ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ – ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ

2 didi gondura-surb hakobisՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 ԹՎԱԿԱՆԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Նինոծմինդայից 10 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Մեծ Գյոնդուրա գյուղի Սուրբ. Հակոբ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունն առկա է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-40-ական թվականների տեղեկագրում: Վերջինիս համաձայն եկեղեցու ծխականների թիվը տվյալ պահին կազմել է 256-ը[1]: 1860-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2]: 1869 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվում է մինչև օրս կանգուն քարաշեն նոր եկեղեցին, որի արևմտյան ճակատին պահպանվել է այդ հաստատող շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ եկեղեցին կառուցվել է հասարակության միջոցներով, Հակոբ քհն. Միքելյանցի ղեկավարությամբ[3]:

1905 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրում Մեծ Գյոնդուրա գյուղում հիշատակված է նաև Սուրբ Համբարձում անվամբ եկեղեցի, որի տարեկան եկամուտը կազմել է 37 ռ. արծաթով[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին բազիլիկ տիպի է` կառուցված մոխրագույն սրբատաշ բազալտից: Ընդհանուր չափսերն են 18,92x10,85 մ: Եկեղեցու ճակատային մասում զետեղված է կարմիր տուֆից խաչքար և փոքրիկ արձանագրություն։ Մուտքը բացված է եկեղեցու արևմտյան մասից, որը շրջապատված է ուղղանկյուն ժապավենով: Մուտքի դռան աջ և ձախ կողմերում կամարաձև խորշեր են: Եկեղեցու տանիքի վրա կառուցված է երկհարկանի զանգակատուն: Արևելյան մասում Սուրբ Խորանն է՝ աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատներով։1 Didi Gonduri Surb Hakob

Ծխատեր քահանաներ.Մեծ Գյոնդուրա գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանաներից է եղել Հակոբ քհն. Միքայելյանցը[5]: Քահանայագործել է 1860-80-ական թվականներին[6]:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն առկա է թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրում, համաձայն որի՝ այն հիմնադրվել է 1864 թվականին, տեղի հասարակության միջոցներով: Տվյալ պահին սովորողների թիվը կազմել է 49-ը[7]: 1875 թվականի տեղեկագրի տվյալներով, գյուղի նախակրթարանը գտնվել է Սուրբ Հակոբ եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Ալեքսանդր Պետրոսյանը[8]:

Եկեղեցու վերանորոգություն. 2010 թվականին վերանորոգվել է Սուրբ Հակոբ եկեղեցու տանիքը և թիթեղապատվել: Աշխատանքները կատարվել են գյուղի ռուսաստանաբնակ բարեգործ Մնացական Առաքելյանի միջոցներով: Ներքին հարդարման աշխատանքները շարունակվում են: Եկեղեցին դեռևս վերաօծված չէ, ուստի Սուրբ Պատարագը կատարվում է Վեմ քարով:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 373:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1173, թ. 2; գ. 1177, թ. 2; գ. 1201, թ. 3:

[6] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-ի շրջ.-54:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

  • Hits: 696

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։