ՓՈՔՐ ԱՐԱԳՅԱԼ - ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ

2 patara aragiali-surb stepanosis eklesia

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1862 ԹՎԱԿԱՆԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Նինոծմինդայից 8 կմ հյուսիս-արևելք գտնվող Փոքր Արագյալ գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու արևմտյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության[1] համաձայն՝ այն կառուցվել է 1862 թվականին: 1866 թվականի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրում եկեղեցին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց` 20 ծխերով[2]: 1885 թվականին `քարաշեն, փայտածածկ` 26 ծխերով[3]: 20-րդ դարի սկզբի դրությամբ՝ եկեղեցու տարեկան եկամուտը կազմել է 20 ռ. 30 կ. արծաթով[4]:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային կողմում գտնվում է գյուղի երկու գերեզմանոցներից մեկը:

Ճարտարապետություն. Քարաշեն, փայտածածկ կառույց է: Արտաքին չափսերն են 13,27 × 9,12մ: Արևմտյան ճակտոնի գագաթին ունեցել է փայտաշեն քառասյուն զանգակատուն[5]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Փոքր Արագյալ գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Գրիգոր քհն. Տեր-Գևորգյանը, Ստեփանոս քհն. Տեր-Ղազարյանը[6], Ղազարոս քհն. Տեր-Խաչատրյանցը[7]: Քահանայագործել են 1860-80-ական թվականներին:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն առկա է սկսած 1870-ական թվականներից: Մասնավորապես, թեմի դպրոցների 1875 թվականի տեղեկագրում նշվում է, որ գյուղն ունի մեկ նախակրթարան 15 սովորողներով: Ուսուցիչ է հիշատակվում Գևորգ Վարդանյանցը[8]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Հետխորհրդային տարիներից հետո Սուրբ Ստեփանոս եկեղեցին ևս վերանորոգության կարիք ուներ: Եկեղեցու վերանորոգման նախաձեռնությունը իր վրա է վերցնում փոքրարագյալցի բարեգործ Եզեկ Եզեկյանը: 2009 թվականին նրա միջոցներով վերանորոգվում է եկեղեցին և բարեկարգվում տարածքը: Եկեղեցին վերաօծվել է 2009 թվականին:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 525:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 112-ի շրջ.-113:

[5] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 792, թ. 2:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 794, թ. 2; գ. 809, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.-44:

  • Hits: 661

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։