ԱՇԽԱԼԱ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ

1 ashxala-surb minasis eklesiaՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 19-ՐԴ ԴԱՐԻ 30-40-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ:

Եկեղեցու հիմնադրումը. Աշխալան (Աշկալա) հայաբնակ գյուղ է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում: 1830-ական թվականներին ծխականները բարձրացնում են եկեղեցի ունենալու հարցը և եկեղեցական ժողովը որոշում է կայացնում նվիրատվությունների միջոցով կառուցել այն[1]։ Աշխալա գյուղի Սուրբ Մինաս եկեղեցու հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային փաստաթղթերում եկեղեցու անունը հիշատակվում է սկսած 19-րդ դարի 30-40-ական թվականներից: Դրանցում տրվում է եկեղեցու ծխականների թիվը և քահանայի ու դպիրների անունները: Մասնավորապես, 1840 թվականի դրությամբ ծխականների թիվը եղել է 770[2], քահանա է հիշատակվում Տեր Խաչատուր Հովհաննիսյանը, դպիրներ` Պետրոս Հարությունյանը, Գևորգ Պողոսյանը, Խաչատուր Հարությունյանը[3]:

Արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում նաև 1837-1840-ական թվականների դրությամբ եկեղեցու ունեցած շարժական և անշարժ կալվածքների մասին: Եկեղեցական իրերից զատ այն իր չորս կողմերից ունեցել է նաև դատարկ հողատարածքներ[4]:

1860-ական թվականներին եկեղեցին հիշատակվում է՝ որպես փայտաշեն[5], 1880-ական թվականներին` կոփածո քարով, փայտածածկ, առաստաղը նկարազարդ կառույց[6]:2 Tsalka Ashkala Surb Minasis Eklesia

Գյուղում բացի Սուրբ Մինաս եկեղեցուց պահապանվել են նաև մի քանի ուխտատեղիներ՝ Սուրբ Աստվածածին, Մուղնե, Սուրբ Աղբյուր[7]:

Ճարտարապետություն․Սուրբ Մինաս եկեղեցին բազիլիկ տիպի, քարաշեն կառույց է։ Ընդհանուր չափսերն են 17,25 x 10,2 մ:

Մուտքը արևմտյան կողմից է, որը հենված է քառահարկ փոքրիկ զանգակատանը։ Մուտքի անմիջապես վերևում կամարաձև գոտու մեջ զետեղված է խաչ։ Եկեղեցու ներսի սրահը բաժանված է չորս սյուների վրա հենված կամարաձև պատերի։ Եկեղեցու արևելյան մասում գտնվում է Սբ Խորանը՝ իր աջ և ձախ ավանդատներով[8]։

Ծխատեր քահանաներ.Աշխալա գյուղի Սուրբ Մինաս եկեղեցու քահանաներից են եղել Խաչատուր քհն. Հովհաննիսյանը[9], Հովսեփ քհն. Պողոսյանը[10], Հովսեփ քհն. Մազմանյանցը, Ղազար քհն. Սարգսյանը[11]: Քահանայագործել են 1840-1880-ական թվականներին:

Դպրոց. Աշխալա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացելու մասին որոշումը ընդունվել է 1907 թվականի հոկտեմբերի 8-ին, առաջնորդական փոխանորդ Սիոն վարդապետի նախագահությամբ տեղի ունեցած գյուղի ծխական ժողովում: Դպրոցը կառուցվելու և պահվելու էր տեղի հասարակության միջոցներով[12]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Սուրբ Մինաս եկեղեցին գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը։ Այդ ընթացքում եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, սակայն 1930 թվականին այն փակվել և վերածվել է պահեստի, այնուհետև՝ կինոսրահի։ Որոշ ժամանակ եկեղեցու շենքը ծառայել է որպես տարրական, ապա ութնամյա դպրոց, սակայն հետագայում կրկին վերածվել է պահեստի։ Եկեղեցու հիմնական վերականգնումը նախաձեռնվել է 20-րդ դարի 90-ական թվականներին գյուղի երիտասարդության և բարերարների կողմից, որից հետո այն վերաբացվել է: Սուրբ Մինաս եկեղեցին վերականգնվել է 1994 թվականին[13]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ա. Խ. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 307-308:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 56:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2589, թ. 121-ի շրջ.-122:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75

[6]«Արձագանք», 1885, N 3, էջ 40:

[7] Ա. Խ. Դավթյան, Տես՝ նույն տեղում:

[8] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 652, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 662, թ. 2:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 644, թ. 2; գ. 647, թ. 2; գ. 677, թ. 2:

[12]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 305, թթ. 2-4:

[13] Դ. Խաչատրյան, նույն տեղում, էջ 104:

  • Hits: 695

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։