ԱՂՔՅՈՐՓԻ – ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՏՈՒՌ

2 axqerppi-surb astvatsatsinis samlocveloՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ- 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Վրաստանի Քվեմո-Քարթլիի մարզի Մառնեուլից 60 կմ հեռավորությամբ գտնվող Աղքյորփի գյուղի հայկական երկու եկեղեցիների մասին տեղեկություններ են հաղորդում ինչպես արխիվային վավերագրերն, այնպես էլ ժամանակի մամուլը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերի հաղորդած տվյալների համաձայն` 1845-1846 թվականների դրությամբ գյուղն ունեցել է մեկ փայտաշեն ծխական եկեղեցի` Սուրբ Աստվածածին անվամբ, մեկ քահանա, ինչպես նաև մեկ գերեզմանատուն: Ծխականների թիվը նշվում է 135[1]: 1866-1867 թվականների տեղեկագրում հիշատակվում է երկու եկեղեցի, երկու քահանա[2]: 1857-1860 և 1911-1913 թվականների տեղեկագրերում գյուղի ծխական եկեղեցին հիշատակված է Սուրբ Գևորգ անվամբ[3]: 1912 թվականին Սուրբ Գևորգ եկեղեցին անմխիթար վիճակում էր, ուստի տեղի հասարակությունը սեփական միջոցներով նախաձեռնում է եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները[4]: Հիմնանորոգված եկեղեցին օծվում է 1913 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ[5]:

1884 թվականին «Արձագանք» թերթում տպագրված «Ճանապարհորդական հիշատակարան»-ում գյուղի ծխական եկեղեցին բնութագրվում է որպես` հասարակ, քարաշեն և մթին (եկեղեցու անունը չի նշվում): Հոդվածագիրն ավելացնում է նաև, որ գյուղից 3 վերստ հեռավորության վրա գտնվող անտառապատ ձորում կա մի փառավոր վանք, որի շենքը խաչաձև է, ունի չորս սյուներ, արտաքուստ կառուցված է սրբատաշ քարով, իսկ ներքուստ աղյուսակերտ է: Տաճարի դռների և լուսամուտների արտաքին շրջանակները զարդարված են նկարներով, իսկ առկա հայկական արձանագրությունները փորված են, ուստի վերծանելը դժվար է: Հոդվածից պարզ է դառնում նաև, որ 1884 թվականի դրությամբ տաճարը գտնվել է իշխան Իվան Մելիքովի կալվածքում: Տաճարի հյուսիսային կողմում եղել են նաև երկու մատուռների ավերակներ[6]:

Ճարտարապետությունը: Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռը փոքր չափերի աղոթատուն է` կառուցված խճաքարերով և աղյուսով: Անկյուններում օգտագործվել են տաշած քարեր: Աղյուս 1 Marneuli Axqerpi Surb Astvatsatsinկիրառվել է հարավային պատուհանի, արևմտյան ճակատի դռան և նույն ճակատամասի վերին շարքերում: Ընդհանուր չափսերն են 9,0x5,5 մ: Մուտքը արևմտյան կողմից է: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով (փայտյա տանիքը 2005 թվականին վերանորոգվել է Աղքյորփի գյուղի ծնունդ, ներկայումս Անգլիայում բնակվող Անահիտ Ավագյանի միջոցներով): Ներսում պատերը սվաղած են և սպիտակեցված: Խորանը արևելյան մասում է: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը, որի վերևում հայերեն արձանագրություն է արված. «ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ ՇԻՆՎԷՑԱՒ ԶԱՅՍ ԽՈՐԱՆՍ ՄՕՍԷՍ ԱԹԱԲԷԳԵԱՆՑՍ»: Արևելյան պատին բացված է ուղղանկյունաձև մեկ պատուհան, ևս մեկը` հարավային պատին: Մատուռի մուտքի մոտ արձանագրություններով երկու տապանաքար կա. «Մոսես Աթաբեգյանցի և նրա տիկնոջ՝ Մարիամ Սիմոնյան-Աթաբեգյանցի»[7]:

Ծխատեր քահանաներ. Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդում պահպանվել են Աղքյորփի գյուղի ինչպես Սուրբ Աստվածածին, այնպես էլ Սուրբ Գևորգ կոչված եկեղեցիների չափաբերական մատյանները: Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Մկրտիչ քհն. Տեր-Վարդանյանը[8], Գրիգոր քհն. Միսկարյանցը[9]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես շատ ու շատ այլ եկեղեցիներ, փակվում և վերածվում է պահեստի: Գյուղի բնակիչների խնամքի և նախանձախնդրության շնորհիվ եկեղեցին կանգուն է մնում։ Հետագայում ժողովրդի կողմից եկեղեցին նորոգվում և իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի առջև: Մասնակի վերանորգվել է նաև 2005 թվականին և օրհնվել տեղի հոգևոր սպասավորների կողմից։

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 43-ի շրջ.-44:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 84:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 21-ի շրջ.-22; ֆ. 56, ց. 16, գ. 475, թ. 409-ի շրջ.-410:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3449, թթ. 1-3 և շրջ.:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3440, թ. 4:

[6]«Արձագանք», 1884, N 42, էջ 613:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 453, թ. 1-ի շրջ.-2; գ. 458, թ. 1-ի շրջ.-2; գ. 464, թ. 1-ի շրջ.-2

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 480, թ. 1-ի շրջ.-2:

  • Hits: 756

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։