբ: Ժամանակակիցը եկեղեցու հետ կապված տվել է հետևյալ նկարագրությունը. «...ունի մի փառաւոր եկեղեցի, սրբատաշ քարով և թաղակապ, չորս սիւների վերայ. այդ եկեղեցին պարծանք կարող է բերել մինչև անգամ շատ քաղաքների. շինուած ժողովրդի տուրքով և հանգուցեալ Գրիգոր քահանայի օժանդակութեամբ և հոգատարութեամբ»[2]: Սուրբ Կարապետ եկեղեցու շինարարության վրա ծախսվել է մոտ 15.000 ռուբլի[3]:

Սբ. Կարապետ Եկեղեցին մշտապես գործող է եղել՝ պարբերաբար ենթարկվելով մասնակի վերանորոգությունների: Այսօր էլ այն 1 Gandza  Surb Karapetգործում և ծառայում է համայնքի հոգևոր կարիքներին: Եկեղեցին վերաօծված չէ և Սբ Պատարագն անցկացվում է Վեմ քարով:

Գանձա գյուղում Սուրբ Կարապետ եկեղեցուց բացի կան նաև 12-14-րդ դդ. երկու թաղածածկ եկեղեցիներ՝ Վերին և Ներքին անուններով: Վերջիններս կառուցված են բյուզանդական ծիսակարգի առանձնահատկություններով: Սրանցից Վերինը (արտաքին չափսերն են 10,54 x 6,86 մ) հյուսիսից ունի առանձին մուտքով մի փոքրիկ կից սրահ, մեկ մուտք՝ հարավային ճակատից և վրաց մեսրոպատառ արձանագրություններ: Գանձայից հարավ-արևելք կա նաև եկեղեցու ավերակներով «Մաղարա» անվամբ գյուղատեղի[4]:

Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Ս. Հովհաննես լեռան գագաթին, ծ. մ. 2327 մ բարձրության վրա գտնվում է միջնադարյան համանուն միանավ եկեղեցին (արտաքին չափսերն են 6,83 x 4,45 մ): Վերջինս կանգուն է: Կառուցված է համակ սրբատաշ քարից՝ հիմնված երկաստիճան գետնախարսխի վրա: Եկեղեցին այսօր ուխտատեղի է հավատավոր ժողովրդի համար: Նրանք գալիս են այստեղ յուրաքանչյուր տարվա հունիսի 24-ին[5]:2 Gandza Surb Karapet

Ճարտարապետություն․ Սուրբ Կարապետ եկեղեցին ճարտարապետական առումով գմբեթավոր, քարաշեն կառույց է: Արտաքին չափսերն են 19,10 x 12,73 մ: Կառուցված է սրբատաշ քարով: Հենվում է չորս սյուների վրա[6]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Գանձա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Տեր-Զաքար Միքայելյանը[7], Գրիգոր քհն. Տեր-Ղազարյանը[8], Սուքիաս քհն. Տեր-Գրիգորյանը[9], Արիստակես քհն. Հովհաննիսյանը[10]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:

Դպրոց. Գանձա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին, տեղի հասարակության միջոցներով: Թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն` 3 Gandza Surb Karapet1869 թվականի դրությամբ այն ունեցել է 40 սովորող[11]: 1875 թվականի տեղեկագրում նշվում է, որ գյուղն ունի եկեղեցու գավթում տեղակայված նախակրթարան: Ուսուցիչ է հիշատակվում Մկրտիչ Դյուրկերյանցը[12]:

Եկեղեցու վերանորոգություն. Սուրբ Կարապետ եկեղեցին մշտապես գործող է եղել: Եկեղեցին պարբերաբար ենթարկվել է վերանորոգությունների: Վերջին վերանորոգչական աշխատանքներն իրականացվել են 2008-2009 թվականներին: Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ծախսերով, կատարվել է առաջին փուլի վերանորոգությունը, որի ընթացքում սալապատվել է հատակը, փակվել են ծածկի ճեղքերը, ներսից ծեփապատվել է, ներկվել, տեղադրվել է ջահ, որմնաջահեր, փոխվել են մուտքի և ներսի 3 դռները: 2015- 2016 թվականներին համագյուղացի բարեգործների միջոցներով (թվով 35 հոգի) վերանորոգվել և թիթեղապատվել է եկեղեցու տանիքը: Նույն խմբի միջոցներով հիմքից նորոգվել է նաև Մեծ Հայրենականում զոհված գանձացիների խարխլված հուշարձանը:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 137:

[2]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[3]«Նոր-Դար», 1902, N 47, էջ 3:

[4]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 138-140:

[5]Նույն տեղում, էջ 143:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 59-իշրջ.:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1110, թ. 2:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1117, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1133, թ. 3:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց.1, գ. 3977, թ. 54-ի շրջ.:

[12]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.:

  • Hits: 655

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։